«ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ». ԱՆՑՅԱԼԻՑ ՆԵՐԿԱ

    Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) մեկնարկեց «Հայ Ֆեստ» 13-րդ միջազգային թատերական փառատոնը։ Առաջին անգամ փառատոնի մեկնարկը տրվեց հայկական ներկայացմամբ, որը կոչվում է «Զգացողությունների թանգարան»։
    Ինտերակտիվ ներկայացման ժամանակ հանդիսատեսը դառնում է դրա անմիջական մասնակիցը։ Մասնակիցները անցնում են տարբեր սրահներով, որտեղ ցուցանմուշների, ինչպես նաև դերասանական խաղի և պարային էլեմենտների միջոցով ներկայացված են դրվագներ Հայոց ցեղասպանությունից։
    Ցուցանմուշներից ուշագրավ է հատկապես սեղանը՝ վրան կովի և խոզի գլուխներ, մեջտեղում՝ ձուկ։ Այն, որ ձուկը քրիստոնեության խորհրդանիշն է, կռահեցինք միանգամից, իսկ կենդանիների գլուխների մասին հետաքրքրվեցինք ներկայացման բեմադրիչ Վահան Բադալյանից։
    «Հասկանում եք՝ խոզը ով է, իսկ թե խոշոր եղջերավորի գլուխը ով է, աշխա՞րհն է, թե՞ ոչ, ենթադրությունները թողել եմ հանդիսատեսին»,-ասաց նա։
    Սա Բադալյանի առաջին անդրադարձն է Հայոց ցեղասպանության թեմային, բայց այս ժանրով առաջին անգամ չէ, որ ստեղծագործում է։ Բազմիցս նմանատիպ բեմադրություններ է արել Փոքր թատրոնում։
    Բեմադրիչի խոսքով «Զգացողությունների թանգարանը» ինքնին ուղերձ է. որպես հեղինակ՝ ոչ մի այլ ուղերձ նա չի դրել ներկայացման մեջ։ Փորձել է անցյալով ճամփորդելու, մտածելու տեղիք տալ հանդիսատեսին։
    «Մեր էմոցիաների հայելին ենք ստեղծել, ինչը ևս մեկ անգամ մտածելու առիթ է տալիս յուրաքանչյուր թեմայի, նաև ցեղասպանության հետ կապված։ Մաքուր զգացողություններ որպես այդպիսին առանձնացված չեն։ Մենք երբեք միայն մեկ զգացողություն չենք ապրում, դրանք միշտ խառնված են մեկը մյուսին։ Սրահից սրահ անցնելիս յուրաքանչյուր մարդուց է կախված, թե ինչ ազդակներ կստանա պատկերներից»,- Cultural.am-ի հետ զրույցում նշեց Վահան Բադալյանը։
    Ներկայացման ավարտին Հայոց ցեղասպանության դրվագները վերանում են։ Վերջին սրահում հանդիսատեսին է ներկայանում մի լուսավոր սրահ՝ պարով, երաժշտությամբ ու գույներով լի։
    «Բոլորիս երազած  հեքիաթն է»,-մեկնաբանեց բեմադրիչը։
    «Զգացողությունների թանգարանը» ՆՓԱԿ-ում կարող եք տեսնել նաև մյուս փառատոնային օրերին՝ հոկտեմբերի 2, 6, 7 (ժամը 20: 00), հոկտեմբերի 3, 4, 5 (ժամը 16:00)։          
    «Հայ Ֆեստ» 13-րդ միջազգային թատերական փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 8–ը։ 
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3009

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: