Ֆրանկոֆոնիայի օրերը Իսահակյանի գրադարանի Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնում

Արդեն գեղեցիկ ավանդույթի վերածված Ֆրանկոֆոնիայի օրերը տարիներ շարունակ զարդարում են հայաստանյան կրթական, մշակութային կյանքը։ Ճանաչողական հանդիպում-քննարկումներից մինչև շնորհանդեսներ և ցուցահանդեսներ, ամենուր իշխում են ֆրանսիական մշակույթին ու արվեստին բնորոշ նուրբ ելևէջները։
Ֆրանկոֆոնիայի օրերն ուղղակի լավագույն նվերն են աշակերտների, երիտասարդների համար, որոնք ուզում են սուզվել ֆրանկոֆոն փոխակերպումների աշխարհ։ Այդպիսի մի գեղեցիկ հանդիպում էլ սպասվում էր Palette ART studio արվեստի դպրոցի սաներին։ Օրեր առաջ համադրող արվեստաբան Լուիզա Խաչումյանը, համաշխարհային գեղարվեստն ու մեղեդին միահյուսելով, աշակերտների համար ինտերակտիվ, հետաքրքրաշարժ հանդիպում էր պատրաստել։
Palette ART Studio-ի ավագ խմբի սաները հյուրընկալվել էին Իսահակյանի գրադարանի Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժին, որտեղ ջերմ մթնոլորտում նաև ծանոթացան գրադարանի աշխատկիցների, ինչպես նաև գրադարանի բաժիններից օգտվելու կարգին։

Frankofonia 2024 4

«Ֆրանսիայի մշակույթ» խորագրով դասախոսության ընթացքում քննարկվեցին ֆրանսիական մշակույթի պատվիրակներ Պ․ Սեզանի, Ֆ․ Միլլեի և Ֆ․ Մենդելսոնի ստեղծագործական առանձնահատկությունները։

Իսահակյանի գրադարանի Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնի աշխատակցուհի, օպերային երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը պատմում է, որ այսկերպ նպատակ է ունեցել լրացնել կրթական այն բացը, որը պետք է ամրապնդվի կրթություն-արվեստ համախմբմամբ։

«Ծրագրեր իրականացնելու ընթացքում հասկացա, որ պետք է անմիջապես ներգրավել ընկերներիս, որոնցից մեկն էլ հրաշալի արվեստաբան Լուիզա Խաչումյանն է։ Ցանկացա նրան ևս ներգրավել, քանզի նպատակն ինձ համար երեխաներին ևս ընդգրկելն է, հատկապես կրթական մակարդակի թուլացման պայմաններում։ Իմ նպատակը երեխաներին դպրոցից, դասերից դուրս արվեստին, մշակույթին ծանոթացնելն է։ Իսկ Լուիզան դա կատարեց արվեստի և երեխաների նկատմամբ ունեցած մեծ սիրով»,- ասաց Լիլիթ Հովհաննիսյանը։

Frankofonia 2024 2

Լուիզա Խաչումյանը արվեստաբան, ռեժիսոր, համադրող է, իրեն համարում է ազատ արվեստաբան։ Արդեն մեկ տարի է, ինչ ստեղծագործողը ներկայանում է "Առանց մոնտաժի Արվեստի մասին" հարթակով։ Այնտեղ ներկայացնում է ցուցահանդեսներ, լուսաբանում դրանք, այցելում արվեստանոցներ և քննարկումներ ունենում ստեղծագործողների հետ։

«Այսպիսի փորձեր ունեցել եմ։ Պարբերաբար մարզերում տարբեր խմբերի հետ թեմաներ ենք ընտրում և ես դրանք ներկայացնում եմ։ Սա ինձ համար շատ ընդունված տարբերակ է։ Իսկ այսօր ֆրանսիական հեղինակներ են ընտրվել և դրանք ներկայացնելուց ընդգրկել եմ ողջ դարաշրջանները, հեղինակներին, երաժշտությունը, այլ կերպ ուղղակի հնարավոր չէ ծանոթանալ մեծ համբավ ունեցող այս հեղինակներին»,- պատմում է համադրողը։

Frankofonia 2024 3

Դրան զուգահետ արվեստաբանը նաև իր ցուցահանդեսներով է հանդես գալիս։ Նպատակը՝ պատմական կոթողների հանրահռչակումն է ժամանակակից արվեստի միջոցով։ Արվեստաբանը փաստում է՝ պետք է հանրությանը դեպի արվեստ ուղղել, կտրել կրկնվող խնդիրներից։

«Այդ ձևաչափով ընտրում եմ տարածքներ, կոթողներ, որոնք մեզանում մոռացված են։ Ըստ կառույցի թեմատիկայի՝ ընտրում ենք նաև համապատասխան հեղինակներ, քանդակներ և ցուցահանդեսներ ենք կազմակերպում։ Հարթակը հենց հանրահռչակմանն է միտված, դրանք ներկայացված են մեր յութուբյան հարթակում։ Այդ շրջանում նաև ցուցահանդես ունեցանք Դարերի խաչուղի խորագրով։ Ցուցահանդես ենք ունեցել նաև Քարաշամբի հնավայրում»,- հավելեց Լուիզա Խաչումյանը։
Հանդիպում-քննարկման հյուրեր պատանի երաժիշտները հեռացան մեծ ոգևորությամբ և արվեստի մասին առանձնակի մտորումներով։ Իսկ կազմակերպիչները և համադրողը խոստանում են շարունակական դարձնել արվեստի մասին քննարկումների շարքը և նպաստել արվեստի շուրջ մտորումներին։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 302

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: