«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՐՀԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿՅԱՆՔԸ՝ ԱՆԿԱԽ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԻՑ»․ ՅԱՆ ԶԻՉԼԻՆՍԿԻ

 «Լուսանկարում պատկերված պապիկին հանդիպել եմ Երևանում՝ փախստականների ժամանակավոր կացարաններից մեկում, որտեղ ապրում են հիմնականում Բաքվից եկած փախստականները: Երբ առաջին անգամ տեսա բազմոցին նստած փոքրամարմին ծերունուն, մտածեցի` երևի չկարողանամ նրա հետ զրուցել: Բայց երբ տեսավ, որ իսկապես հետաքրքրված եմ իր կյանքով, սկսեց պատմել: 94-ամյա զրուցակիցս իր պատմությունն սկսեց ռուս-ֆիննական պատերազմից (1939 թ.), որին մասնակցել է որպես խորհրդային բանակի զինվոր:

Հետաքրքիր էին նրա զրույցները կյանքի, պատկերացումները ապագայի մասին: Պապիկը ամենաշատն ուզում էր, որ ամեն երևանցի գոնե մեկ ծառ տնկի, որպեսզի Երևանը դառնա աշխարհի ամենականաչ քաղաքը: Իրենց կացարանի տարածքում միայն ինքը երեսունից ավելի ծառ էր տնկել ու խնամում էր»,- Cultural.am-ի հետ զրույցում պատմեց Բեռնի համալսարանի պրոֆեսոր, լուսանկարիչ Յան Զիչլինսկին:

Այս օրերին Հայաստանում գտնվող լուսանկարիչը մարտի 17-ին Երևանի պետական համալսարանում ներկայացավ «Սահմաններից այն կողմ. Հարավային Կովկասի մոռացված փախստականները» խորագրով լուսանկարների ցուցահանդեսով:

Փախստական պապիկի լուսանկարը մեկն է այն հազարավոր լուսանկարներից, որոնցում պատկերված են Հարավային Կովկասում բնակվող փախստականներն ու ներքին տեղահանվածները:

«Առաջին այցս այս տարածաշրջան ընդամենը հետաքրքրություն էր մարդկանց, երկրների, բնապատկերների նկատմամբ: Ընթացքում ծանոթացա տարածաշրջանում առկա խնդիրներին, ուշադրությունս գրավեցին փախստականների կացարանները, որոշեցի վեց ամսով արձակուրդ վերցնել իմ համալսարանից ու մնալ այստեղ՝ ուսումնասիրելու փախստականների կյանքն ու խնդիրները»,- ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց Յան Զիչլինսկին:

Այս ուսումնասիրության արդյունքում լուսանկարիչը հանրությանը կարող է ներկայացնել մոտ քսան հազար լուսանկար: Դրանցից հարյուր երեսունն արդեն հրատարակվել են «Սահմաններից դուրս․ հեռազոտություններ Հարավկովկասում մոռացված փախստականների մասին» պատկերագրքով:

Փախստականների կյանքի ու կենսակերպի դրվագները Զիչլինսկին լուսանկարել է Հայաստանում, Արցախում, Ադրբեջանում, Վրաստանում և Հարավային Օսեթիայում 2014 թվականին:

«Սահմաններից այն կողմ. Հարավային Կովկասի մոռացված փախստականները» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ: Մինչ այդ, այն ներկայացվել է Թբիլիսի, Բեռն, Ցյուրիխ, Բեռլին, Լայպցիգ, Չեմնից և Նյու Յորք քաղաքներում։

«Հետաքրքրությունը մեծ էր, որովհետև Եվրոպայում քչերը գիտեն, որ այս տարածաշրջանում փախստականներ կան: Նրանք այսպես կոչված՝ մոռացված փախստականներն են: Լուսանկարելով նրանց՝ նպատակ ունեի ուշադրություն գրավելու այս երկրներում փախստականի կարգավիճակ ստացած մարդկանց, նրանց խնդիրների վրա: Ուզում եմ աշխարհին ցույց տալ փախստականի կյանքը՝ անկախ ազգությունից, որովհետև, ի վերջո, նրանք բոլորն էլ պատերազմի զոհն են ու հետևանքների կրողը, բոլորն էլ մարդ են ու ապրում են նույն սոցիալական պայմաններում»,- ընդգծեց Բեռնի համալսարանի պրոֆեսորը:

Հայաստանյան ցուցահանդեսում ընդամենը 26 լուսանկար է ներկայացված, բայց Զիչլինսկու խոսքով՝ այդքանով էլ է հնարավոր բավական խորը պատկերացում կազմել փախստականների կյանքի մասին:

«Այս մարդկանցից շատերը փախստականի կարգավիճակ ունեն ավելի քան 25 տարի: Նրանք իսկապես օտարված են իրենց հասարակությունից: Չեմ կարող ձեզ պատմել նրանցից ամեն մեկի պատմությունը, բայց յուրաքանչյուր լուսանկարի հետևում պատմություն կա: Դա ուղղակի գնալ, լուսանկարել, վերադառնալ չէր: Երբեմն մեկ-երկու օր ապրել եմ այդ մարդկանց հետ, դարձել նրանց առօրյայի մի մասը: Միայն այդպես է հնարավոր եղել լուսանկարել նրանց: Այդ լուսանկարներում տեսնում ենք մարդկանց տարբեր իրավիճակներում՝ ուտելիս, խոսելիս, լռելիս…

Պետք է նախանձախնդիր ու համբերատար լինես, փորձես ունենալ և զարգացնել ինքնուրույն կարծիք, որպեսզի իրերին չնայես այնպես, ինչպես ընդունված է կամ երևում է․ ամեն ինչի հետևում ինչ-որ բան կա, ու դրա բացահայտման համար ժամանակ է պետք: Կարծում եմ՝ լուսանկարը մեկն է այն միջոցներից, որն ավելի խորքային է ցույց տալիս երևույթի էությունը»,- նշեց Յան Զիչլինսկին:

Սիրանուշ Հայրապետյան
  • Created on .
  • Hits: 2699

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: