ՄԵԿՆԱՐԿԵՑ 14-ՐԴ ԿԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

 «Վեցերորդ օրն Աստված Ադամի կողոսկրից կին ստեղծեց, նայեց նրան և մտածեց` օ՜, կին, յոթերորդ օրը ստեղծեց կինոն, իսկ ավելի ուշ՝ Կին կինոփառատոնը»,- կատակեց հաղորդավարուհին:

 Արդեն 14-րդ անգամն է` փառատոնը միավորում է կին կինոստեղծողներին: Այս տարի հայ հանդիսատեսը կարող է դիտել 60 ֆիլմ՝ 20 երկրներից: Դրանք ներառված են մի քանի ծրագրերում` մրցութային, հյուրերի, «ԲԱՖՏԱ»-ի հավաքածու, «Կանացի հայացք» կինոփառատոն, որը ներկայացնում է կանադական կարճամետրաժ ֆիլմեր:

 Կինոփառատոնի ավարտին շնորհվելու են մրցանակներ «Լավագույն ֆիլմ», «Հատուկ մրցանակ», «Դիպլոմներ», ինչպես նաև՝ Ռուսական համագործակցության «Լավագույն ռուսական ֆիլմ» անվանակարգերում:

 «Լավագույն ռուսական ֆիլմ» անվանակարգում հաղթած ֆիլմի մրցանակը ստանալու է Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը: «Թույլ տվեք շնորհավորել 14-րդ անգամ անցկացվող կինոփառատոնը և հատկապես՝ ռուս կին ռեժիսորներին, սցենարիստներին»,- ասել է տնօրեն Սերգեյ Ռիբինսկին:

 Ավանդական դարձած կինոփառատոնի նպատակն է ֆիլմերի միջոցով լուսաբանել կանանց խնդիրները, խթանել Հայաստանում կանանց կողմից ստեղծվող ֆիլմերի արտադրանքը, նոր տաղանդների բացահայտումը, տարբեր ազգային մշակույթների փոխընկալումը:

 «Կինոփառատոնի հետահայաց ցուցադրությունը նվիրված է իրանահայ դերասանուհի Լորիկ Մինասյանին: Կցուցադրվի վավերագրական ֆիլմ` նվիրված նրա ստեղծագործական ուղուն»,- ասաց փառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը:

 Փառատոնի շրջանակում անցկացվելու է կլոր սեղան «Կինը և կինեմատոգրաֆիան» թեմայով, լինելու են վարպետության դասեր, հանդիպումներ ռեժիսորների հետ:

 Ժյուրիի կազմում այս տարի հանդես կգան՝
 Սիլկե Ջոաննա Ռաբիգերը, ով 2007 թվականից Դորտմունդ/Քյոլն Կանանց միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարն է;
 Ելենա Կորժաևան` CinePromo N1 դիստրիբյուտորական ընկերության գործադիր պրոդյուսերը;
 Լեսլի Էնն Քոլսը` «Կանացի հայացք» կինոփառատոնի հիմնադիր տնօրենը;
 Արմինե Անդան` ստեղծել է «Բոժոն» անիմացիան;
 Տատյանա Դանիլյանցը՝ տեսողական արվեստագետ, բանաստեղծուհի, Butterfly Angel Film կինոընկերության հիմնադիրներից։


Մերի Հովհաննիսյան
  • Created on .
  • Hits: 2679

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: