• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Երկար սպասված «Կարապի լիճ» բալետը ներկայացվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Երկար սպասված «Կարապի լիճ» բալետը ներկայացվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Նշանավոր կոմպոզիտոր Պյոտր Իլիիչ Չայկովսկու «Կարապի լիճ» բալետը ավելի քան հարյուր տարի մնում է ամենաճանաչվածն ու պահանջվածը աշխարհում։ Այն համարվում է ռուսական արվեստի մարգարիտ և համաշխարհային մշակութային գլուխգործոց:
Ավելի քան 35 տարի ընդմիջումից հետո Երևանում կայացավ «Կարապի լիճը»  բալետի առաջնախաղը։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ բալետը Օպերային թատրոնում բեմադրվեց 5-րդ անգամ։ Առաջնախաղին ընդառաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս։ Բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, նախագծի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին, բալետմայստերի օգնական Տատյանա Ռաստորգուևան, թատրոնի գլխավոր բալետմայստերի պ/կ Ռուբեն Մուրադյանը։

slug 115557

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորեց Օպերային թատրոնին առաջնախաղի առիթով և վերահաստատեց, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես թատրոնի կողքին է լինելու, պատրաստակամ է առաջիկա ծրագրերին աջակցելիս։
«Այն ամենը, ինչը թատրոնը կյանքի է կոչում, դա մեր մշակութային արժեքների մասն է կազմում։ Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի բեմադրությունը կարևոր իրադարձություն է մեր մշակութային կյանքում։ Հատկապես այս օրերին հենց մշակույթով պետք է հաղթահարենք դժվարությունները։ ԿԳՄՍ նախարարության քաղաքականության առանցքում է աջակցել և խրախուսել մշակույթի զարգացմանն ու հանրահռչակմանն ուղղված ցանկացած ծրագիր»,- ասում է Դանիել Դանիելյանը։
Օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանն ասում է, որ յուրաքանչյուր Օպերային թատրոն պետք է բեմադրի «Կարապի լիճը» բալետը, որին թատերախումբը վաղուց պատրաստ էր։

KArapi lich premiera 3

««Կարապի լիճը»  բալետային ներկայացումն այն ներկայացումն է, որը թատրոնը պետք է պարտադիր ունենա։ Ամեն թատրոն չէ, որ կարող է «Կարապի լիճ» ունենալ և ամեն մի բալետային խումբ չէ, որ հնարավորություն ունի հաղթահարել բարդ պարային էլեմենտներով հարուստ բալետը։ Պետք է պարծենանք, որ ունենք այսպիսի բալետային խումբ, որը կարողանում է պարել «Կարապի լիճ»։ Վստահ եղեք, որ եթե Մարիինյան թատրոնը, Մեծ թատրոնը, Թբիլիսի թատրոնը ունեն այս ներկայացումը, մենք ինչու չպետք է ունենանք, այո՛, մենք էլ պետք է ունենանք։ Այս ներկայացումը տարեկան մի քանի պրեմիերա ունենալու մեր գաղափարախոսության, ստրատեգիայի մի մասն է կազմել»,- ասաց Կ.Դուրգարյանը։

Նախագծի գեղարվեստական ղեկավարը Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ, բալետի պարուհի Նինո Անանիաշվիլին է։ Նրա բալետային եզակի տեխնիկան ձևավորվել է արևմտյան խորեոգրաֆիայի ազդեցությամբ՝ և, իհարկե, Մեծ և Մարիինյան թատրոնների դասական դպրոցների հետ համատեղ։ Նինո Անանիաշվիլին աշխատել է աշխարհի խոշորագույն՝ Ամերիկյան բալետի թատրոնի, Շվեդիայի թագավորական բալետի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Ֆինլանդիայի, Բավարիայի ազգային բալետի, Մոնտե Կառլոյի մեծ բալետի թատրոնների հետ։
Նինո Անանիաշվիլին, բարձր գնահատելով արված աշխատանքը, շնորհակալություն հայտնեց հաջող համագործակցության համար։

KArapi lich premiera 2

ՀՀ վաստակավոր արտիստ, առաջատար մենապարող, թատրոնի գլխավոր բալետմայստերի պ/կ Ռուբեն Մուրադյանն էլ նշեց, որ մեծ ոգևորությամբ են պատրաստվել վաղուց սպասված ներկայացմանը։

«Մեր խաղացանկում ավելանում է բալետային ներկայացման մի գոհար և մեր ոգևորությանը չափ չկա։ Ներկայացման հաջողության համար ամենակարևորը պրոֆեսիոնալ թիմ ունենալն է։ Ինչպես նաև պրոֆեսիոնալ թիմից բացի մենք ունենք նաև պրոֆեսիոնալ բալետի արտիստներ»,- ասաց Ռ.Մուրադյանը։

Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետային ներկայացման առաջնախաղը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, 10-ին, 13-ին, 14-ին, 16-ին, 17-ին, 18-ին։ Ներկայացման հասույթից օգնություն է տրամադրվելու Արցախից տեղահանված հայրենակիցներին։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 824

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: