ԲԱՌԵՐ ԵՎ ԸՆԹԱՑՔ

nshan_abasyan
 Ամռանը տանը կլինեմ:
 Մայրս սուրճ կպատրաստի:
 Երկուսով կնստենք պատշգամբում:

 Արևը կզրնգա:
 Ճնճղուկը կծլվլա կարճլիկ-կարճլիկ…
 Խաղա՜ղ-խաղաղ կլինի…

                                                                      - Ի՞նչ կա քաղաքում,- մորս ձայնը հանկարծ կշոյի լռությունը․․․
                                                                      Հետո ծառից մի ծիրան ցած կթրմփա։
                                                                      Ես ու մայրս երկա՜ր կնայենք կեսօրին ու սուրճ կխմենք…
                                                                     - Առաջվա պես, մամ…

                                                                     Ամռանը տանը կլինեմ:

    Նշան Աբասյանի այս բանաստեղծությունը հեղինակի «Ուրիշ լռություն» գրքի շնորհանդեսին ընթերցեց անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
0001911    «Ինչ հետաքրքիր է. բառեր և ընթացք, երաժշտության մեջ շատ կարևոր է ընթացքը, կարևոր է նաև գրական աշխարհում, օրինակ՝ պրոցեսի, շարժման առկայությունը արձակի մեջ, չնայած այս դեպքում կարելի է ասել՝ անշարժություն է, մեկ էջանոց բանաստեղծություն, որի մեջ բառը և շարժումը շատ լավ են իրար գտել»,- նշեց մաեստրոն։
    «Ուրիշ լռությունը» Նշան Աբասյանի երրորդ բանաստեղծական ժողովածուն է։ Ամփոփում է հեղինակի վերջին հինգ տարիների աշխատանքը։ Ինչպես Աբասյանն է ասում՝ ժողովածուն մեկ ամբողջական բնավորություն ունի։
    «Երբ մի պահ կանգ ենք առնում, մեկ էլ հանկարծ նկատում ենք մեր շուրջը եղած այն փոքրիկ, բայց առատ գեղեցկությունները, որոնց մեջ ապրում էինք տարիներ շարունակ։ Ծառից ընկած մի տերև, մոր փեշից կառչած չարաճճի մանչուկ, մարդիկ և ի վերջո Աստված, որ սիրո, լույսի, համբերության և օրհնությունների աղբյուր է մեզ համար։ Ներշնչանք միշտ կա»,- ասում է հեղինակը։
    Աբասյանի խոսքով՝ յուրաքանչյուր մարդ կարիք ունի մի պահ դադար տալու և անդրադարձ կատարելու մի շարք բաների. «Բանավեճերի, կարծիքների բախման, աղմուկի այս ժամանակներում յուրաքանչյուրս կարիք ունենք անդրադառնալու մեր ներսին, այն արժեքներին, հոգևոր ակունքներին, որտեղից մենք իրականում գալիս ենք։ Ստեղծագործելն իմ ներսում աղմկող մարդուց հրաժարվելու փորձ է»։
Աննա Կարապետյան