ՊԱՏԵՐԱԶՄԻ ՑԱՎՆ ՈՒ «ՄԱՆԱՆԱ» ԳՏՆԵԼՈՒ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐԸ

    Շարունակվող պատերազմ, որը դեռ չի դարձել պատմություն, իսկ հետևանքների մասին բարձրաձայնվում է նաև արվեստի լեզվով կամ այս դեպքում թատերական արվեստով: Խոսքը Սիրիայում շարուկավող պատերազմի մասին է: Ավերված երկրի ու տների հետ հաճախ աննկատ ու աստիճանաբար, շատերիս աչքից հեռու քարուքանդ են լինում մարդկային հոգիները: Մարդիկ, կորցնելով տուն ու տեղ, դեգերում են գտնելու համար այն նոր տունը, որտեղ հոգին նորից կնորոգեն ու նոր կյանք կսկսեն:
    Պատմություն չդարձած այս ցավը շատերին ի լուր պատմում է Թատրոն 8 թատերախումբը: Ներկայացման բեմադրիչը Կարո Բալյանն է: Չի եղել նախնական սցենար. բեմադրիչը, զրուցելով Սիրիայից Հայաստան եկածների հետ, նրանց դժվարությունները դարձրել է մի պատմություն բեմի վրա, որը կոչվում է «Մանանա»:
    Պատերազմ տեսածի ցավը, տունը կորցրածի մրմուռը, հոգու դեգերումները ավելի արտահայտիչ են դարձրել ու բեմադրիչին իրենց խորհուրդներով օգնել են նույն ներկայացման սիրիահայ դերասանները` Մովսես Սարգիսյանն ու Պերճ Ճելլատյանը:
    1789Բեմում նրանք եղբայրներ են, իրական կյանքում Հալեպից եկած ու միայն Հայաստանում իրար գտած երկու հայրենակից: Նրանց միավորել է ոչ միայն հայրենի հողը, այլև դժվարությունները` նոր միջավայրում հարմարվելու, կեցության պայմաններ ստեղծելու ու համակերպվելու այն մտայնությանը, որ արդեն ունեն երկու պատկանելիություն. «Ճիշտն ասած, ես թե՛ էստեղին եմ պատկանում, թե՛ էնտեղին. հավասար եմ բաժանում եմ իմ պատկանելիությունը` հայաստանցի ու սիրիացի: Ես Հալեպում եմ ծնվել-մեծացել, ապրել եմ էնտեղ մինչև 18 տարեկան, պատերազմ եմ տեսել ու այդ ցավը չեմ մոռանա» , - մեզ հետ զրույցում նշեց Մովսես Սարգիսյանը:
    Նոր կյանքի փնտրտուքը ներկայացնելուց բացի, բեմադրությունը բարձրացնում է ևս մեկ հարց, որը տանջում է ոչ միայն սիրիահայերին, այլև ամբողջ հայությանը`թողնել Հայաստանն ու օտար ափերում գտնել հաջողությունը կամ «հեշտությամբ ձեռքբերվող» մանանան: Բայց ինչպես կյանքում, այնպես էլ բեմում պարզվում է, որ օտար ափերում երկնքից մանանա չի թափվում ու ամեն ինչ ավելի դժվար է, քան Հայաստանում: «Ես էլ թատրոնի հերոսի նման գնացի օտար ափեր բախտ որոնելու ու պարզեցի, որ այնտեղ ավելի դժվար է: Այստեղ երեխաս հայերով է շրջապատված ու կա ապահովություն: Ճիշտ է, պետությունը քիչ է օգնում, բայց դա է այս պետության հնարավորությունը: Հայաստանում մենք շատ խնդիրների բախվեցինք բնակարանի հետ կապված, բայց երբ իմացանք, որ Գյումրիում երկրաշարժից հետո պետությունը դեռ չի կարողացել բնակարանով ապահովել իր քաղաքացիներին, մեր պահանջներն էլ սահմանափակվեցին»,-անկեղծանում է Պերճ Ճելլատյանը:
    «Սկզբում շատ դժվարություններ կային, որովհետեև մեր կամքով չէինք հայտնվել այստեղ, բայց եթե դրախտ էլ գնայինք, միևնույնն է դժվար էր լինելու»,- ավելացնում է Մովսես Սարգիսյանը:
    998«Մանանա» ներկայացման 50 րոպեների ընթացքում ներկայացվում է անորոշ ներկայով և լավ ապագա գտնելու ակնկալիքով Հայաստան եկած մեր հայրենակիցների հոգեվիճակը: Սրանով փորձ է արվում ավելի լավ հասկանալու սիրիահայ հայրենակիցներին՝ փորձելով ստեղծել երկխոսություն սիրիահայերի և հայաստանաբնակների միջև: Հենց սիրիահայ դերասանների ներգրավումը ներկայացմանը այն վառ օրինակն է, որ տարբեր ոլորտներում ու հարթակներում պետք է լինի այդ համագործակցությունն ու ինտեգրումը: Իսկ արվեստը այն զենքն է, որ յուրաքանչյուրի խնդիր հասցնում է հանդիսատեսին ու դարձնում համընդհանուր:
    «Մանանա» ներկայացումը սիրիահայերին թատերական ներկայացման մեջ ներգրավելու առաջինն փորձն էր: Կարևոր համարելով թատրոնի դերը հասարակական կյանքում՝ դերասանները ջանում են իրենց խաղով արժանանալ հայրենակիցների ուշադրությանը: Արվեստի կարևորագույն առանձնահատկությունը իրականությանը մոտ լինելն է. թատրոնն էլ իրականությունից է առնվել»,-կիսվում է Մովսեսը, իսկ Պերճը հավելում, որ տեղի հանդիսատեսը նրբաճաշակ է և պետք է անել ավելին` համոզելու, ազդելու, խոսքն ու խնդիրը տեղ հասցնելու համար:
   
    Նշենք, նաև որ թատերախումբը «Մանանա» բեմադրությունը ներկայացնելու է նաև այլ մարզերում: Աջակիցներն են՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և Կանադայի կառավարության տեղական նախաձեռնությունների հիմնադրամը:


Անահիտ Հարությունյան
 
  • Created on .
  • Hits: 2533

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: