Սաթի Սպիվակովան Երևանում է «Սիրո մետաֆիզիկան» ներկայացմամբ

Սեպտեմբերի 19-ին Մհեր Մկրտչյանի թատրոնը ներկայացրեց «Սիրո մետաֆիզիկան»՝ Տուրգենևի և Պաուլին Վիարդոյի մասին պիեսը։ Ամբողջ հասույթը փոխանցվելու է «Ժպիտների քաղաք» հիմնադրամին, որն օգնում է քաղցկեղով և արյունաբանական հիվանդություններով տառապող երեխաներին։ Ներկայացման առթիվ Հայաստանում են դերասաններ Սաթի Սպիվակովան և Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վլադիմիր Կոշևոյը: Մինչ ներկայացումը կայացած մամուլի ասուլիսին դերասաններին միացավ նաև հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։

Sati Spivakova 4

«Արդեն 6 տարի է` ես և դերասան Վլադիմիր Կոշևոյն այս ներկայացումը գրեթե 70 անգամ խաղացել ենք տարբեր բեմերում։ Ես շատ էի ուզում ներկայացման կյանքը դադարեցնելուց առաջ այն խաղալ Երևանում։ Սովորաբար արտիստները շատ դժվար են հրաժեշտ տալիս ներկայացմանը, բայց դա, իհարկե, անխուսափելի է, քանի որ Մոսկվայի «Ազգերի թատրոնը» մի շարք պրեմիերաներ ունի»,- ասաց դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան։

Sati Spivakova 3

Այսպիսի նախաձեռնությունը Սպիվակովայի համար առաջինը չէ: Հանդիսատեսը կհիշի դերասանուհու և Ազգերի թատրոնի նախորդ տարվա փորձառությունը,  որտեղից էլ սկսվեց  համագործակցությունը հիմնադրամի հետ: Սպիվակովան այժմ «Ժպիտների քաղաք»-ի բարի կամքի դեսպան է:

«Նույնիսկ իմ ամուսինն ունի իր սեփական հիմնադրամը, որն ավելի քան երեսուն տարեկան է, բայց ես երբեք ներգրավված չեմ եղել դրա գործերում: Բայց երբ տեսնում ես երեխաների աչքերը, լսում ես բժիշկներին և հասկանում, որ ոմանք արդեն ապաքինվել են, իսկ մյուսները դեռ պայքարում են նրանց համար, քո ներսում ամեն ինչ փոխվում է: Այդ ժամանակ ես ասացի՝ «Էսթեր, ես քեզ հետ եմ»»,- ասաց Սպիվակովան:

Sati Spivakova 2

Հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան բարեգործական նախաձեռնության շրջանակում Երևանում կներկայացնի «Սիրո մետաֆիզիկա» ներկայացումը: «Սիրո մետաֆիզիկան» հիմնված է Սերգեյ Սոլովյովի սցենարի վրա և նվիրված է Իվան Տուրգենևի ու Պոլինա Վիարդոյի բարդ հարաբերություններին: Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վլադիմիր Կոշևոյն էլ ասում է, որ իր համար դժվար է խոսել ներկայացման մասին: Այն պետք է տեսնել բեմում ու զգալ 40 տարվա սիրո ողջ խորությունը։

«Ես շատ ուրախ եմ Երևան հյուր գալու համար: Առաջին իսկ պահից ես ընկղմվեցի հյուրընկալության և հրաշալի մթնոլորտի մեջ: Ես սիրում եմ այս ներկայացումը, և, իհարկե, տխուր է նրան հրաժեշտ տալը, բայց հույս ունեմ, որ Երևան կգամ մեկ այլ նախագծով»,- ասաց Կոշևոյը:

Sati Spivakova 5

Ինչպես արդեն նշեցինք, ներկայացումը կազմակերպվում է բարեգործական հիմունքներով:  «Ժպիտների քաղաք» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանն ասում է՝ բարեգործությունը սրտի և հոգու ցանկություն է: Գումարը կարևոր չէ. կարևորը օգնելու մղումն է:

«Մենք բարի կամքի դեսպաններ ենք, մենք մեր երեխաների կողքին ենք, ուստի հասկանում ենք, որ քաղցկեղը բարդ հիվանդություն է, որը պահանջում է հսկայական ներդրումներ: Մեկ հովանավորը չի կարող հաղթահարել այն: Մեզ համար կարևոր է շրջապատված լինել Սաթիի նման հոգատար մարդկանցով, ովքեր մեզ ուժ են տալիս և իրենց օրինակով ոգեշնչում են ուրիշներին: Հիմնադրամն ամեն օր բախվում է ոչ միայն ֆինանսական դժվարությունների, այլև ընտանիքներին հուզական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության հետ: Հաճախ բարեգործությունը նշանակում է ուրախություն պարգևել այն երեխային, որին դուք նույնիսկ չեք ճանաչում: Երբեմն դա կարճ հանդիպում է, փոքրիկ նվեր կամ հիվանդանոցում տոնակատարություն, բայց ծնողների համար դա նշան է, որ նրանք միայնակ չեն»,- ամփոփում է Է. Դեմիրճյանը:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 157

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: