Ընդդեմ գրական միջակությունների
Լույս է տեսել «Կայարան» հանդեսի առաջին համարը, որտեղ ներկայացված է հայ և արտասահմանյան փոքր արձակը: Տարեգիրքը ստեղծվել է Հայաստանի արձակագիրների «Կայարան» ակումբի նախաձեռնությամբ:
Ակումբը գործում է արդեն յոթ ամիս: Հավաքատեղին համահիմնադիր Մկրտիչ Կարապետյանի «Էդիթ Պրինտ» գրախանութն է, որտեղ նախևառաջ սկսել են կազմակերպել գրական քննարկումներ, որոնց ժամանակ էլ ծագել է հանդես ստեղծելու և թարգմանական ժողովածուներ հրատարակելու գաղափարը:
Ակումբի նախաձեռնությամբ արդեն լույս է տեսել նաև հայ ժամանակակից փոքր արձակի ժողովածու անգլերեն լեզվով: Առաջիկայում նախատեսվում է նմանատիպ ժողովածու արաբերեն լեզվով:
Հադեսում նախատեսվում է առանձնացնել բաժին, որտեղ կտեղադրվեն օժտված երիտասարդների ստեղծագործությունները:
«Կայարան» ակումբն իր նպատակն է համարում վերականգնել բարձր չափանիշները, ներկայացնել այն հեղինակներին, որոնց ակումբի կոլեկտիվը տաղանդավոր է համարում, պրոպագանդել նրանց գրականությունը թե´ Հայաստանում, թե´ նրա սահմաններից դուրս:
«Ակումբի նախաձեռնողների գրական ճաշակն ու չափանիշները, անշուշտ, տարբեր են: Բայց մենք ունենք միևնույն թշնամին ու հակառակորդը` գրական անտաղանդությունն ու մարտնչող միջակությունը, միևնույն նպատակն ու սերը առ գրականություն: «Կայարան» գրական հանդեսի անդրանիկ համարում ներառված բոլոր ստեղծագործությունները չէ, որ ակումբի անդամների հիացումն են առաջացնում, սակայն, վստահ ենք, այստեղ անարժեք գործ չեք գտնի»,- ասվում է տարեգրքի առաջաբանում:
Արձակագիր Սուսաննա Հարությունյանը, որն ակումբի հիմնադիրներից է, տեղեկացրեց, որ այն բաց ակումբ է, և բոլոր արձակագիրները կարող են մասնակցել իրենց քննարկումներին:
- Created on .
- Hits: 2661