ՖՐԻԴՐԻԽ ՆԻՑՇԵԻ «ՀԱԿԱՔՐԻՍՏՈՍԸ» ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆ

Ստեղծվել է՝ Չորեքշաբթի, 25 Հոկտեմբեր 2017 Հեղինակ՝ cultural
 «Հակաքրիստոսը» գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի փիլիսոփայական գիրքն է, որը լույս է տեսել 1895-ին, երբ հեղինակը գտնվում էր հոգեբուժարանում։ Շատերը խուսափել են գիրքը թարգմանելուց, քանի որ այն քրիստոնեության դեմ է և գրվել է հեղինակի՝ հոգեկան խանգարում ունեցած ժամանակ։

 «Հակաքրիստոսը» անիծում է սուրբ հայրերին և քրիստոնեությունը՝ այն դիտարկելով որպես կարեկցանքի կրոն։ Նիցշեն կարծում էր, որ չկա ավելի կործանարար բան, քան քրիստոնեական կարեկցանքը։ Հետաքրքիր է, որ փիլիսոփան տարբերություն է դնում Քրիստոսի և քրիստոնեության միջև։

 Գիրքը թարգմանել է Մարկ Նշանեանը։ Գիրքը ներառում է նաև թարգմանչի «Ֆրիդրիխ Նիցչէ՝ վասն ինքնիշխանութեան» աշխատությունը։

 «Նոյյան տապան» գրախանութում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որի ընթացքում Մարկ Նշանեանը ներկաներին նախ համառոտ ներկայացրեց Նիցշեի աշխատությունները, ապա բացատրեց, թե ինչու է հեղինակը գիրքն անվանվել «Der Antichrist»։

 Նիցշեի այս գիրքը հիշատակվում է նաև «Հակաքրիստոսը» վերնագրով։ «Մենք նախընտրեցինք «Դերաքրիստոսը», բառ մը, որ միշտ գործածուած է հայ դասական աւանդութեան մէջ՝ որպէս յայտնութենական էակին անունը, որ պիտի այցելէ աշխարհը Քրիստոսի երկրորդ գալուստէն առաջ։ Սակայն գերմաներենում այն կարող է նշանակել «հակաքրիստոնյան», այսինքն՝ քրիստոնեության դեմ դիրք բռնողը»,- նշում է Նշանեանը։

 Մարկ Նշանեանը կարծում է, որ Նիցշեն այս աշխատության մեջ ամենաքիչն է հակաքրիստոնյա։ Նիցշեի ստեղծագործությունները լայնորեն թարգմանվել են հայերեն։ Արևելահայերեն թարգմանությունները կատարել է Հակոբ Մովսեսը, ով առնվազն չորս հատոր է թարգմանել Նիցշեից։

 Իսկ գրքասերները այսուհետ գրքի արևմտահայերեն թարգմանությունը կարող են ձեռք բերել գրախանութներից և բացահայտել Նիցշեի փիլիսոփայությունը։


Լիլիա Արզումանյան
Դիտումներ: 1011