• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը կշարունակի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ

«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը կշարունակի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ

Հուլիսի 13-ին տրվեց 22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկնարկը: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս երևանյան միջազգային կինոփառատոնը շարունակում է ակտիվ համագործակցությունը գործընկեր կազակերպությունների հետ, արդյունքում ցուցադրվում են համաշխարհային կինոյի լավագույն նմուշները, հրատարակվում է օրաթերթ, որում տեղ են գտնում հետաքրքիր վերլուծություններ ցուցադրվող ֆիլմերի, հյուրերի մասին։

«Ոսկե ծիրան»-ը համագործակցում է ՀՀ-ում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ: Ահա օրինակ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ փառատոնը հայ հանդիսատեսին կներկայացնի ֆրանսիական կինոյի հարուստ ծրագիրը: Ավանդական Ֆրանսիական կինոյի օրվա շրջանակներում կկայանա ռեժիսոր Անն-Սոֆի Բայիի «Իմ ամեն ինչ» ֆիլմի պրեմիերան։ Ֆրանսիական ծրագրում կներկայացվեն նաև Բեռլինի և Կաննի կինոփառատոների մրցութային Լյուսիլ Հաջիհալիլովիչի «Սառցե աշտարակը», Օլիվեր Լաշի Կոռոյի «Սիրատ», Սեփիդե Ֆարսիի «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր», Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» և մի շարք այլ ֆիլմեր։ Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ Հայաստան կժամանի անվանի կինոռեժիսոր, Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր Աբդեռահման Սիսակոն, որը կգլխավորի կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրին։ Կներկայացվի Աբդեռահման Սիսակոյի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Փառատոնի հյուրն է լինելու նաև ֆրանսիացի աշխարհահռչակ լուսանկարիչ և ռեժիսոր, արգելքների և սևեռումների խոշորագույն հետազոտող և սադրիչ Անտուան դ'Ագատան։

Ինչպես հայտնեց Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը՝ ֆիլմերից մի քանիսը բացառապես ֆրանսիական են, մի քանիսն էլ՝ համատեղ արտադրության։
«Համարտադրությամբ ֆիլմերից ուշագրավ է ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» վավերագրական կինոնկարը։ Թամարան երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում։ Նա մեզ հետ համագործակցել է «Եվրասիա Doc» ծրագրի շրջանակում։ Թամարայի ֆիլմերի հաջողությունները նաև այդ ծրագրի հաջողության խոսուն վկայությունն են։ Ծրագրի շրջանակում հայ կինոգործիչները հնարավորություն են ունենում մասնակցելու սցենարների, ռեժիսուրայի և այլ աշխատարանների։ Ինչպես Թամարան, այնպես էլ այլ հայ կինոռեժիսորներ, որոնց մեջ գերակշռում են կանայք, այդ ծրագրի միջոցով կարողանում են իրականություն դարձնել կինոյի հետ կապված իրենց նախաձեռնությունները»,- ասաց Տյուրսը:

«Ոսկե ծիրան»-ի համահիմնադիր Սուսաննա Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝

«Ամեն տարի փառատոնին նոր գործընկերներ են միանում։ Ունենք գործընկերներ, որոնց հետ համագործակցությունն ավանդական է դարձել, օրինակ՝ Ֆրանսիայի դեսպանությունը, Ֆրանսիական և Գյոթե ինստիտուտները։ Ունենք ավանդական դարձած գերմանական, ֆրանսիական ֆիլմերի ծրագրեր։ Մի քանի տարի է՝ մեր կողքին է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանությունը, որի աջակցությամբ լույս է տեսնում մեր օրաթերթը։ Օրաթերթը հիմնել է հայտնի հոլանդացի կինոքննադատ Պիտեր վան Բյուրենը, նրա սաները շարունակում են օրաթերթի թողարկումը, որը փառատոնի այցեքարտերից է»:

Փառատոնի կարևորագույն և անբաժան մասն է նաև GAIFF Pro  հարթակը, այն անցկացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունում: Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ այս տարի յուրատեսակ մեծ ծրագրով ներկայացվելու են ընտրված նախագծերը։ Անցկացվելու են փիթչինգներ, կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի մրցույթ։ Ներկա կլինեն միջազգային պրոդյուսերներ, վաճառքի գործակալներ, նախագծերի զարգացման մասնագետներ, որոնք կաշխատեն ոչ միայն հայկական, այլև տարածաշրջանային նախագծերի հետ, քանի որ GAIFF Pro հարթակը Արևմտյան Ասիայի տարածաշրջանի համար է։ Կան մասնակիցներ Վրաստանից, Իրանից, Լիբանանից և այլն»: GAIFF համարտադրության հարթակի միջոցառումները տեղի կունենա հուլիսի 14-18-ը կինոփառատոնին զուգահեռ: Արտադրական հարթակը գործում է ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ։ Փառատոնային ավանդական և սիրված վարպետության դաս-հանդիպումները տեղի կունենան «Ոսկե ծիրան»-ի գործընկեր ՀԲԸՄ Հայաստանում և Կինոյի տանը:

Երևանում Գյոթե ինստիտուտ Հայաստանի հետ էլ համատեղ կիրականացվի «Արտադրված է Գերմանիայում» նույնպես ավանդական ծրագիրը։ Կցուցադրվեն Քրիստիան Փեցոլդի «Հայելիներ համար 3», Բասսամ Մորտադայի «Աբո Զաաբալ 89», Սերգեյ Լոզնիցայի «Երկու դատախազ», Կատյա Ֆեդուլովայի «Գոռ․ փախստական Լեռնային Ղարաբաղից» ֆիլմերը։ Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի՝ «Ծիրանի կորիզ»-ի մենթորը կլինի գերմանացի ռեժիսոր Ֆրեդ Կելեմենը, որը նաև վարպետության դաս կանցկացնի երիտասարդ ռեժիսորների հետ։ Գյոթե ինստիտուտի մշակութային ծրագրերի համակարգող Մարիամ Գուրզադյանի խոսքով՝ այս տարի գերմանական ֆիլմերի ծրագիրը, որը կրում է «Արտադրված է Գերմանիայում» անվանումը, կմեկնարկի հուլիսի 15-ին Քրիստիան Պեցոլդի «Հայելիներ» ֆիլմով։

«Քսան տարի է, որ մենք փառատոնի կողքին ենք և փորձում ենք ընդգրկել համաշխարհային կինոարտադրության ամենահետաքրքիր ֆիլմերն ու մասնագետներին: Գերմանական ֆիլմերի ծրագիրը կտրվի մի ֆիլմով, որի համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնում։ Պեցոլդի գրեթե բոլոր ֆիլմերը տարիների ընթացքում ցուցադրվել են «Ոսկե ծիրան»-ին: «Հայելիները» նրա եռագրության վերջին մասն է։ Եռագրությունը նվիրված է բնությանը։ Ռեժիսորն ասել է, որ կինոնկարները այն մարդկանց մասին են, որոնք կրկին սովորում են լսել, տեսնել և զգալ»,- ասաց Մարիամ Գուրզադյանը։

22-րդ «Ոսկե ծիրան»-ի կողքին է նաև Բելգիայի Թագավորության դեսպանությունը։ Դեսպանատան աջակցությամբ ցուցադրվելու է փառատոնի նախորդ տարիների հատուկ հյուրերից՝ «Փարաջանովյան թալեր»-ի մրցանակակիրներ Դարդեն եղբայրների նոր՝ Կաննի լավագույն սցենար մրցանակի արժանացած «Երիտասարդ մայրեր» ֆիլմը։

Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը, ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս կաջակցի փառատոնային օրաթերթի լույսընծայմանը։ Դեսպանությունը փառատոնին աջակցում է 2021 թվականից։ ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը նշեց, որ փառատոնի կազմակերպումը մեծ իրադարձություն է, իսկ ցուցադրվող ֆիլմերի շուրջ ծավալվող քննարկումները մեծացնում են կինոարվեստի նկատմամբ հետաքրքրությունը։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 107

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: