Արամ Հովհաննիսյան. Կոմպոզիտորները փոխհարաբերության մեջ են դնում հնչյունն ու լռությունը

 

Կոմպոզիտորները երաժշտությունը դարձնում են գիտական երևույթ, փոխհարաբերության մեջ դնում հնչյունն ու լռությունը, կառավարում լռությունը: Անգամ պատահականությունները երաժշտության մեջ համակարգված են: Հենց այս հաղորդագրությամբ սկսեց իր սեմինարը Երևանի պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` մեկը կարող է գրել սիրողական երգ` նոտաներ վերցնելով այլ կոմպոզիտորներից փոփոխել և ասել, որ դա իր երգն է, կամ համակարգչային ծրագրերի միջոցով ստանալ երաժշտություն, բայց արդյո՞ք սա է կոմպոզիտորական արվեստը։

«Կոմպոզիտորական արվետի առանձնահատկությունները» խորագիրը կրող այս սեմինարի ընթացքում Արամ Հովհաննիսյանն անդրադարձավ ժամանակակից երաժշտությանը` նշելով, որ ներկայումս ավելի շատ է տեխնոլոգիական հագեցվածությունը, կոնցեպտուալ մտածելակերպը, նաև արտահայտչականությունը. «Սակայն տոնալ երաժշտության մեջ էլ մենք կարող ենք բավական թարմ մոտեցումներ տեսնել և հակառակը՝ այսպես կոչված ատոնալ երաժշտության մեջ կարող ենք հանդիպել երևույթների, որոնք ոչնչի մասին են»:

Լսողությունը, գրելու տեխնիկան և երաժշտական երևակայությունը այն ասպեկտներն են, որ ձևավորում են կոմպոզիտորական մտածելակերպը, նշեց կոմպոզիտորն ու ավելացրեց, որ այս ասպեկտների փոխկապակցվածության միջոցով է, որ երաժշտությունը դառնում է արվեստ: Այստեղ նաև իրենց դիրքերն են ամրապնդել  մաթեմատիկան ու ֆիզիկան:

«Մաթեմատիկայի շնորհիվ հնարավորություն ենք ունենում հնչյունային համակարգերը մոտեցնել երևակայությանը նաև ֆիզիկան է կարևոր, որ նոր արհեստական նորարարական հնչողություններ է ստեղծում, և ֆիզիկայի` երաժշտության դաշտ մտնելը նոր երևույթ չէ»,-շարունակեց Արամ Հովհաննիսյանը:

Ծրագրայնության գործոնը, կոմպոզիտորի կարծիքով, երաժշտության մեջ շատ կարևոր է, սակայն միշտ չէ, որ կարևոր է խոսել այդ մասին, երբեմն կոմպոզիտորները ցանկանում են գաղտնի պահել և չբացահայտել իրենց ներքին խոհանոցը:  

Սեմինարը հարուստ էր տարբեր երևույթների և դրանցով զբաղվող կոմպոզիտորների մասին տեղեկություններով։ Առաջին երևույթը, որի մասին խոսեց Արամ Հովհանիսյանը թռչունների ծլվլոցի կիրառումն էր երաժշտության մեջ երեք տարբեր մոտեցմամբ:

Առաջին մոտեցումը ներկայացվեց Ժան Ֆիլիպ Ռամոնի «Le rappel des Oiseaux» ստեղծագործության օրինակով: «ան Ֆիլիպ Ռամոնը, մնալով տոնայնական համակարգի մեջ, բարոկ երաժշտության ոճի մեջ, վերցնելով թռչուններին բնորոշ ձայներ, հարստացնում է իր երաժշտական լեզուն: Այսպիսով իր երաժշտական նյութը դարձնում չկրկնվող»,-նշում է կոմպոզիտորը:  

Հաջորդ մոտեցումը մոդելի, կաղապարի տեղծումն է, որ Արամ Հովահննիսյանը բացատրեց Օլիվիե Մեսիանի «La grive Musiciane» -ի օրինակով: Նախքան դա, սեմինարի մասնակիցները լսեցին թռչունների ծլվլոց: Կոմպոզիտորը խորհուրդ տվեց այն լսել` որպես երաժշտություն, ոչ թե որպես թռչունների ծլվլոց։

«Թռչունների ծլվլոցը ֆանտաստիկ գեղեցիկ է, բայց սա տոնայնական համակարգից, նաև տեմպերացիայից դուրս  երաժշտություն է, հնչյունների փոխհարաբերություններն են այնքան հարաբերական են, որ մենք  դա ընկալում որպես մի գեղեցիկ երևույթ:  Մեսիանի հարմոնիկ մտածողությունը լի է հետաքրքիր հարմոնիկ կառույցներով (ստրուկտուրներ), որոնք առանձին-առանձին հետաքրքիր, ականջին համահունչ երանգներ ունեն: Նա թռչունների ծլվլոցը փոխակերպում է դեպի երաժշտական դաշտ և հարմարացնում է ոչ թե տոնայնության մեջ, այլ թռչունների ծլվլոցից ոգեշնչված իր ուրույն երաժշտական լեզվում»,- նշեց նա, ավելացնելով, որ Մեսիանը իր կյանքի բավական երկար տարներ նվիրել է ոչ միայն երաժշտությանը, այլև թռչունների ուսումնասիրությանը, ինչն էլ մեծ ազդեցություն է ունեցել նրա կոմպոզիտորական մտածողության ձևավորման վրա։

Արամ Հովհաննսիյանն անդրադարձավ նաև քսաներորդ դարի մի ժամանակահատվածի, երբ գերիշխող էր ֆուտուրիստական մոտեցումը:

«Ֆուտուրիստները մերժում էին դասական մոդելները, ակադեմիական ինստիտուտները վառելու կոչեր էին անում: Մոտոցիկլետը համարվում էր ավելի բարձր գլուխգործոց, քան Դավինչիի «Մոնա Լիզան»։ Այդ ժամանակ մեխանիկականությունը դարձավ արվեստի շարժիչ ուժերից մեկը»,-այս մասին խոսելով` Արամ Հովհաննիսյանը երկու օրինակով բացատրեց երևույթը: Առաջինը`  Ալեքսանդր Մոսոլովի «Iron Foundry» ստեղծագործությունն է, երկրորդը` Einstürzende Neubauten խմբի «Armenia» ստեղծագործությունն է, որի հոլովակը նկարահանված է գործարանում:

«Երգիչը չի առանձնանում գեղեցիկ ձայնի տեմբրով: Գործարանային լքված տարածքում խողովակների, սղոցի հնչողությունները դառնում են երաժշտության անբաժան մասը։ Այդ ամենը դառնում է յուրահատուկ էսթետիկ մոտեցում երաժշտության մեջ»:

Սեմինարի ընթացքում Արամ Հովհաննիսյանը անդրադարձ կատարեց նաև իր ստեղծագործություններին: Առաջին ստեղծագործությունը, որ դեռ ընթացքի մեջ է, գրված է ալտի և ֆլեյտայի համար: Երկրորդ ստեղծագործությունը «Synopsis» գործն է, որ գրված է իբրև արձագանք կամ մեկնաբանություն Բեթհովենի 7-րդ սիմֆոնիային: Ոգեշնչման հիմնական աղբյուր է եղել էմոցիոնալ և էներգետիկ գործոնները:

«Սա մի գործ է, որ անմիջական կապ ունի և կապ չունի Բեթհովենի հետ, որովհետև նվիրում է Բեթհովենին, բայց չկար խնդիր, որ հեղինակը պետք է մեջբերեր կամ չմեջբերեր Բեթհովենին: Կային որոշակի ռիթմիկ ստրուկտուրաներ, որ օգտագործել էի, բայց միևնույն ժամանակ նման խնդիր չի եղել, որ ինչ-որ բանով հիշեցներ Բեթհովենին»,- ասաց Արամ Հովհաննիսյանը և ներկայացրեց նաև գործի կառուցվածքը:   

 

Մերի Հովհաննիսյան

  • Created on .
  • Hits: 1331

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: