Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ «ՇՈՂՈՔՈՐԹԸ»` ԳՅՈՒՄՐՈՒ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆԻ ԲԵՄՈՒՄ

    «Շողոքորթ չեն ծնվում, շողոքորթ դառնում են: Մարդկանց շատ հաճախ դուր է գալիս լսել գովաբանող սուտն իրենց մասին: Հասարակության հենց այդ հատվածն է ծնում, սնում ու զարգացնում շողոքորթին: Շողոքորթները միշտ էլ լինելու են, դուք եք ծնում նրանց և միայն «առողջանալով» կարելի է ձերբազատվել նրանցից», պարոնյանական այս խոսքերն ու բոլոր ժամանակների արատի մասին սկսել են խոսել Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում. ոչ միայն խոսում են, այլև բեմից ներկայացնում են այդ երևույթի բոլոր հետևանքները:
    «Շողոքորթն» առաջին անգամ բեմադրվել է 1976թ. ռեժիսոր Կարեն Աբրահամյանի կողմից: Ներկայացումը երկար ժամանակ եղել է թատրոնի խաղացանկում: Առաջնախաղն իր ներկայությամբ պատվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն: «Շողոքորթ»-ում խաղացել են թատրոնի ճանաչված ու շնորհաշատ դերասաններ Ռազմիկ Բադալյանը, Ա. Աբելյանը, Ա. Գյոդակյանը, Լ. Մայլամյանը:
    3241 տարի անց Գյումրու դրամատիկական թատրոնում այլ լուծումներով և մեկնաբանությամբ ներկայացումը բեմադրում է ռեժիսոր Արա Բաղդասարյանը:
    «Մենք նոր մտահղացում ունենք. պարբերաբար Գյումրու թատրոն ենք հրավիրելու այլ ռեժիսորների, ովքեր կյանքի կկոչեն իրենց գաղափարները: Մեր թատրոնն իր գեղագիտությունն ունի, բայց միշտ անհրաժեշտ է նոր ճաշակ ու մուտք»,-ասում է Լյուդվիգ Հարությունյանը:
    Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի խոսքով ներկայացման ծախսերը 2 մլն դրամից ավելի են: Մշակույթի նախարարությունը չի հոգացել ֆինանասկան ծախսերը:
    «Գյումրու թատրոնը դեռ որևէ ծախս չի պահանջել, քանի որ այն աշխատում է ժամանակակից լավագույն մոդելով: Կարծում եմ, որ մյուս թատրոնները պետք է ձգտեն հասնել Գյումրու թատրոնի մակարդակին:
    Այս հիասքանչ առաջնախաղը խոսում է այն մասին, որ նշանակություն չունի, թե թատրոնը որտեղ է. կարևորը գեղագիտական հաճույքն է, որը ստանում ենք»,-նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
    Իսկ Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը նշեց, որ վերջապես պետք է ձերբազատվել այն մտայնությունից, որ կան «մարզային թատրոններ». կա միայն մեկ թատրոն՝ համայն հայության թատրոնը:

Անահիտ Հարությունյան
  • Created on .
  • Hits: 3529

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: