• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Հանրության դատին հանձնվեց «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» աշխատությունը

Հանրության դատին հանձնվեց «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» աշխատությունը

Հայաստանի պատմության թանգարանում օրեր առաջ տեղի ունեցավ The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone («Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը») գրքի անգլերեն տարբերակի շնորհանդեսը, հեղինակներ՝ Զոհրապ Ըռքոյան, Մհեր Քումունց։
Գիրքը հրատարակվել է «Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնում» 2023 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Artsaxi hushardznner 5

Գիրքը ներկայացնում է Քաշաթաղի շրջանի պատմամշակութային ժառանգությունը, հայ ժողովրդի պատմության էջերից մեկը, որը քիչ է բացահայտված։ Աշխատանքն իր տեսակով յուրահատուկ է, քանի որ ամրագրում է Հարավային Կովկասի վաղ միջնադարյան պատմության մեջ հայտնի տեղանունների ստուգաբանությունն ու պատմամշակութային ժառանգության առանձնահատկությունները։ Գիտահանրամատչելի, փաստագրական նյութերի հիմքի վրա ստեղծված աշխատությունը, ընդգրկում է Սյունիք-Արցախի պատմական շրջաններից մեկի՝ Քաշաթաղի նկարագիրը, նրա բազմադարյան հայկականությունը։

Հայաստանի Պատմության թանգարանի տնօրենի բնորոշմամբ՝ հուշարձանները մեր բոլորիս ընդհանուր ժառանգությունն են, մեր հիշողության ամենակարևոր փաստարկներն ու վավերագրերը։ Բոլորիս համար էլ խնդիրն այդ ժառանգությունը պահպանելն է ու սերունդներին փոխանցելն է։

Artsaxi hushardznner 2

«Հայաստանի Պատմության թանգարանում շատ ուրախ ենք այս կարևոր աշխատանքի շնորհանդեսը կազմակերպել։ Գիրք, որը ոչ միայն հուշարձանների պահպանման խնդիրն է դնում, այլև նաև վտանգված հուշարձանների փաստարկման վավերագրման և նաև աշխարհին այդ ամենը հասանելի դարձնելու խնդիրն է լուծում։ Հեղինակները՝ Մհեր Քոմունցը և Զոհրապ Ըռքոյանը սեղանին մի շատ կարևոր, արդիական աշխատանք են դնում Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության ու դրա փաստարկման վերաբերյալ։ Եվ նաև, ինչու ոչ, որոշակի առումով այդ գրքով այդ ժառանգությունը պահպանելու խնդիր են հետապնդում։ Մենք պետք է ոչ միայն հպարտանանք, որ այդպիսի ժառանգություն ունենք, այլ պետք է փորձենք ամեն կերպ պահպանել այն, հանրահռչակել և, ցավոք, նաև փրկել»,- նշեց Դավիթ Պողոսյանը։

Artsaxi hushardznner 3

Գիրքը հակադարձող է ադրբեջանական կեղծ թեզերին, թե այս տարածքը հայկական ժառանգություն չունի։ Համահեղինակ Մհեր Քոմունցը պատմում է, որ բոլոր լուսանկարներն արվել են Քաշաթաղի բնակիչների օգնությամբ և վկայությամբ։ Գրքում առկա հուշարձանները ներկայացրել են հստակ ստուգաբանությամբ, դրանցից քանիսի մասին էլ գիտական հետազոտություններ ու աշխատանքներ են տպագրել։

Artsaxi hushardznner 4

«Գիրքը ներկայացնում է պատմական Սյունիքի և Արցախի տարածքի ամբողջ բնապատկերը, որը մեր օրերում անվանում ենք Քաշաթաղ։ Այս անվանումը նոր չէ, այն հիշատակվում է հայ մատենագիտության մեջ, մասնավորապես Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է Սյունիքի պատմության մեջ։

Մենք հույս ունենք, որ Հայկական հարցը վերաբացվել է։ Հուսով ենք, որ Հայկական հարցին օգտակար կլինի այս գիրքը։ Մեծ ցանկություն կար, պարտքի նման ինչ-որ բան տալ Արցախին, և այն կարծես մեր նպատակը, ոգու ճիչը լիներ։ Գիրքը ներկայացնում է Քաշաթաղի շրջանի բոլոր հուշարձանները»,- հավելեց Մհեր Քոմունցը։

Artsaxi hushardznner 6

Համահեղինակ Զոհրապ Ըռքոյանի խոսքով՝ տարածքը թանգարան է բաց երկնքի տակ։ Եկեղեցիներ, ավերակներ, մատուռներ, խաչքարեր, տապանաքարեր հազարավոր, ինչեր ասես չես գտնի։

«Մեր նպատակը շատ կարևոր է, հենց տպագրել անգլերեն լեզվով, որ ավելի շատ օտարազգիները ճանաչեն, իմանան, թե որն է Քաշաթաղը, որն է Արցախը։
Առաջին անգամ, երբ տեսա Քաշաթաղի շրջանի հուշարձանները, 1993 թվականի այս օրերն էին, ես տեսա Սուրբ Ստեփանոս եկեղեցին, տեսա հայկական տապանաքարերի, խաչքարերի բեկորները։ Այդ ժամանակ մեր առաքելությունը լրիվ այլ էր՝ երկիրն ազատագրելն էր։ Իսկ երբ արդեն բնակվում էինք այնտեղ, և ես աշխատում էի կրթական համակարգում, առիթներ շատ ունեցա լինել տարածքում ու լուսանկարել հուշարձանները»,- եզրափակեց բանախոսը։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 212

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: