Քաղաքը, անհատները, թանգարանը. Անիի պեղումների հետքերով

Հարյուրամյակներ շարունակ արևելյան մի քաղաքի մասին գրվել են բազմաթիվ ձեռագիր գրքեր։ Այս քաղաքը հայտնի էր որպես պաշտամունքային նշանավոր կենտրոն։ Այդտեղ էին կենտրոնացված նաև ռազմական, հարկերի ու տուրքերի գանձման, շինարարական, դրամա-վաշխառուական գործառույթները, իջևանատները, ջրաղացները, արդյունագործական ձեռնարկությունները։ Բագրատունյաց արքունիքի նստավայր Անին հայտնի էր նաև իր մանրանկարչության դպրոցով։ Իսկ թագավորական արքունիքն ու կաթողիկոսարանն ունեին իրենց թանգարանները, որտեղ մեծ տեղ էին գրավել ձեռագրերը։

Anii pexumner 2

961-ին Հայաստանի մայրաքաղաք հռչակված Անին եղել է երկրի քաղաքական, մշակութային և հոգևոր կենտրոնը։ Արհեստների, առևտրի, եկեղեցիների պալատների, իջևանատների քաղաք էր Անին, նաև կարևոր խաչմերուկ՝ Արևելքի և Արևմուտքի միջև։ Անին նշանավոր է իր հարյուրավոր վիմական արձանագրություններով։ Արձանագրություններ, որոնց հետքերով ավելի քան քսան տարի շարժվում էին ժամանակի խոշոր հայագետները։ Անիի մասին տեղեկություններ են պահպանվել հայկական, վրացական, բյուզանդական, արաբական աղբյուրներում։ Ընդարձակ վկայություններ են թողել միջնադարյան հայ պատմիչներ Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ), Արիստակես Լաստիվերցին, Սամուել Անեցին, Մատթեոս Ուռհայեցին, Մխիթար Այրիվանեցին, Վարդան Բարձրբերդցին, Կիրակոս Գանձակեցին և ուրիշներ։

 Anii pexumner 4

Ն. Մառը, Հ. Օրբելին, Ա.Ք ալանթարը.

1904 թվականին Անիի ավերակներում պեղումներ սկսեց իրականացնել անվանի հայագետ Նիկողայոս Մառը, որի հայտնաբերած հնագիտական գտածոներով հետագայում թանգարան բացվեց: Մինչ այդ քաղաքը գրեթե չէր պեղվել։ Մառին հետաքրքրում էին ոչ միայն հին հայկական ձեռագրերը, այլև հնագիտական հուշարձաններն ու առաջին հերթին միջնադարյան մայրաքաղաք Անին: Մառը ձեռնարկել է Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքի պեղման աշխատանքները, որն ընդմիջումներով տևել է ավելի քան 25 տարի։

Anii pexumner 5

Ականավոր արևելագետ Նիկողայոս Մառի գլխավորած արշավախմբի կազմում էին նաև անվանի այլ հայագետներ՝ Հ. Օրբելին, Թ. Թորամանյանը, Ա. Քալանթարը, Ն. Ադոնցը և ուրիշներ: Պեղումների արդյունքում հայտնաբերվել է հսկայական նյութական և հոգևոր մշակույթային ժառանգություն։ Իսկ ահա կորստից փրկված Անիի հավաքածուն կարող եք այժմ տեսնել Հայաստանի պատմության թանգարանում։
Նիկողայոս Մառի քսանամյա պեղումները երևան բերեցին Անիի նյութական մշակույթի բազմաթիվ նյութեր, որոնք մեծ դեր խաղացին միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի ուսումնասիրության գործում։
Անիի տարածքում գտնված արձանագրությունները ևս կարևոր աղբյուր են միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմության ուսումնասիրության համար։ Արձանագրությունները 1906 թվականից հավաքել ու հետազոտել է անվանի արևելագետ, հայագեգ Հովսեփ Օրբելին։ Նրա հավաքած արձանագրությունները հրատարակվեցին 1966 թվականին, «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի պրակով, որի մեջ ընդգրկված են շուրջ 250 արձանագրություններ։ Մառի պեղումները հնարավորություն տվեցին պարզել քաղաքի ընդհանուր պատկերը, փողոցների համակարգը, ջրմուղի հիմնական ուղղությունները, բացվեցին հնագույն պարիսպները, հրապարակները, բնակելի թաղամասերը, հյուրատները, կործանված բազմաթիվ եկեղեցիներն ու մատուռները, մեծատունների շքեղ ապարանքների մնացորդները, արհեստավորների գործատները, հասարակ ժողովրդի հյուղակները և այլն։

Anii pexumner 6

1910 թվականին Նիկողայոս Մառը հարց բարձրացրեց Անիում գիտահետազոտական ինստիտուտ հիմնելու մասին գաղափարը, որը երկար պայքարից հետո հաջողությամբ լուծվեց 1917 թվականի ամռանը։ Ինստիտուտի նյութագիտական հիմք ստեղծելու նպատակով Մառը Պետրոգրադից Թիֆլիս ուղարկեց Անիի արխիվը՝ հնագիտական հաշվետվություններ, օրագրեր, լուսանկարներ։ Իսկ 1910-ականներին թուրքական զորքի քաղաք մտնելու պահին հնագետ Ա. Քալանթարը, մի քանի լոռեցի զինվորների հետ, Անիի թանգարանային առարկաների մի մասը կարողացավ փրկել։ Այժմ դրանք պահվում են Հայաստանի պատմության թանգարանում։

Պեղումների արդյունքում կատարված բացահայտումները.

1892 թվականին՝ Բախտաղեկի եկեղեցին,

1893 թվականին՝ Հոռոմ իշխանուհու տոհմական եկեղեցին,

1904 թվականին՝ քաղաքի չքավորական թաղամասերը և Անիի գլխավոր փողոցի մի մասը,
1905-06 թվականներին՝ զվարթնոցատիպ Գրիգոր Լուսավորիչ (Գագկաշեն) տաճարը,

1907-08 թվականին՝ միջնաբերդի պալատական շինությունները,

1909 թվականին՝ Առաքելոց եկեղեցու շրջակայքը,

1909-11 թվականներին՝ քաղաքի փողոցները։ 1910 թվականին ուսումնասիրվեցին «Սմբատաշեն» պարիսպները,

1913 թվականին պատճենահանվեցին որմնանկարները, 1914-17 թվականներին հետազոտվեցին քարայրերը, բնակելի տներ և այլ հուշարձաններ։

Anii pexumner 7

Անիի շուրջ վերջին բացահայտումները.

Հետաքրքիր է, որ օրինակ տարիներ առաջ, ըստ թուրքական «Հյուրիեթ Դեյլի Նյուզ»-ի՝ Անի քաղաքում հայտնաբերվել են ստորգետնյա գաղտնի կառույցներ։ Պատմաբան, հնագետ Սեզայ Յազըչիի խոսքով՝ հայտնաբերվել են ստորգետնյա ջրամատակարարման գաղտնի խողովակաշարեր, լայն միջանցքներ, խճճվող թունելներ, վանականների խցեր, աղոթասրահներ։ Նա հայտնել է, որ Անիի ավերակների տակ եկեղեցու գոյության մասին առաջինը հիշատակել է Գյուրջիևը, բայց տարիներ անց իտալացի հնագետների խումբը հաստատեց ստորգետնյա եկեղեցու գոյությունը: Իսկ մինչ Գյուրջիևը շատ ճանապարհորդներ նշել են, որ Անիում բնակչության զգալի մասը ապրել է քարանձավներում և քարե տներում:
Թունելների երկարությունը 500 մետրից ավելին է: Ստորգետնյա քարանձավների ու կառույցների մեծ մասը ծառայել է որպես բնակատեղի:

Հիշենք, որ Անիի ավերակները 2012 թվականին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ժամանակավոր ցանկում, իսկ 2016 թ․ հուլիսի 15-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 315

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: