ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ANSEF ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՆՁՆՎԵՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

«Հայաստանին պետք է ուժեղ ինտելեկտուալ համայնք, որը կօգնի երկրին բարելավելու իր տնտեսությունը, կխրախուսի մարդկանց լինելու ավելի գործուն և կնպաստի հասարակության ավելի բարեկեցիկ կյանքին: Մենք պետք է համախմբվենք և ձգտենք դրան»:
Երվանդ Թերզյան
Գիտության և կրթության հայկական
ազգային հիմնադրամի (ANSEF) նախագահ
ազգային հիմնադրամի (ANSEF) նախագահ
Հայաստանցի 107 գիտնականներ դրամաշնորհներ ստացան ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ/ANSEF) կողմից՝ գիտական հետազոտություններ իրականացնելու համար։ Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ:
Այս տարի դրամաշնորհային մրցույթին ներկայացվել է 244 գիտական հայտ։ ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 32-ը (107 գիտնական)։ Գիտական խմբերի ղեկավարներից 18-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են: Երիտասարդ գիտնականներն այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում ստացան իրենց հավաստագրերը։
«Մինչև 1920-ական թվականները բավականին ակտիվ մոդեռնիզմի դրսևորումներ ենք ունեցել, նույնիսկ մոդեռնիստական գլուխգործոցներ կան, որոնք խորհրդային գրականագիտության կողմից մոդեռնիստական են հորջորջվել և մոռացության մատնվել։ Օրինակ՝ Մկրտիչ Արմենի «Երևան» վեպը, որը մեկ անգամ է հրատարակվել և ոչ մի վերահրատարակություն չի ունեցել։ Մկրտիչ Արմենին կարելի է մոդեռնիզմի ներկայացուցիչ համարել։ 1990-ականներին, երբ համաշխարհային գրականության մեջ արդեն պոստմոդեռնիստական միտումներն էին տիրապետող, հայ գրականությունը նոր էր սկսում մոդեռնիզմը «մարսել»։ Պատահական չէ, որ այդ ժամանակ մեր գրական մամուլում նորից սկսեցին տպագրել մոդեռնիզմի հանգանակները»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց արձակագիր Հրաչյա Սարիբեկյանը։
Հր. Սարիբեկյանի խոսքով՝ թեման ուսումնասիրված չէ․ «Կան մասնավոր ուսումնասիրություններ, առանձին հոդվածներ։ Մեր խնդիրն է համակարգել այդ ամենը, փորձել ստեղծել ժամանակաշրջանի ամբողջական պատկերը»։
«Հայաստանում աշխատանքը վերսկսելու համար դրամաշնորհը մեծ օգնություն էր։ Երկար տարիներ արտերկրում աշխատելուց հետո դժվար էր հարմարվել տեղի պայմաններին։ Ստացանք դրամաշնորհը և մեծ ջանքերով ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտում լաբորատորիա ստեղծեցինք, որը գործում է մինչ օրս»,- պատմում է Քրիստինե Դանիելյանը։
Գիտնականն աշխատել է Գերմանիայում, այնուհետև Մայամիի և Փենսիլվանիայի համալսարաններում։ Այժմ դասավանդում է Երևանի պետական համալսարանում՝ փորձելով ստացած գիտելիքները փոխանցել հայ ուսանողներին։
Ք. Դանիելյանի ղեկավարած խմբի ուսումնասիրության առարկան պրոլիֆերացիան է (բորբոքման ավարտուն փուլը, որն ուղղված է վնասված հյուսվածքի վերականգնմանը)։
«Փորձում ենք գտնել այն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի խթանել վերականգնողական պրոցեսները ինսուլտից հետո»,- նշում է նա։
Հետազոտությունն իրականացնելու համար խմբերն ունեն մեկ տարի ժամանակ։
ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտա Փիլիպոսյանի խոսքով՝ տարիների ընթացքում մրցույթը երիտասարդացել է «Ութ տարի առաջ այսքան երիտասարդ գիտնականներ չկային։ Տարիների ընթացքում տղամարդ գիտնականների հետ սկսեցին մրցակցել նաև կանայք»։
Մ. Փիլիպոսյանը մրցույթը լավ դպրոց է համարում, ճանապարհ դեպի մեծ գիտություն։
ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով տրվող դրամաշնորհների մրցույթն իրականացվում է 2001 թվականից։ Անցած 16 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել են մոտ 2000 դիմում-առաջարկներ։ Դրամաշնորհներ են ստացել 404 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել 1545 գիտնականներ։ Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 20 հազար դոլար։
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3122