«Ասոնանս» անսամբլը «Խաչմերուկներ» միջազգային փառատոնին կկատարի բացառապես հայ կոմպոզիտորների գործեր

Ապրիլի 29-ից մայիսի 16-ը Երևանում և Դիլիջանում կանցկացվի «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» ժամանակակից դասական երաժշտության միջազգային ամենամյա փառատոնը, որը կազմակերպվում է «Քառորդ տոն» մշակութային ՀԿ-ի կողմից։

7-րդ անգամ կազմակերպվող փառատոնը կրում է «Հայկական խճանկար» խորագիրը։ Այս տարվա արտիստներից են Անդրիուս Հարությունյանը, Գաշիա Ուզունյանը, Հայկ Մելիքյանը, նաև՝ «Ասոնանս» անսամբլը, Երևանի պետական կոնսերվատորիայի «Բումերանգ» անսամբլը և Երևան լարային քառյակը։

«Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որտեղ ներառվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր և նշանակալից գործեր։ Դրանց զգալի մասն առաջին անգամ է կատարվում, այսինքն՝ փառատոնը բեմ է հանդիսանում դրանց հայաստանյան և համաշխարհային պրեմիերաների համար։ 

Asonans 5

Փառատոնը նպատակ ունի ապահովելու համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում։ Փառատոնի ծրագիրն ամեն տարի հնարավորություն է ստեղծում հայ երաժշտասեր հասարակության համար՝ մշտապես տեղեկացված լինելու արդի ժամանակակից դասական երաժշտության զարգացումներին և միտումներին, ինչպես նաև նպաստում է նոր ստեղծագործությունների ստեղծմանը։

Այս տարի փառատոնի շրջանակներում կկազմակերպվի 5 համերգ՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստան դահլիճում, Դիլիջանի միջազգային դպրոցում և The Office-ում։

Փառատոնի մեկնարկը կտրվի ապրիլի 29-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում «Ասոնանս» անսամբլի ելույթով։ Կներկայացվի Արամ Հովհաննիսյանի, Ալիսիա Թերզյանի, Արթուր Ահարոնյանի, Արսեն Բաբաջանյանի, Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյանի, Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները։

Asonans 1

Անսամբլը ելույթ կունենա հետևյալ կազմով՝ ֆլեյտահար Նարեկ Ավագյան, ջութակահարներ Թերեզա Նաչարյան և Իվետա Կորկինա, կլառնետահար Արսեն Գրիգորյան, ալտահար Մերի Դոլմազյան, թավջութակահար Միքայել Նավասարդյան, դաշնակահարներ Անահիտ Դիլբարյան և Հռիփսիմե Աղաքարյան, վոկալ՝ Տաթևիկ Մովսիսյան։ Առաջին անգամ անսամբլը կղեկավարի Քավե Զյուլեն։

«Ասոնանս» անսամբլի տնօրեն, կոմպոզիտոր Ռուբեն Անտոնյանը Cultural.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև փառատոնը միջազգային է, բայց այս տարի որոշել են ավելի ուշադիր լինել հենց հայ երաժշտությանը, ներկայացնել հայ կոմպոզիտորների երաժշտություն, այդ պատճառով էլ փառատոնն այս տարի անցկացվում է «Հայկական խճանկար» խորագրով։

«Անսամբլի համերգը բացառություն չէ և ապրիլի 29-ին՝ բացման համերգին, հանդես է գալու բացառապես հայ երաժշտությամբ»,- նշեց նա։

Անսամբլը կատարելու է ոչ միայն հայաստանաբնակ, նաև արտասահմանում ապրող հայ կոմպոզիտորների՝ Ալիսիա Թերզյան, Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյան, ստեղծագործություններ։

«Ունենք հայ կոմպոզիտորներ, ովքեր թեև Հայաստանում չեն ծնվել, մեծացել, բայց, միևնույնն է՝ նրանց երաժշտության մեջ զգացվում է իրենց հայկական արմատները։ Նրանք արտերկրում մեծ հաջողությունների հասած կոմպոզիտորներ են, և մեր փառատոնն էլ լավ հնարավորություն է նրանց արվեստը Հայաստանում ներկայացնելու ու նրանց անունը Հայաստանում հնչեցնելու համար»,- ասաց նա։

Asonans 2

Համերգին կհնչեն տարբեր սերունդների կոմպոզիտորների ստեղծագործություններ։ 

«Մենք գնահատում ենք մարդուն իր պրոֆեսիոնալ, երաժշտական հնարավորություններով, հետևաբար այս պարագայում կապ չունի՝ ով որ սերնդի, տարիքի կոմպոզիտոր է»,-նշեց Ռ.Անտոնյանը։  

 «Ասոնանս» անսամբլը ձևավորվել է 2018 թվականին և կատարում է բացառապես ժամանակակից և դասական երաժշտություն։ Անսամբլի հիմնական առաքելությունը հայ հանդիսատեսին միջազգային երաժշտական ասպարեզի արդի զարգացումներին ծանոթացնելն է։

«««Ասոնանս» անսամբլի հիմնական նպատակն է ժամանակակից երաժշտության կատարումն ու տարածումը Հայաստանում։ Քանի որ Հայաստանում ժամանակակից երաժշտության անսամբլ գոյություն չուներ, խնդիր դրեցինք մեր առաջ՝ լավագույններին հավաքել մի տեղ, մի հետաքրքրության շուրջ բոլորս կենտրոնանանք ու ստեղծվեց անսամբլը։ 

Մենք գոհ ենք այս տարիների ընթացքում մեր գրանցած արդյունքներից։ Ամեն տարի զգում ենք դրական դինամիկա՝ հանդիսատեսի թվի աճ։ Սա ոգևորող է։ Բայց, իհարկե, չենք կարող ասել, որ դինամիկան գոհացնող է։ Կցանկանայինք ժամանակակից երաժշտության, փառատոնի շուրջ հետաքրքրվածությունն էլ ավելին լիներ, բայց տրամաբանական պատճառներ կան։ Նախ՝ երկար տարիներ նման բան չի եղել դաշտում, մարդկանց ժամանակ է պետք գալ, հասնել դրան՝ թե ընկալման, թե պատրաստվածության տեսանկյունից։ Բացի դրանից, առհասարակ, դասական երաժշտությունը մեծաքանակ ունկնդիր չի ունենում, եթե համեմատենք երաժշտական այլ ժանրերի հետ, իսկ եթե խոսում ենք ժամանակակից ակադեմիական երաժշտության մասին, ունկնդիրն էլ ավելի է քչանում, որովհետև երաժշտական լեզուն ավելի բարդ է ու այդ բարդությունը ոչ բոլորին է  անմիջապես հասանելի։ Չնայած հավատում եմ, որ բոլորին հասանելի է, ուղղակի ժամանակ է պետք։  Բայց քանի որ գործընթաց կա, դինամիկա կա, նշանակում է՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,- ասաց Ռ. Անտոնյանը։

Asonans 3

Արդեն երկու տարի «Ասոնանս» անսամբլին է վստահված Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի վերջին փուլ անցած գործերի կատարումը։ Անսամբլն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի տարվա ընթացքում համերգները հաճախակի լինեն, չսահմանափակվեն միայն փառատոնային ելույթներով։

«Մենք նաև մշակում ենք այլ երկներում ելույթ ունենալու ծրագիր։ Գուցե մյուս տարի Փարիզում հանդես գալու հնարավորություն ունենանք։ Նման առաջարկ կա, բայց շատ մանրամասներ չհայտնեմ։ Եթե լինի, դա մի նոր ճանապարհ կբացի անսամբլի համար»,- ասաց անսամբլի տնօրենը։

Ռուբեն Անտոնյանի գնահատմամբ, հայ երաժշտությունը միջազգային երաժշտության հետ համարժեք է քայլում. «Ճիշտ է՝ ոչ միշտ ու ոչ բոլոր ստեղծագործողների դեպքում, բայց մենք վստահ կարող ենք ասել, որ համաշխարհային տենդենցներից հետ չենք, մեզ մոտ էլ կա կոմպոզիտորական լավ կրթություն։ Բացի այդ, հիմա տարբեր ծրագրերի շրջանակում դրսում սովորելու լայն հնարավորություն կա, ինչը մեզ դարձնում է նաև ընդհանուր գործընթացների մաս»։

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 789

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: