ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ «ԴԼԵ ՅԱՄԱՆԸ» ՀՆՉԵՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

    Գյումրու ազգային գեղագիտական կենտրոնում համատեղ համերգային ծրագրով ելույթ ունեցան հայ և թուրք երաժիշտները: Նիդա Աթեշը և Սուրեն Ասատրյանը միասին նվագեցին հայկական և թուրքական ավանդական մեղեդիները:
    «Երաժշտությունը ազատություն է, ինչպե՞ս կարող ենք սահմանափակել այն. մեր քարոզը ազատությունն ու ազնվությունն է»,- այսպես  մեկնաբանեց դուդուկահար Սուրեն Ասատրյանը  հայ և թուրք երաժիշտների համատեղ համերգի  նպատակն ու աղերսը:
    Երաժշտության լեզվով երկխոսելու միջոցով երաժիշտները ցանկանում են  գտնել շփման այն ուղիները, որոնք հնարավորություն կտան, եթե ոչ բարեկամներ, ապա որպես  հարևաններ  ապրել կողք կողքի ու  կարողանալ ստեղծագործել: Այս կարծիքը կիսեց թուրք երաժիշտ Նիդա Աթեշը, ով  ծնվել է Ստամբուլում, ապա սովորել Իզմիրում, իսկ այժմ բնակվում է Բուրսայում:  Հոր շնորհիվ մանկուց ավանդական երաժշտության միջավայրում է դաստիարակվել ու արդեն 25 տարի է պրոֆեսիոնալ երաժշտությամբ է զբաղվում:
    «Ինչպես թուրք հայտնի գրող  Յաշար Քեմալն է  ասել. «Մենք պետք է շփման լեզու գտնենք` անլեզու, անբերան չմնանք»: Եթե բարեկամության կոչեր լինեն, հաշտության, ապա ինչպես ջուրն է իր ճանապարհը գտնում ու գնում, նույն կերպ նաև մարդիկ իրենց համատեղ ճանապարհը կգտնեն ու կապրեն իրար հետ: Բայց,  ցավոք սրտի, հակառակ ուղղությամբ գաղափարախոսություն է տարածվում ոչ միայն  մեր տարածաշրջանում, այլև  ամբողջ աշխարհում: Մենք էլ մեր երաժշտությամբ ուզում ենք հակազդել այս ամենին»,- նշեց Նիդա Աթեշը:
    Հայ և թուրք երաժիշտների խոսքերի ապացույցը եղավ «Դլե Յաման» ստեղծագործության համատեղ կատարումը: Մի պահ կարծես հանդիսատեսը զարմանք ապրեց  նման համագործակցությունից ու համարձակ քայլից:
    Դուդուկի հետ   երկխոսում էր թուրք երաժիշտի լյուդն ու բաղլաման: Ինչպես նշեց  Նիդա Աթեշը, երկուսն էլ սազի ընտանիքի գործիքներից են և ավելի շատ օգտագործվում եմ անատոլիական մեղեդիներում. դրանք հնչեցին նաև համատեղ համերգի ընթացքում: Նիդա Աթեշի նվագին  միանում էր նաև  դուդուկը ու   երբեմն հնարավոր չէր լինում սահմաններ գծել ու տարանջատել հայկական ու թուրքական մեղեդիները:
    «Երաժշտությունը չի կարող սահմաններ ունենալ. սահման գծում են  քաղաքագետները, իսկ մենք նույն տարածաշրջանի ժողովուրդ ենք, ու դրա համար սահմաններ գծելն անհնար է» -, նշեց Նիդա Աթեշը:
    Նիդա Աթեշի և Սուրեն Ասատրյանի համագործակցությունը նոր չէ, նրանք արդեն հինգ համատեղ համերգ են կազմակերպել Ստամբուլում, որոնցից մեկը տեղի է ունեցել Պատրիարքարանի Մայր եկեղեցում: Հանդիսատեսը, որի գերակշիռ մասը եղել է ազգությամբ թուրք,   հաճույքով  ունկնդրել է համերգին  հնչած ստեղծագործությունները:   
    «Դուդուկի և սազի համանվագով շատ գեղեցիկ ժողովրդական մեղեդիներ են ստացվում, և դա դուր է գալիս ժողովրդին. երաժշտության լեզուն հասկանալի է բոլորին», -  ասաց արմատներով բայազետցի դուդուկահար Սուրեն Ասատրյանը:  
    Համերգը Եվրամիության «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում կազմակերպել էին Անադոլու Քյուլթուրը  և Նիլուֆերի քաղաքապետարանը: 


   
                                                                                                         Անահիտ Հարությունյան
  • Created on .
  • Hits: 2791

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: