Ժողովրդի մեծանուն զավակը․ Մհեր Մկրտչյանի թատրոնը նշում է դերասանի 93-ամյակը
Մհեր Մկրտչյանի ծննդյան օրը նրա անվան արտիստական թատրոնի կազմն ու ընկերները այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, սիրելի դերասանի հիշատակին ծաղիկներ խոնարհել։
Երեկ անվանի դերասանը կդառնար 93 տարեկան։
Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Մելքոնյանը cultural.am-ի հետ զրույցում ասում է՝ դերասանի ծննդյան օրը տոն է ոչ միայն թատրոնի, այլ ողջ ազգի համար։
«Այսպես ենք նշել մեծն արվեստագետի ծննդյան օրը․ հարգանքի տուրք ենք մատուցել նրա հիշատակին։ Պանթեոն էին եկել նրա ընկերները, թատրոնի դերասանական կազմը։ Մեծ պատիվ է աշխատել այն թատրոնում, որը հիմնել է Մհեր Մկրտչյանը»,- նշում է նա։
Պանթեոն այցից հետո անվանի դերասանի արտիստական թատրոնում տեղի է ունեցել Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացման պրեմիերան։ Հրավիրյալ հյուրերի ցանկում եղել են արտիստներ, թատրոնի և կինոյի դերասաններ, ռեժիսորներ և ոլորտի այլ անվանի ներկայացուցիչներ․ «Հրավիրել էինք կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, Խորեն Լևոնյանին, Միքայել Պողոսյանին և այլոց։ Ներկայացումից առաջ գինու համտես եղավ»։
Մելքոնյանի խոսքով՝ ներկայացումը պատահական ընտրված չէր, այն սիրո ու բարության մասին էր, որն էլ բնութագրում է Մհեր Մկրտչյանին։ «Սովորական հրաշք»-ի խորհուրդն այն է, որ հրաշքներ կյանքում լինում են ամեն օր, պարզապես ոչ միշտ են մարդիկ դա նկատում․ «Երբ դու բաց սրտով սիրում ես մեկին, հրաշքներ տեղի են ունենում։ Ներկայացման դերասանական կազմը Տաթև Հովակիմյանն է, Թելման Խաչատրյանը, Միլենա Ավանեսյանը, Գեորգի Հովակիմյանը»։
Այն Հայաստանում առաջին անգամ է բեմադրվել, իսկ թատրոնում հանդիսատեսին ներկայացվել է նաև հունիսի 12-ին՝ թատրոնի վերաբացման օրը։
Այժմ էլ Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոնում ներկայացումների պակաս չկա․ 1986թ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ջանքերով էր հիմնադրվել արտիստական թատրոնը: Ինքը՝ դերասանը, նշում էր. «Մեր աշխատանքը բնության հետ է, մարդկանց հույզերի, և այն մի կախարդական աշխարհ է»:
«Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց»,- ժամանակին գրել է Մկրտչյանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ երեկ դիմել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ առաջարկելով Երևանում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը։
Մերի Խաչատրյան
- Created on .
- Hits: 324