ՆՇԱՆ ԱԲԱՍՅԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Դու իմն ես այնպես,
ինչպես դեղինն է արևինը,
ինչպես հայացքն է աչքերինը,
ինչպես մերկ տողն է
բառերինը չգրվող․․․
«Ուրիշ լռություն» գրքից
Նշան Աբասյանի «Ուրիշ լռություն» գրքի շնորհանդեսը տեղի էր ունեցել անցած տարվա հոկտեմբերին։ Այսօր «Հայ գիրք» գրախանութում կազմակերպված հանդիպման ժամանակ ընթերցողները հնարավորություն ունեցան հանդիպել հեղինակին, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։
Գրող-ընթերցող հանդիպումները կարևորում է նաև Նշան Աբասյանը․ «Առօրյան մեզ այնքան է կլանում իր հոգսերով, որ երբեմն մոռանում ես, որ գրող ես։ Այս հանդիպումները լավ առիթ են, որ նորից ներշնչվես, հավատաս ինքդ քեզ, քո ուժերին, լիցքավորվես նոր ստեղծագործություններ գրելու համար, նաև իմանաս ընթերցողի արձագանքը, դիտարկումները»։
Սահյան, Բակունց, Մաթևոսյան․ սրանք այն հեղինակներն են, որոնք ազդեցություն են թողել հեղինակի վրա։
«Ուրիշ լռություն» գրքի տպագրությունը հեղինակի համար նոր փուլի սկիզբ է դարձել։ Հիմա մտածում է գեղագիտական մտածողության մեկ այլ շերտում որոնումներ անելու մասին։ Ասում է՝ ժամանակը եկել է։
Լռությունը բանաստեղծի համար ինքն իրեն հասկանալու հրավեր է․ «Պարտադիր չէ, որ լռության մեջ ձևակերպված փիլիսոփայական ասելիք լինի, կարող է լինել անդորրի, խաղաղության փոխանցում»։
«Շողակաթ» հեռուստաընկերության նկարահանած «Հանդարտ եմ գալիս» ֆիլմում հնչում են Նշան Աբասյանի բանաստեղծությունները։
«Լավ ձևաչափ է մեր ժամանակների համար՝ մատչելի, հեշտ տարածվող, գրավիչ։ Բանաստեղծությունը ֆիլմի շերտերից մեկն է միայն․ֆիլմը ստեղծագործական սինթեզ է։ Ամեն դեպքում բանաստեղծությունն իր ամբողջ էությամբ բանաստեղծություն է միայն ու միայն գրքի մեջ»,- նշում է հեղինակը։
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3485