«ՓԱԿ ՍԱՀՄԱՆԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ»․ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ

    Ստամբուլ, Անկարա, Թիֆլիս, Երևան․ հենց այս քաղաքներում են իրականացվել «Փակ սահմանի երկխոսություն» ֆիլմի նկարահանումները։
    Ֆիլմը պատմում է վերջին քսանհինգ տարվա ընթացքում Հայաստանի և Թուրքիայի շփման մի քանի առիթների  մասին։ Ֆիլմի պրեմիերան կայացավ այսօր Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի դահլիճում։
    «Ֆիլմի գաղափարն էր ցույց տալ, թե Հայաստանի անկախության հռչակագրի ընդունումից մինչ օրս ինչ շփումներ են եղել Հայաստանի և Թուրքիայի միջև պետական մակարդակով։ Փորձել ենք հնարավորինս (քանի որ շփումների մի մասը գաղտնի է եղել)  համապարփակ ներկայացնել»,-մեզ հետ զրույցում ասաց նախագծի ղեկավար և սցենարի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը։
    «Փակ սահմանի երկխոսության» մեջ են մտել Հայաստանի և Թուրքիայի շփումներում և բանակցությունների գործընթացում դերակատարում ունեցած պաշտոնաթող գործիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Թուրքիայից։
    Պասկևիչյանի խոսքով թուրքական կողմը դրական է ընդունել ֆիլմի գաղափարը, նախապես կազմված ցանկից գրեթե բոլորին կարողացել են ընդգրկել․«Մեկ-երկուսն են մերժել, այն էլ առողջական պատճառներով։ Ցանկանում էինք նկարահանել նաև 1993-2000թթ․Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելիին, բայց նա վատառողջ էր։ Դրանից մի քանի շաբաթ անց մահացավ»։
    DSC01105Թուրքիայում աշխատանքները համակարգել է Թուրքիայի պատմության հիմնադրամի (Tarih Vakfi) ներկայացուցիչ Մեսութ Յաշար Թուֆանը, ով նույնպես ներկա էր ֆիլմի պրեմիերային։
    Թուֆանը հույս հայտնեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կունենան նույն հաջողությունը, ինչ «Փակ սահմանի երկխոսություն» ֆիլմը։
    «Երբ նայում ես վերջին մի քանի տարիների պատմությանը և փորձում ես ուսումնասիրել, նոր հայացք ես գցում, այլ բաներ ես հայտնաբերում։ Ֆիլմի շնորհիվ վերանայեցինք պատմությունը, փորձեցինք տեսնել, թե որ կետերում ենք սխալներ արել և հասկանալ, թե ինչպես կարող ենք հաղթահարել այդ սխալները»,-նշեց Մեսութ Յաշար Թուֆանը։
    Ֆիլմը թարգմանվում է թուրքերեն։ Մտադիր են այն դուրս հանել նաև միջազգային ասպարեզ՝ թարգմանելով անգլերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով, սակայն այս պահին չկան համապատասխան ֆինանսական միջոցներ։
    Տիգրան Պասկևիչյանի կարծիքով ֆիլմը արտերկրում նույնպես հաջողություն կունենա, քանի որ իր տեսակի մեջ նորություն է։
    «Փակ սահմանի երկխոսություն» ֆիլմը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի դրամաշնորհային ենթածրագրի շրջանակներում։ Ֆիլմն արտադրել է «Վերսուս» ստուդիան Թուրքիայի պատմության հիմնադրամի (Tarih Vakfi) հետ համագործակցությամբ և Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի աջակցությամբ, ով նույնպես ժամանել էր Երևան ֆիլմի պրեմիերայի առիթով։ Ֆիլմի ռեժիսորն է Արա Շիրինյանը։
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3277

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: