«Քեզ համար, Շառլ». Բացառիկ ցուցահանդես` նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին

Այս տարի Հայաստանն ու աշխարհը տոնում են նշանավոր երաժիշտ Շառլ Ազնավուրի 100-ամյակը։ Լեգենդար շանսոնյեի 100-ամյակի առթիվ բազմաթիվ միջոցառումներ ակցկացվեցին, դրանցից մեկն էլ կայացավ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։ Նա ստեղծագործում և ապրում էր հավերժական մի պատգամով՝ «Քեզ համար, Հայաստան» ասելով և գործելով։ Իսկ այս անգամ հենց իրեն՝ Ազնավուրին են նվիրված ցուցահանդեսի ուղերձները։

Qez hamar Sharl 10

Qez hamar Sharl 11

Աշխարհահռչակ երգիչ ու կինոդերասան Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանին նվիրված «Քեզ համար, Շառլ» ժամանակավոր ցուցադրությունը ներկայացնում է շանսոնյեի կյանքին ու գործունեությանը վերաբերող շուրջ 250 ցուցանմուշներ։ Դրանք ներառում են հազվագյուտ լուսանկարներ, պարբերականներ, ձայնապնակներ, ինչպես նաև Ազնավուրի մասնակցությամբ նկարահանված կինոնկարների ազդագրերի եզակի նմուշներ։ Ցուցահանդեսի գաղափարակիցներն են Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։

Qez hamar Sharl 2

Qez hamar Sharl 3

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարանի տնօրեն Զարուհի Հայրապետյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, շանսոնյեի կյանքին առնչվող բացառիկ նմուշների հավաքորդներ, որոնք Փարիզից բերել էին մի շարք ցուցանմուշներ։

Qez hamar Sharl 12

Qez hamar Sharl 13

Ցուցադրության համակազմակերպիչ Ռալֆ Յիրիկյանը ևս դեռ մանկուց հիացել է Ազնավուր տաղանդով, մեծացել ազնավուրյան արվեստի շնչով։

«Շառլ Ազնավուրն այն արվեստագետն է, որը զգալի հետք է թողել համաշխարհային մշակույթի մեջ ու ստացել է մեծ ճանաչում ու սեր։ Բայց դրա հետ մեկտեղ նաև երբեք չի դադարել լինել հայ, հավատարիմ մնալ իր երկրին, իր ազգին, երբեք անմասն չի մնացել մեր ուրախություններին ու դժվարություններին։ Այսօր ես ուրախ եմ և հպարտ եմ, որ կարողացել եմ մասնակից դառնալ այսօրվա միջոցառմանը, որը ևս նվիրված է այդ մեծ հային, որը ներկայացնում է մեր հայկական ինքնությունը»,- ասաց պարոն Յիրիկյանը։

Qez hamar Sharl 4

Qez hamar Sharl 5

Հայկ Դեմոյանի ծննդյան օրը ևս համընկել է մեծ երաժշտի ծննդյան օրվա հետ։ Հիշում է, թե ինչպես էր մանկուց հիանում տաղանդավոր երաժշտի յուրատեսակ ոճով։ Իսկ որ ամենակարևորն  է՝ մեծ է Ազնավուր հայի ներդրումը Հայաստանի զարգացման և հայկական արժեքների պահպանման գործում։

Qez hamar Sharl 14

Qez hamar Sharl 15

«Շառլ Ազնավուրին, իրավամբ, կարելի է համարել 20-21-րդ դարերի մարդ-խորհրդանշան: Նրա արվեստը, երաժշտությունն ու ձայնը հիշողություններ ու ապրումներ ծնող մոգական ուժ ունեն: Միլիոնավոր մարդիկ հենց Շառլ Ազնավուրի ձայնով են վերապրում իրենց անցյալը, վերարժևորում ներկան… Ազնավուրի անցած ուղին մաքառումների ճանապարհ է, որի արդյունքում ձևավորվել է նրա անհատականությունը` միլիոնավոր մարդկանց համար թողնելով հսկայական մի ժառանգություն: Շառլ Ազնավուրը Ֆրանսիան ու Հայաստանը կամրջող խորհրդանիշ է, որի իմաստն ու խորությունը ապագա սերունդները դեռ երկար ժամանակ կգնահատեն ու կվերաիմաստավորեն»,- նշեց պարոն Դեմոյանը։

Qez hamar Sharl 6

Qez hamar Sharl 7

Ցուցահանդեսի հուզիչ նոտաները սկսվում են մանկությունն ու պատանեկությունը հավերժացնող կադրերով, որտեղ փոքրիկ Շառլն է քրոջ, ծնողների, հարազատների ուղեկցությամբ, այնուհետև բացվում է դեպի համաշխարհային մեծ բեմեր տանող բարդ ու փորձություններով առատ, բայց միաժամանակ շատ գեղեղիկ ուղին։

Շառլ Ազնավուրի արվեստի սիրահարների, նաև մայրաքաղաքի հյուրերի համար ցուցադրությունը բաց կլինի մինչև հուլիսի 22-ը։

Qez hamar Sharl 8

Qez hamar Sharl 9

Հետաքրքիր է, որ ցուցահանդեսը նաև խորհրդանշական նշանակություն ունի։ Ցուցադրության ավարտից հետո ողջ հավաքածուն նվիրաբերվելու է Երևանում գործող Շառլ Ազնավուրի թանգարանին՝ մշտական ու ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպելու նպատակով:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 324

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: