ՇԵԼ ՍԻԼՎԵՐՍԹԻՆԻ «ԱՆՁՆՎԵՐ ԾԱՌԸ» ՀԱՅԵՐԵՆ Է ԹԱՐԳՄԱՆՎԵԼ

 Ամերիկացի գրող, երգահան, ծաղրանկարիչ և մուլտիպլիկատոր Շել Սիլվերսթինի «Անձնվեր ծառը» ստեղծագործությունը թարգմանվել է հայերեն: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել «Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանում: Միջոցառմանը ներկա էին գրքի թարգմանիչ Լիլիթ Բոյամյանը, «Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, բազմաթիվ հայ ընթերցասերներ:

 Ամերիկաբնակ հայ մանկավարժ, թարգմանիչ Լիլիթ Բոյամյանը հատուկ այս առիթով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու գրքի շնորհանդեսին: Ասում է` երկար տարիներ աշխատելով որպես մանկավարժ ամերիկյան պետական դպրոցներում՝ հանդիպել է անձնվեր ծառի և փոքրիկ տղայի մասին այս պատմությանն ու սիրահարվել: Եվ հիմա երջանիկ է, որ առիթ է ստեղծվել պատմելու այդ սիրո մասին նաև հայ ընթերցողին։ «Գրքին ծանոթացել եմ դեռևս 90-ական թվականներին և հասկացել, որ համաշխարհային բեսթսելեր համարվող այս գեղեցիկ ստեղծագործությունից չպետք է անմասն մնան հայ երեխաները: Բայց հետագայում հասկացա, որ սա գիրք է ոչ միայն երեխաների, այլև 1-99 տարեկան բոլոր մարդկանց համար. այն ունի շատ խորը պատգամ՝ սերը պիտի լինի անշահախնդիր, երբեք չպիտի առևտուր անես սիրո հարցում՝ ես քեզ կտամ սա, դու ինձ կտաս դա...»,- Cultural.am-ի հետ զրույցում նկատեց Լիլիթ Բոյամյանը:

 Նրա խոսքով` գիրքը հայերեն թարգմանելիս այնքան էլ հեշտ չէր պահպանել հեղինակի ոճը․ «Գիտեք, գիրքն ավելի շատ սարոյանական ոճում է. շատ պարզ է ու միաժամանակ շատ խորիմաստ: Մենք պահպանեցինք այդ պարզությունը, և հրատարակչությունն էլ մեզ հետ համակարծիք էր: Կարծում ենք` ընթերցողն էլ կհավանի Շել Սիլվերսթինի այս հրաշալի գործը»:

 Հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանն էլ ասաց, որ շատ կցանկանար անձամբ ճանաչել հեղինակին, և երախտապարտ պիտի լիներ, եթե նստեին և մի բաժակ սուրճի շուրջ պարզապես զրուցեին կյանքի ամենակարևոր բաների մասին`ամենապարզ ձևով մատուցված:

 «Այս գիրքն «Արևիկ» հրատարակչությունում հայտնվեց շատ պատահական, երբ թարգմանիչ Լիլիթ Բոյամյանը հեռախոսազրույցի ընթացքում հանկարծ ասաց՝ գիտես, այսպիսի մի գիրք կա, և ես սիրահարված եմ այդ պատմությանը: Նա գիրքն ինձ ուղարկեց, և սկսեցի կարդալ այն: Կեսից արդեն արցունքներս հոսում էին, բայց երբ պատմությունն ավարտվեց, գիրքը փակեցի ու հասկացա, որ այն պիտի հայ մանուկներն անպայման կարդան, հայ մեծիկներն էլ, տատիկներն ու պապիկներն էլ»,- ասաց Սաբեթ Հովհաննիսյանը:

 Վերջինիս խոսքը շարունակեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը`անկեղծանալով, որ «Անձնվեր ծառը» բազմիցս կարդացել է իր զարմիկի ու զարմուհու համար, և տիկին Բոյամյանն ու Սաբեթ Հովհաննիսյանը միակ մարդիկ չեն, որ գիրքը կարդալիս արտասվում են։ «Յուրաքանչյուրը, որ կարդում է այս գիրքը, լինի երեխա թե չափահաս, պետք է իրեն հարց տա, թե ով է իր համար այդ անձնվեր ծառը, որովհետև պարտադիր չէ` նա հենց ծառ լինի: Մեկի համար դա կարող է լինել իր մայրը, մյուսի համար` մեկ այլ հարազատ: Ողջունում ու շնորհավորում եմ ձեզ, որ այս հոյակապ ստեղծագործությունը հասանելի եք դարձրել այստեղ`Հայաստանում»,- ասաց ԱՄՆ դեսպանը:

 Շել Սիլվերսթինի «Անձնվեր ծառն» առաջին հերթին ներկայացնում է ծնողի ու զավակի, մայր բնության ու մարդու միջև անշահախնդիր սիրո, բարեկամության և հավատարմության գաղափարը: «Քեռի Շելբին», ինչպես անվանում են հեղինակին ԱՄՆ-ում, գիրքը ստեղծելիս լիուլի օգտագործել է մուլտիպլիկատորի իր հմուտ կարողությունները, ինչն ընգծվում է հեղինակի տպավորիչ պատկերազարդումներում:


Աստղիկ Իսկանդարյան

0 0 0ծառ1

0 0 0ծառ2

0 0 0ծառ3
  • Created on .
  • Hits: 3757

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: