Եղիշե Չարենցի տուն-թանգարանի 50-ամյակը նշվեց բացառիկ երաժշտական երեկոյով

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրման 50-ամյակի առթիվ բացառիկ երաժշտական երեկո էր կազմակերպել: Տոնական երեկոյի գլխավոր անակնկալը ժամանակակից դասական կիթառի ամենանշանավոր դուետներից մեկի՝ Eden-Stell Guitar Duo-ի ներկայանալն էր, որը հանդիսատեսի դատին հանձնեց նոր CD ալբոմը։
Eden Stell Guitar Duo դուետի նոր ձայնասկավառակը ոգեշնչված է հայկական երաժշտությամբ և պոեզիայով, մասնավորապես՝ Եղիշե Չարենցի ստեղծագործություններով։ Երեկոյի ընթացքում հյուրերը ծանոթացան տուն-թանգարանի հիմնադրման պատմությանն ու անցած ճանապարհին, ժամանակավոր ցուցադրությանը, իսկ օրվա տոնական մթնոլորտը ամբողջացավ բրիտանական դուետի կենդանի կատարումներով։
«Շատ ուրախալի է, որ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի բացման հոբելյանը նշանավորվում է նաև այսօրինակ միջոցառմամբ, որի առանցքում համագործակցության շարունակականության ապահովումն է թանգարանի և միջազգային տարբեր հարթակների միջև: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ներկաներին՝ խորհրդանշական օրը մշակութային հիշողությունները միասին վերապրելու համար»,- ասաց թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը։
Համարվելով աշխարհի առաջատար կիթառային անսամբլներից մեկը՝ դուետը սիրում է հանդես գալ բազմաթիվ երաժշտական ոճերով, որը նրանց դարձնում է անընդհատ զարգացող համույթ՝ յուրահատուկ ստեղծագործական ոճով։ Դուետը ելույթ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում և երաժշտական փառատոներում, այդ թվում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Ռումինիայում, Թուրքիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Հարավային և Կենտրոնական Ամերիկայում և Ավստրալիայում, ինչպես նաև բազմաթիվ ռադիո և հեռուստատեսային ելույթներ է ունեցել ITV-ով, BBC-ով, ինչպես նաև եվրոպական և հյուսիսամերիկյան հեռուստաընկերություններով։ Eden Stell Guitar Duo-ն վերջին մի քանի տարիների ընթացքում դարձել է ամենահայտնի կիթառային անսամբլներից մեկը, ինչպես նաև իրենց դեբյուտային «Սեր, կախարդը» ձայնասկավառակի համար բարձր գնահատականների արժանացել։ Դուետի անդամները նաև VIDA Guitar Quartet-ի հիմնադիր անդամներն են, որն այժմ համարվում է աշխարհի ամենահայտնի դասական կիթառային քառյակներից մեկը։
Միջոցառման ընթացքում հնչեցին Սարաջյանի, Սթելի և Բաբաջանյանի ստեղծագործությունները: Նախաձեռնությունն իրագործվեց "Play 2 Festival" փառատոնի շրջանակում։ Իսկ այս ձայնասկավառակը ոչ միայն առաջին դասական կիթառային դուետային ալբոմն է օտարերկրյա արտիստների կողմից, որը հիմնված է հայկական երաժշտության ու պոեզիայի վրա, այլև կարևոր քայլ է դեպի Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային տարածում։
Հիշեցնենք, որ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964 թվականին Երևանի այն բնակարանում, որտեղ 1935-1937 թվականներին ապրել է Չարենցը։ Տուն-թանգարանը ամփոփում է Չարենցի գործունեության՝ գրական-մշակութային, հասարակական-քաղաքական առնչությունների վերաբերյալ արժեքավոր նյութեր, կյանքի, կենցաղավարության մի շարք դրվագներ: Հետաքրքիր է, որ թանգարանի հիմնադրման որոշումը տրվել է 1964 թվականի փետրվարի 8-ին՝ ՀՍՍՀ նախարարների խորհրդի կողմից, սակայն դրան հաջորդել են շուրջ տասը տարվա հավաքչական աշխատանքները և արդեն 1975 թվականի հունվարի 10-ին կայացել է թանգարանի բացումը։ 1987 թվականին էլ Եղիշե Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվել է մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվել է: Այսօր ևս թանգարանը Երևանի կարևորագույն մշակութային օջախներից է, որը մշտապես ընդունում է բազմաթիվ հյուրերի, հանդես գալիս տարբեր նախաձեռնություններով և նաև կազմակերպում կարևոր կրթական ծրագրեր երեխաների համար:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 94