«ԱՎԱԶԵ ԱՄՐՈՑԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ» ԵՎ «ՇՇՈՒԿՆԵՐԻ ՄԱՏՅԱՆԸ» ՀԱՅ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՍԵՂԱՆԻՆ

    «Երբ առաջին անգամ կարդացի գիրքը, ինձ թվաց՝ ֆիլմ եմ դիտում։ Առաջին հայացքից թվում է, թե ընդամենը սիրո պատմություն է, բայց այդ պատմության հիմքի վրա բացվում են այլ համամարդկային թեմաներ։ Առաջինը Հայոց ցեղասպանության թեման է։ Երկրորդն այն է, որ չկան վատ ժողովուրդներ, կան վատ կառավարություններ։ Եվ երրորդը սիրո երկակիությունն է․ գրքում կա և՛ դժբախտ, և՛ բախտավոր սեր»,- Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի մասին ասում է արձակագիր, թարգմանիչ Արամ Արսենյանը։
    «Գրական տապան» միջազգային փառատոնի շրջանակներում այսօր Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ներկայացվեց «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի հայերեն հրատարակությունը, որի թարգմանիչն Արամ Արսենյանն է: Ներկա էր նաև գրքի հեղինակը, ով այս տարվա «Գրական տապանի» պատվավոր հյուրերից է։
    Ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը փառատոնի մասնակիցների և գրասերների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ յոթ երկրներում խոսել է գրքի մասին, հիմա առիթ է ընձեռնվել գիրքը ներկայացնել իր սիրելի Հայաստանում։
    «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի հիմքում ընկած է  Բոհջալյանների տոհմի պատմությունը։ Հերոսը կռվող, մարտնչող հայն է։ Հեղինակը շեշտը դրել է Մուսա լեռան, Վանի հերոսական ինքնապաշտպանությունների վրա։
    «Տասնիններորդ դարավերջի մի լուսանկար կա պահպանված, որտեղ պապիս պապն է՝ Նազարեթը։ Նա ԱՄՆ-ում է ապրել, դերձակ է եղել, նաև գրել է»,-պատմում է գրքի հեղինակը։
    Քրիս Բոհջալյանի պապը՝ Լևոն Բոհջալյանը, Եղեռնից մազապուրծ եղած հայերից է։ Ասում է՝ ոչինչ չէր պատմում, ոչ մի դրվագ. ցեղասպանությունից խոսել չէր սիրում։
    Հայոց ցեղասպանության թեմային հեղինակը վաղուց է ցանկացել անդրադառնալ։
    «Իննսունականների սկզին, երբ երիտասարդ էի, մի փոքրիկ պատմվածք գրեցի այդ թեմայով։ Սարսափելի վատն էր, անորակ, դրա համար էլ չտպագրեցի»,-անկեղծանում է Բոհջալյանը։
    988«Ավազե ամրոցի աղջիկները» Բոհջալյանի խոսքով կարևոր պատմություն է, քանի որ մինչև այդ գիրքը ԱՄՆ-ում քչերը գիտեին Հայոց ցեղասպանության մասին։
    Հայերեն լույս է տեսել նաև ռումինահայ գրող, հասարակական-քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը։ Ավելի քան տասնհինգ լեզուներով թարգմանված այս գիրքը հենց հայերենից են թարգմանել թուրքերեն, պարսկերեն և արաբերեն․հայերենը, կարելի է ասել, գրքի երկրորդ բնագիրն է։
    «Շշուկների մատյանը» հայ ժողովրդի էության նկարագրությունն է։ Սա ես չեմ ասում, ուրիշներն են ասել իմ գրքի մասին։ Գրքի մեջ հայկական խոհանոցից, առօրյա սովորություններից մինչև ավանդույթներն ու հերոսները շատ բան կարող եք գտնել։ Երբ մի ժողովրդի էության մեջ շատ ես խորանում, հանդիպում ես մեկ այլ ժողովրդի։ Շատ երկրներում այս գիրքը խոսել է հայերի մասին, բայց միաժամանակ տեղացի ժողովուրդների մտահոգությունների ու ցավերի մասին։ Կարծում եմ՝ ամեն մի ժողովուրդ  իր շշուկների մատյանն ունի»,-հանդիպման ժամանակ ասաց Վարուժան  Ոսկանյանը։
   
    Ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը ծնվել է 1961թ. օգոստոսի 12-ին Ուայթ Փլեյնզում (Նյու Յորք), ավարտել է Ամհերստի քոլեջը (ԱՄՆ) և Զիելենոգորսկի համալսարանը (Լեհաստան), բնակվում է Լինքոլնում (Վերմոնտ, ԱՄՆ): Նրա գրքերը թարգմանվել են 30 լեզուներով և հրատարակվել աշխարհի 20 երկրում: Վեպերից յոթը գլխավորել են «Նյու Յորք Թայմս»-ի ամենաշատ վաճառված գրքերի ցանկը, երեքի հիման վրա նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր: Քրիս Բոհջալյանի առաջին` «Սպանություն իրական աշխարհում» վեպը հրատարակվել է 1988թ.-ին։ Նրա երրորդ՝ «Նախկին ներկարարները» վեպը հրատարակվել է 1992թ.-ին, և Hallmark Channel հեռուստաընկերութունը 1995թ.-ին վեպի սցենարով ֆիլմ է նկարահանել։ Քրիս Բոհջալյանը Վերմոնտի արվեստի և գիտությունների համալսարանի դասախոս է, աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, արժանացել է գրական բազմաթիվ մրցանակների:
    «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը (2012թ.) Հայոց ցեղասպանության թեման նորովի մեկնաբանող գեղարվեստական պատում է, որ հրատարակվելուց անմիջապես հետո դարձել է ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը: Սա պատմություն է մահվան ու սիրո, ջարդի ճանապարհին` անապատում, ավազից ամրոց կառուցող աղջիկների ու նրանց թողած ժառանգության մասին։
   
    Ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը ծնվել է Ռումինիայի Կրայովա քաղաքում 1958 թ. հուլիսի 25-ին: Մանկությունն ու պատանեկությունն անցել են Ֆոկշանում: Ավարտել է Ֆոկշանի Ալեյշսանդրու Իոն Կուզա լիցեյը, այնուհետև Բուխարեստի Տնտեսական գիտությունների ակադեմիայի առևտրի ֆակուլտետն ու Բուխարեստի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը: Ռումինիայի հայոց միության նախագահն է, այնտեղի գրողների միության առաջին փոխնախագահը: Սենատոր է, 2006-2008 թթ. եղել է Ռումինիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար: Նրա գրական գործերից են բանաստեղծությունների երեք հատորները` «Կապույտ Շամանը» (1994թ․), «Թագուհու սպիտակ աչքը» (2001թ․), «Հազար թևերով Հիսուսը» (2005թ․), ինչպես նաև «Կոմանդորի արձանը» (1994թ․) պատմվածքների ժողովածուն, որի համար արժանացել է Բուխարեստի Գրողների ընկերակցության մրցանակին:
    «Շշուկների մատյան» վեպը հրատարակվել է 2009թ.-ին Ռումինիայում, ռումիներեն և նույն թվականին արժանացել «Լավագույն գրական ստեղծագործություն» մրցանակին: Թարգմանվել է ավելի քան 15 լեզուներով, այդ թվում` գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, հայերեն, ֆրանսերեն, շվեդերեն: Հիմքում ընկած են հայ տարագիրների մասին փաստագրական նյութեր, այդ պատճառով թուրքական կառավարության կողմից արժանացել է լուրջ հակադարձումների: Հեղինակն անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատճառներին և հետևանքներին, վերլուծել փաստերը: Ներկայացված են նաև ազգային սովորույթները, մշակույթը: Ամենաբարձր գնահատականներ ու ամենաշատ մրցանակներ ստացած գրքերից մեկն է աշխարհում:

Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2847

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: