«ՊՈԼԼՈՔԻՑ ԵՆ ՈԳԵՇՆՉՎԱԾ». ՍՏԵՖԱՆԻ ԱՍԱՏՐՅԱՆԸ՝ ԻՐ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Մարտի 17-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվեց երիտասարդ գեղանկարչուհի Ստեֆանի Ասատրյանի առաջին անհատական ցուցահանդեսը:

«Հուզված եմ: Շատ էի սպասում այս ցուցահանդեսին: Ստեղծագործական մի փուլի ավարտ է: Ցանկություն ունեի նոր գործեր անելու, նորովի ներկայանալու, բայց պետք էր եղածը ինչ-որ կերպ ավարտի հասցնել: Կարելի է ասել՝ վերջակետ է»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց գեղանկարչուհին:

Ստեֆանին սովորում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժնի երրորդ կուրսում: Մինչ այս, մասնակցել է շատ խմբակային ցուցահանդեսների, այդ թվում՝ անցյալ տարի Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) նախաձեռնած «Նոր տաղանդներ - 2016» նախագծին:

«Ֆոտո և վիդեո ինստալյացիա էինք ներկայացրել: Ես վիդեոարտի հեղինակն էի: Հետաքրքիր փորձ էր: Առաջին անգամ էի վիդեո արտադրանք ստեղծում: Ծավալուն աշխատանք էր, բայց կարծում եմ՝ էլի փորձեր կլինեն. պրոցեսն ինձ դուր եկավ»,- նշում է Ստեֆանին:

Իր առաջին անհատական ցուցահանդեսն անվանել է "Narrative": Թեև բառը տարբեր իմաստներ է արտահայտում, բայց Ստեֆանին այն գործածել է որպես «նկարագիր»:

Ներկայացված 30 աշխատանքներն արվել են վերջին 5 տարիներին:

«Ոճային և իմաստային առումներով տարբեր գործեր են: Կա թատերական ներկայացումներից մեկին նվիրված շարք, ներկայացված են նաև էսքիզները:

Չեմ կարող որևէ նկարչի առանձնացնել, բայց կարող եմ ասել, որ ներկայացված գործերից շատերը Պոլլոքից են ոգեշնչված»,- պատմում է Ստեֆանին:

Նկարում է պաստելով, յուղաներկով, ջրաներկով այն ամենի վրա, ինչի վրա հնարավոր է նկարել՝ լինի թերթ, կտավ, թե ստվարաթուղթ: Նկարելուց բացի, զբաղվում է նաև անիմացիայով: Այժմ աշխատում է Sahakyants Animation Studio-ում: Ցանկանում է մի օր վավերագրական ֆիլմ նկարահանել:

Ստեֆանի Ասատրյանի աշխատանքները «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում կցուցադրվեն մինչև մարտի 24-ը:

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2879

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: