Նա մեզ ցույց տվեց եղիցի լույսը. Սևակյան տարին մեկնարկեց «100 բանաստեղծություն» գրքի շնորհանդեսով

«Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից»։  Նկարիչ Մարտիրոս Սարյանի այս խոսքերն ուղղված են հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակին։

Այս տարի լրանում է Պարույր Սևակի 100-ամյակը, ինչը նշանակում է, որ 2024-ը լեցուն է լինելու սևակյան շնչով, ոգով ու պատգամներով:

Բանաստեղծի ծննդյան օրը՝ հունվարի 24-ին, Պ. Սևակի տուն-թանգարանում կտրվի ողջ տարվա միջոցառումների մեկնարկը:  Նույն օրը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի կունենա «Մարդը ափի մեջ» ներկայացումը։ Իսկ մինչ այդ՝ հունվարի 17-ին, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում կայացավ Պ. Սևակի «100 բանաստեղծություն» նոր գրքի շնորհանդեսը։ Այն կազմել է Սևակի որդին՝  Արմեն Ղազարյանը, խմբագիրն է բանաստեղծի թոռը՝ Սևակ Ղազարյանը։

Sevak 100 banastexcutyun 2

Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված ժողովածուն ընդգրկում է բանաստեղծի՝ տարբեր տարիներին գրած լավագույն բանաստեղծություններն ու երկու հավելված՝ «Անցյալը ներկայացած» ինքնակենսագրությունն ու «Ինչ-ը, ինչպես-ը և որպես-ը» հարցազրույցը, որոնք ընթերցողին ուշագրավ տեղեկատվություններ կտան գրողի կյանքի, աշխարհայացքի, անցած ստեղծագործական ճանապարհի մասին։

«Ժողովածուն կազմվել է 100 գործի սկզբունքով, քանի որ 100-ամյակն է։ Սկզբում հայրենասիրական  բնույթի գործերն են, այնուհետև խոհափիլիսոփայական, սիրային։ Փորձել ենք ծաղկաքաղ անել Սևակի լավագույն ստեղծագործությունները հիմնականում 4 գրքերից՝ «Սիրո ճանապարհ», «Նորից քեզ հետ», «Մարդը ափի մեջ», «Եղիցի լույս»»,- գրքի շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում ասաց Սևակ Ղազարյանը։

«Անցյալը ներկայացած» ինքնակենսագրությունը քիչ հայտնի գործ է։ Ս. Ղազարյանը նշեց, որ այն ընդգրկել են ժողովածուում, քանի որ ուզում են հնարավորինս շատ մարդ ծանոթանա Սևակի ձեռքով գրված իր իսկ կենսագրությանը։

«Ինչ-ը, ինչպես-ը և որպես-ը» հարցազրույցը Սևակի՝ կյանքի նախավերջին հարցազրույցն է` տրված Ալբերտ Արիստակեսյանին, որտեղ վերլուծում է իր գրական մտածողությունը, իր տեսլականը, թե ինչպիսին պետք է լինի գրականությունը, մասնավորապես բանաստեղծությունը։

«Կարծում ենք՝ սա էլ որպես լրացուցիչ նյութ շատ կհետաքրքրի մեր ընթերցողներին»,- ասաց նա։

Sevak 100 banastexcutyun 6

Սևակ Ղազարյանը նշեց, որ հոբելյանական տարվա ընթացքում նախատեսում են  մի շարք միջոցառումներ կազմակերպել, սակայն հանձնաժողովը պետք է քննի  ու հաստատի, թե ծրագրերից որոնք են կյանքի կոչվելու։

«Գրական, գիտական առումով շատ ցանկալի կլինի ունենալ Սևակի 10 կամ 12-հատորյակը, քանի որ հասունացել է  այդ ժամանակը։ Վերջին տասը տարվա ընթացքում Սևակի անտիպ ժառանգությամբ եմ զբաղվել։ Եթե այս պահի դրությամբ ունենք 6 հատորյակ, որն արդեն 50 տարեկան է՝ 1970-ականներին է լույս տեսել, հանգիստ կարող ենք 10 կամ 12 հատորյակ անել։ Դա ժամանակ ու ֆինանս է պահանջում։ Տեսնենք, եթե ստացվի, անպայման կիրականացնենք։ Համենայնդեպս, դրա մեկնարկն այս տարի կտանք»,- ասաց Ս. Ղազարյանը։

Ըստ նրա, Սևակն այսօր ամենաընթերցվող դասականներից մեկն է, քանի որ նա գրել է կյանքի հավերժական ճշմարտությունների մասին. «Նա ասում է բաներ, որոնք մարդու համար չեն փոխվել, 50, 100 տարի առաջ էլի նույնն էին։ Այսինքն՝ կյանքային ճշմարություններ կան, որոնք երբեք չեն փոխվում»։

Sevak 100 banastexcutyun 3

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արշալույս Գալստյանն ասաց, որ տարին շնչելու է  Սևակով, լինելու է  սևակյան։

Արշալույս Գալստյանն իր խոսքում հիշեց վրաց բանաստեղծ Ջանսուղ Չարկվիանիի խոսքերը, որը հենց Սևակի մասին էր ասել. «Օրհնյալ է այն երկիրը, որ հանճարեղ զավակներ ունի: Եվ երիցս է օրհնյալ, որ կարողանում է գնահատել այդ հանճարեղ զավակներին...»։

«Ժողովուրդը գնահատել ու արժևորել է իր հանճարեղ զավակին ու առաջին հայացքից թվում է, թե  Սևակը ճանաչման, հանրահռչակման, ներկայացման առումով  խնդիր պետք է չունենա, սիրված է, բայց մասնագիտական ճիշտ մատուցմամբ նաև կարիք կա ներկայացնելու Սևակի ողջ գրական ժառանգությունը։

Այս ժողովածուն միտված է սրան, որովհետև ընտրված են բանաստեղծություններ, որոնցով միանգամից Սևակի ասելիքը հասանելի կդառնա։  Հասանելի կդառնա այն եղիցի լույսը, որը բանաստեղծն ինքը բերում էր մեր ժողովրդի համար»,- ասաց Ա. Գալստյանը։

Նա մեջբերեց նաև երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի խոսքերը. «Պարույր Սևակի ծնունդը մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի պայծառ «Եղիցի լույս»»:

«Հոբելյանական տարվա ընթացքում կազմակերպվող միջոցառումները, գիտաժողովները, հրատարակությունները, ըստ էության, կլինեն ընդամենը ոչ թե վերագնահատման, այլ նորովի ու նորից հանրահռչակելու փորձ մեր սիրելի մեծ բանաստեղծին, մարդու, որը իսկապես եղիցի լույսը ցույց տվեց մեզ»,- ասաց ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկանը։

Sevak 100 banastexcutyun 7

Գիրքը լույս է տեսել «Համազգային» հայ կրթական ու մշակութային միության նախաձեռնությամբ՝ Սևակի տուն-թանգարանի հետ համատեղ։

Համազգայինի Կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանի խոսքով՝ Պարույր Սևակն այն եզակիներից է, ում խոսքը բոլոր սերունդների և բոլոր ժամանակների համար է։

«Ամեն անգամ նորովի է հնչում և ընկալվում,  երբ կարդում ես Սևակի բանաստեղծությունները»,- ասաց նա։

Զաքար Քեշիշյանը համոզված է, որ եթե Սևակն ու մեր մյուս մեծերը մեզ հետ լինեին, այլ Հայաստանում կապրեինք։

Sevak 100 banastexcutyun 4

Գրքի շնորհանդեսի ընթացքում Սևակի ստեղծագործությունները ներկայացրեցին ասմունքողներ Գայանե Սամվելյանը, ՀՀ  վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, դաշնակահարուհի Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ հնչեցին Սևակի  բանաստեղծությունների վրա գրված երգեր Լուիզա Երեմյանի, Մարիցա Թիլիքյանի, Արամ Խաչատուրյանի կատարմամբ։

«Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից...

Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց լավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով»,- հանճարեղ բանաստեղծ Համո Սահյանի գնահատականն է տրված մյուս հանճարին՝ Պարույր Սևակին։

Sevak 100 banastexcutyun 5

Պ. Սևակը (Պարույր Ղազարյան) ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ։

1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1958թ. Սևակն ավարտում է «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը տպագրվում է Երևանում 1959-ին` միանգամից ժողովրդականություն բերելով նրան:  1963թ. տպագրվում է Սևակի «Մարդը ափի մեջ» ժողովածուն:

Պ.Սևակի վերջին` «Եղիցի լույս» ժողովածուն տպագրվում է 1969 թվականին, բայց... հրապարակ հանվում 1971-ին` բանաստեղծի ողբերգական մահից մոտ երկու ամիս անց:

1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ 1967թ-ին «Սայաթ-Նովա» թեմայով թեզ է պաշտպանել և ստացել է (1970թ.) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:

Պարույր Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Նրա սցենարներով նկարահանվել են «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Սայաթ-Նովա» (1965թ.) փաստագրական կինոնկարները:

Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 475

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: