ԷՔԶՅՈՒՊԵՐԻԻ «ՄԱՐԴԿԱՆՑ ԵՐԿԻՐ»-Ը ՀԱՅԵՐԵՆ Է ԹԱՐԳՄԱՆՎԵԼ

 Անտուան դը Սենտ Էքզյուպերին Մարդկանց երկրի բնակիչ է... Մարդ, ով ընտելացնում է անապատն ու լեռները, երկիրն ու աստղերը, ով գերիներ է ազատագրում, արթնացնում մարդկանց:

 Նոյեմբերի 18-ին «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում կայացավ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը: Վերը նշված հատվածը մեջբերում էր գրքի նախաբանից, որի հեղինակը «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանն է: Վերջինիս խոսքով՝ հայ ընթերցողների շրջանում և ընդհանրապես ամբողջ աշխարհում Էքզյուպերիի գործերից առավել հայտնի է «Փոքրիկ իշխանը», բայց նրա մյուս գործերն էլ գեղարվեստորեն չեն զիջում, և ըստ այդմ էլ՝ որոշել են հայ ընթերցողին հաղորդակից դարձնել նաև հեղինակի մյուս ստեղծագործություններին:

 «Մեր հրատարակչությունն առաջիկայում լույս կընծայի նաև Էքզյուպերիի մյուս գրքերը: Սկսեցինք «Մարդկանց երկիր» գրքից, որտեղ ընթերցողը կարող է գտնել նույն «Փոքրիկ Իշխան»-ի նախապատմությունը: Հատկանշական է, որ այս գիրքն առաջին անգամ է թարգմանվում բնագրից՝ ֆրանսերենից»,- ընդգծեց Շավարշ Կարապետյանը:

 Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որոնք այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, անապատի թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագներն ամբողջացնում են խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ:

 Տարբեր գլուխներում հանդիպում ենք նույն հարցադրումներին, նույն լեյտմոտիվներին՝ քաղքենին և հոգսերի բեռի տակ կքած մարդու կենսագրությունը, մենության զնդանն ու սիրելի ընկերը, որ ընդունակ է անօրինակ սխրանքների, կենաց ու մահու սահմանին կանգնած մարդը, որի կյանքը կախված է թելից: Ըստ Էքզյուպերիի՝ յուրաքանչյուր մարդու ճակատագիրը բացահայտվում է միայն ու միայն անվերջանալի ինքնահաղթահարման ճանապարհին:

 Նշենք, որ ստեղծագործությունը ֆրանսերենից թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը: Ըստ նրա՝ առաջին հայացքից Էքզյուպերիի երկերը թվում են շատ պարզ, բայց այդ պարզությունը խաբուսիկ է. «Հեղինակը խուսափում է խճճված նկարագրություններից, բայց միևնույն ժամանակ երկը լի է ինքնատիպ համեմատություններով, փոխաբերություններով: Էքզյուպերին աշխատում է ռիթմի վրա, շարահյուսությունը դասական չէ, շատ են շաղկապով սկսվող նախադասությունները, կրկնությունները, որոնք բնականաբար պետք է պահպանել, բայց այնպես, որ տեքստը լիարժեք շնչի հայոց լեզվի ներդաշնակություններում»,- ասում է գրքի թարգմանիչը:

 Նրա խոսքով՝ «Մարդկանց երկիր»-ը կենսագրական հենքի վրա ստեղծված գործ է և չի կարող չհուզել ցանկացած ընթերցողի: Ամեն ինչի հիմքում անձնական փորձն է:

 «Մարդկանց երկիր»-ը լույս է տեսել 1939 թ. փետրվարին: Նույն տարվա մայիսի 25-ին Ֆրանսիայի ակադեմիան Էքզյուպերիի ստեղծագործությունն արժանացնում է արձակ երկի համար սահմանված բարձրագույն մրցանակին:


Աստղիկ Իսկանդարյան

0 0 0էքզյուպերի000

DSCN5591

DSCN5599

20171118 184322

DSCN5606

DSCN5612

DSCN5616
  • Created on .
  • Hits: 3516

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: