Մեկնարկում է «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը։ Այս առիթով Կինոյի տանը տեղի ունեցած կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսվեց փառատոնային ծրագրերի, ֆիլմերի, պատվավոր հյուրերի, ժյուրիի կազմի, միջազգային համագործակցության և այլնի մասին։

«21-րդ կինոփառատոնը նույնպես լի է բազմաթիվ անակնկալներով ու կարևոր շեշտադրումներով: Ինչպես ցանկացած տարի, այս տարի ևս ունենք երկու կարևոր նպատակ՝ ամփոփել տարին և որոշակի կանխատեսում փոխանցել հաջորդ տարվա հետ կապված: Համոզմունք ունենք, որ կինոն որպես ամենամեծ, հավաքական, կոլեկտիվ արվեստներից մեկը նաև համախմբման միջոց է առնվազն երկու ժամով, էկրանի շուրջ և այդկերպ Հայաստանը կարող է կապվել աշխարհին»,-ասաց փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը: Նա հայտնեց, որ «Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:

Voske tsiran 2024 2

Փառատոնի շրջանակում այս տարի ևս կներկայացվեն  մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոններից (Կաննի, Բեռլինի և այլն): Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

«Կարևորում եմ Հայաստանում  այսպիսի փառատոն ունենալը, քանի որ մեզ համար ոչ միայն էական է, որ հայ արտիստները աշխարհում հանրահռչակեն հայ մշակույթը, այլև դրսի արվեստագետները  Հայաստան գան  և այստեղ ցուցադրվեն նրանց ֆիլմերը»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ հավելելով, որ փառատոնը կարևոր է հատկապես երիտասարդների համար, որովհետև նրանք  իրենց կողքին պիտի ունենան այսպիսի հեղինակավոր փառատոն, որպեսզի  գան մասնակցեն նշանավոր ռեժիսորների կողմից անցկացվող վարպետաց դասերին և միջազգային հեղինակավոր կինոփառատոններին մասնակցելն իրենց համար երազանք չմնա, դառնա «սովորական» երևույթ:

Voske tsiran 2024 3

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յապ Ֆրեդերիքսի կարծիքով՝ «Ոսկե ծիրանը» միայն փառատոն չէ, այն Հայաստանի մշակութային պատուհանն է դեպի աշխարհ: Այսկերպ աշխարհին ցույց է տրվում՝ ինչ է կատարվում Հայաստանում և հակառակը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ հայ հանդիսատեսը կվայելի ֆրանսիական նորագույն կինոյի ընտրանին։  Կներկայացվեն Բերտրան Բոնելլոյի «Գազանը», Դավիդ Բոարետոյի «Ապրիլը Ֆրանսիայում», Ալեքսի Պազումյանի «Սև այգի», Կատիա Կիրակոսյանի «Միսաք և Մելինե Մանուշյաններ» ֆիլմերը։ 

Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կցորդ Դավիդ Տյուրսի գնահատմամբ՝ փառատոնը հնարավորություն է տալիս երիտասարդ արվեստագետներին համաշխարհային մասշտաբով ճանաչում ձեռք բերել և իրենց համար մեծ պատիվ է  «Ոսկե ծիրան» կինոփառտոնի հետ աշխատելը:

Voske tsiran 2024 4

Նշենք, որ «Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին կնախագահի կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի, այդ թվում` 4 անգամ «Լավագույն ֆիլմ» և 3 անգամ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Փառատոնի շրջանակում կկայանա նրա հինգ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։

Կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն է կանադահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ Ատոմ Էգոյանը։ Բարձր գնահատանքի արժանացած նրա նոր կինոնկարը՝ «Յոթ քողը»,  կներկայացվի որպես «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմ: Այն կցուցադրվի նաև փառատոնի ընթացքում՝ որպես «Երեւանյան պրեմիերա»։

Փառատոնի  «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է հնդիկ-ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհը:

Կինոփառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քեւին Սփեյսին՝ ոչ միայն իր սերնդի, այլեւ շատերի համոզմամբ՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից մեկը։

Հատկանշական է, որ  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի չի ունենա բացման արարողության ավանդական կարմիր գորգը: Դրան կփոխարինեն արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 297

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: