Հանդիպում Art bridge-ում

    «Այդ ժամանակից սկսած կրիայիցս սովորեցի ինքս իմ մեջ թափանցել` կծկվել, մի անկյունում  փոքրանալ, ներթափանցել»:  Նառա Վարդանյան
    Կրիայի պես ներթափանցումների, իր ընտանիքի, իր մանկության տարիների հիշողությունների գեղարվեստական պատկերն է Նառա Վարդանյանի գրականությունը՝ հատկապես «Անկախին սպասելիս» պատմվածքների ժողովածուն, որ մի ամբողջ սերնդի ցավոտ հիշողություն է: Հիշողությունն է պատերազմի ու նրա հետևանքների, որի մասին էլ հենց զրուցում էին գրքի քննարկման ժամանակ, որ տեղի ունեցավ երեկ Art bridge գրախանութ-սրճարանում: Հանդիպման հենց սկզբում խոսվեց ժամանակից գրականության լինել-չլինելու հարցադրման մասին, որը, ըստ «հանդիպման հերոսի»՝ Նառայի, այլևս ավելորդ է, քանի որ այդ հարցին դրական պատասխան տալիս է 90-ականներից հետո հայ իրականության մեջ գտնվող գրական սերունդը՝ իր ստեղծած թարմ, հետաքրքիր ու որակյալ գրականությամբ: Ժամանակակից գրողներից շատերը ներկա էին հանդիպմանը, բայց գրողին առավել ուրախացրեց այն փաստը, որ հանդիպմանը ներկա էին նաև դեռևս իրեն անծանոթ երիտասարդ ընթերցողներ, որոնց հետաքրքրում է ժամանակակից գրականությունը: Ներկաներից մեկի հարցին՝ որն է ժամանակակից գրականություն ասվածը, Նառան պատասխանեց իր գործերից մեկի՝ «Ընտանիք» պատմվածք-բանաստեղծության ընթերցմամբ, որով անդրադառնում է արտագաղթին, որը ժամանակակից 75642 431309996925702 1089418814 nմարդուն և հասարակությանը հուզող կարևորագույն խնդիրներից է: Ընդհանուր առմամբ հանդիպման ժամանակ առավելապես ընթերցումներ եղան, քանի որ վերջիվերջո գրողի մասին ամենից առավել իր ստեղծագործությունն է պատմում: Թերևս սա նկատի ուներ Նշան Աբասյանը, որ մեզ հետ զրույցում նմանատիպ հանդիպումների մասին նշում էր. «Իհարկե չափազանց կարևոր են նման հանդիպումները, բայց կարծում եմ` չափավոր պարբերականությամբ: Այնպես չստացվի, որ մի օր գրողը հանկարծ նկատի, որ արդեն երկար ժամանակ է` գրելու փոխարեն առավոտից երեկո խոսում է գրելու ու գրականության մասին»: Իսկ Նառայի սերնդակից բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը մշտապես ուրախությամբ է նման հանդիպումների գալիս. «Լուսավոր, տաք, մտածող ու հայացք ունեցող մարդու հետ հանդիպման ամեն փոքր առիթն էլ տոնի պես հրաշալի մի բան է դառնում: Նառան մի անգամ ստատուս էր գրել՝ ես հավատում եմ իմ սերնդին, նմանատիպ հանդիպումները օգնում են հավատալու իմ սերնդակից, ժամանակակից ոչ միայն գրողին, այլև ընթերցողին, ում էսօր շատ հաճախ հավասարեցնում են գետնին և գոյությունն անտեսում: Եվ 419501 431308930259142 194211433 nշատ ոգևորիչ է, որ հենց ընթերցողներն են այս հանդիպումը նախաձեռնել, ուրեմն լավ ճաշակ ունեն, ուրեմն մտածում են, ուրեմն մենք մի թիմ ենք, ու ես իսկապես հավատում եմ իմ սերնդին»: Եվ, իսկապես, այս հանդիպումները մտերմացնում են ընթերցողին ու գրողին, բացահայտում գրողին բազմակողմանիորեն: Այս դեպքում ընթերցողների համար որոշակիորեն բացահայտվեց Նառա Վարդանյան ստեղծագործողը, որ կենսախինդ է, ավյունով լեցուն, պինդ` քննադատության դեմ, հաճախ ժպիտով է ընդունում իր հասցեին ասված քննադատությունը, ինչին ականատես եղանք նաև երեկ, բայց և տխուր ու զգայուն է իր գրականության մեջ, կյանքի, մահվան, պատերազմի, քաղաքի և առհասարակ մարդու մասին իր մտահոգություններն ունի, որոնք էլ դառնում են պատմվածք, էսսե և առհասարակ գրականություն:
                                                                                                                                      Անի Հովնան 
  • Created on .
  • Hits: 2970

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: