• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կայացավ «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կայացավ «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 90-ամյակի միջոցառումների շրջանակում կայացավ «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման եռօրյա դասընթացը։ Դասընթացավարն է Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, ոլորտի հեղինակավոր և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին։ Դասընթացը միտված է գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների հմտությունների և կարողությունների զարգացմանը։ Նախադեպը չունեցող վերապատրաստման դասընթացի ընթացքում փորձագետ Զոհրե Ղայենին ներկայացնում է ժամանակակից գրական տարածքների, գրադարանային համակարգերի, ոլորտի մասնագետների, երեխաների հետ աշխատանքի և համագործակցության 21-րդ դարի արդի միտումները, մարտահրավերներն ու գործիքակազմը:

Զոհրե Ղայենին առաջադրվել է Աստրիդ Լինդգրենի անվան մրցանակի, եղել է մանկապատանեկան գրականության ոլորտում հեղինակավոր Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի ժյուրիի նախագահ: Մանկապատանեկան գրականության ոլորտի անվանի մասնագետն իր հեղինակած «Կարդա ինձ հետ» ծրագրի համար արժանացել է «IBBY Asahi reading promotion award»-ին:

Khnko apor gradaran verapatrastum 2

Ինչպե՞ս գրադարանը վերածել գրական և գեղարվեստական հաստատության։ Ո՞րն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրագիտության նորագույն սահմանումը։ Ի՞նչ է բիբլիոթերապիան և ինչպե՞ս գրադարանավարները կարող են օգնել երեխաներին հոգեբանական տրավմայի ժամանակ։ Այսպիսի հարցերի պատասխաններ են փնտրում ու գտնում գրադարանավարները։ Մասնակիցները ծանոթանում են նաև IFLA մանկական գրադարանների ռազմավարական փաստաթղթին և ստեղծում իրենց գրադարանի համար նման փաստաթուղթ։

Դասընթացի առաջին օրը Զոհրե Ղայենին գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների հետ կիսվեց մասնագիտական փորձառությամբ` ներկայացնելով իր հեղինակած «Կարդա ինձ հետ» ծրագրի դրույթները: Փորձագետը պատմում է 21-րդ դարում մանկական գրադարանների գրադարանավարների դերակատարության, ժամանակակից գրական տարածքների, տարբեր իրավիճակներում ընթերցանության խթանման, ընթերցողների շրջանում տարվող աշխատանքի արդի միտումների, ինչպես նաև ընթերցող-ծնող-գրադարանավար շղթայի փոխգործակցության կարևորության մասին: Զոհրե Ղայենին առանձնահատուկ ընդգծում է ոլորտում միջմշակութային գրագիտության, ներառականության խթանման, ճգնաժամային իրավիճակներում գրադարանավարների, գրական ոլորտի մասնագետների գործուն աջակցության կարևորությունը:

Khnko apor gradaran verapatrastum 3

Դասընթացավարն անդրադարձավ նաև անհատական խնդիրների կամ ճգնաժամային իրավիճակներում գրքաբուժության մեթոդի արդյունավետությանը` ներկայացնելով այն մեթոդները, մոտեցումներն ու գրական ստեղծագործությունները, որոնց հերոսները տարբեր իրավիճակներում ուղիներ են գտել հաղթահարելու դժվարություններն ու խնդիրները։ Ներկայացվել են գրականության այն ցանկերը, որոնք նպաստում են ընթերցանության խթանմանը, երեխաների ինքնաճանաչողության, ինքնարտահայտման դրսևորումներին:

«Երեխաների հետ աշխատանքի ընթացքում այս նորարարական մեթոդների կիրառումը կարող է օգնել` հաղթահարելու հուզական խնդիրները, վեր հանելու ապրումակցելու և կարեկցելու ունակությունները վաղ տարիքից:
Այս մեթոդների կիրառման գործում առաջնային կարևորվում են գրքի նկատմամբ հետաքրքրության ձևավորման, քննադատական մտածողության, նյութի շուրջ երկխոսելու ու մտքեր փոխանակելու ունակության զարգացմանն ուղղված քայլերը»,-ասաց բանախոսը։

Khnko apor gradaran verapatrastum 4

Ակտիվ մասնակիցներն էլ կազմում են խմբեր՝ ստացած տեսական գիտելիքները գործնական հմտություններով ամրապնդելու նպատակով։ Քննարկումների և փորձի փոխանակման ձևաչափը հնարավորություն է ընձեռեց մասնակիցներին համատեղ գաղափարներ վեր հանել, ծանոթանալ մասնագիտական նորագույն գործիքակազմին և հմտություններին: «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստաման դասընթացն իրականացվում է IBBY Արմենիա ՀԿ (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ), Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայկական գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ, IBBY International-ի ու IBBY Yamada հիմնադրամի աջակցությամբ:

Վերապատրաստման դասընթացի վերջին օրը տեսական և գործնական աշխատանքների առանցքում տարբեր իրավիճակներում, ինչպես նաև թիրախային խմբերի համար ընթերցանության խթանմանն ուղղված մեթոդների և հմտությունների կիրառման թեմաներն էին: Ավարտին մասնակիցներն արժանացան միջազգային որակավորման վկայականների։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 468

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: