Կայացավ «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի» շոշափելի կրկնօրինակի շնորհանդեսը

Երբ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը Հայաստան եկավ, սկսեց ուսումնասիրել իր ազգի շինարարական արվեստի ժառանգությունը: «Աննկուն ու մշտապես փնտրող». ահա թե ինչպես էին Թամանյանին բնութագրում ժամանակակիցները։ Թամանյանը ծրագրում էր ոչ թե սովորական նոր քաղաք ունենալ, այլ Հայաստանի նոր մայրաքաղաք, որը պետք է արտացոլեր դարերի հաջորդականությունն ու կապը։ Այն պետք է լիներ Հայաստանի ամբողջականության, ազգային գաղափարի, հայկական պատմության շարունակականության խորհրդանիշը։ Թամանյանի համար շատ կարևոր էր ուսումնասիրել և վերականգնել հայ միջնադարյան ճարտարապետության առանձնահատկությունները։

Khosox ktavner 2

1924 թվականի ապրիլի 3-ին ՀԽՍՀ-ի Ժողովրդական կոմիսարների խորհրդի կողմից՝ հաստատվեց Երևան քաղաքի վերակառուցման գլխավոր հատակագիծը։ Հատակագծի ստեղծման պատմությունը սկսել էր 1919 թվականին։ Հենց այդ ժամանակ Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու հրավերով ճարտարապետ-ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը Սանկտ Պետերբուրգից եկավ իր նախնիների հայրենիք՝ Հայաստան։

Ինչպիսի՞ն է մայրաքաղաք Երևանի գլխավոր հատակագծի տեսքը։ Այժմ պատկերացնելու համար հարկ է գնալ Երևանի Պատմության թանգարան այս անգամ արդեն յուրօրինակ նախաձեռնության հետքերով։ Այսուհետ թանգարանի մի հետաքրքիր ցուցանմուշի կարող են ծանոթանալ տեսողության խնդիրներ ունեցող այցելուները։ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Խոսող կտավներ» ներառական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի ունեցավ Ալեքսանդր Թամանյանի «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի» շոշափելի կրկնօրինակի շնորհանդեսը: Այսուհետ տեսողության խնդիրներ ունեցող այցելուները թանգարանում կարող են զննել Թամանյանի հատակագիծը ձայնային ուղղորդիչի ուղեկցությամբ: Այն պատմում է Երևան քաղաքի գլխավոր հատակագծի ստեղծման պատմությունը և օգնում տեսնել այն, ինչ պատկերել է ճարտարապետը։

Khosox ktavner 3

Երևանի Պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանն  ասում է․
«Սա հրաշալի նվեր է նաև մեր մայրաքաղաքի տոնի կապակցությամբ։ Միաժամանակ նաև խրախուսելի է, որ թանգարանների հետ այսպիսի աշխատանք է կատարվում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհում մեծ ուշադրություն է դարձվում ներառական խնդիրներ ունեցող այցելուների մշակույթի հետ կապվածությանը»։

«Խոսող կտավներ»-ը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հնարավորություն է տալիս զննել և ուսումնասիրել արվեստի գործեր։ Նախագծին միացել են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը։ Այս անգամ ներկայացվում է մայրաքաղաքի պատմությանը նվիրված մի դիպված՝ քաղաքի հատակագիծը։ Ծրագրի նախաձեռնողը «Սարեր» մշակութային կազմակերպությունն է։ Կազմակերպության ղեկավարը Էռնա Ռևազովան է։

Khosox ktavner 4

«Մենք ստեղծել ենք հատակագծի շոշափելի կրկնօրինակը, որը բնօրինակի կողքին Երևան քաղաքի պատմության թանգարանում թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին «շոշափել և զննել» Ալ.Թամանյանի հատակագիծը ձայնային ուղղորդիչի ուղեկցությամբ։
Քաղաքի հատակագծի շոշափելի կրկնօրինակի ստեղծումը մեզ համար նոր փորձառություն է և միայն կրկնօրինակը ստեղծելը բավական չէր, և հենց դրա համար այն ուղղորդվում է ձայնային նավիգատորով։ Դա տիֆլոմեկնաբանություն է, որը օգնում է տեսնել այն, ինչը նկարագրված է»,- ասում է Էռնա Ռևազովան։

«Խոսող կտավներ» ներառական նախագծի փորձագետ Վահան Նահապետյանն ասում է, որ սա մեծ քայլ է, քանի որ երբևիցե նման բան չի արվել։ 4-ամսյա աշխատանքն արված է 3 լեզուներով և օտարերկրացի այցելուների համար ևս մեծ նվեր է։ Շնորհանդեսին ներկա տեսողության խնդիրներ ունեցող անձինք հենց տեղում ծանոթացան հատակագծի կրկնօրինակին։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 445

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: