ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

    Հունիսի 18-ից հուլիսի 4-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնը, որի շրջանակում տեղի կունենա հինգ համերգային երեկո, այդ թվում՝ վոկալ, կամերային և գործիքային երաժշտության երեկոներ:
    «Ազգային պատկերասրահին» կմասնակցեն ՌԴ-ից, ԱՄՆ-ից և Շվեյցարիայից ժամանած երաժիշտներ: Նրանց համար էլ փառատոնը կլինի համատեղ աշխատելու և հետագա համագործակցության համար կապեր ձեռք բերելու հարթակ:
   Ամեն տարի մասնակցության համար ընտրվում են փառատոնում դեռևս չներգրավված անձինք: Մեցցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանը երկրորդ անգամ է մասնակցելու փառատոնին, բայց այս անգամ արդեն այլ երաժշտական ծրագրով:
    Փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև երաժշտական գործիքի պրեմիերա: Ռուս երաժիշտ Իոսիֆ Պուրիցը գործիքային երաժշտության երեկոյի ժամանակ կներկայացնի բայան գործիքը:
    «Ազգային պատկերասրահի» բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: Համերգային ծրագրում կհնչեն Ջ. Բ. Պերգոլեզիի «Ստաբատ մատերը» և Յ. Ս. Բախի Ռե մինոր BWV 1052 դաշնամուրային կոնցերտը Հարություն Արզումանյանի դիրիժորությամբ:
      «Որմնանկարների դահլիճում ելույթ ունենալը փառատոնի մթնոլորտը առանձնահատուկ է դարձնում, յուրատեսակ աուրա է թևածում այստեղ: Որոշեցինք ներկայացնել Պերգոլեզիի «Ստաբատ մատերը», քանի որ այն  և՛ այս դահլիճում, և՛ այս տարվա համատեքստոււմ առանձնահատուկ հնչեղություն կունենա: «Ստաբատ մատերը»  Պերգոլեզին հեղինակել է 25 տարեկանում: Հետագայում այն ազդեցություն է ունեցել նաև Մոցարտի «Ռեքվիեմի» վրա»,- նշեց դիրիժորը:
    Բացման համերգը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ելույթ կունենան դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, Ազգային օպերային թատրոնի մեներգչուհիներ Արծվիկ Դեմուրճյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան):
    «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը 2005 թ.-ից իրականացնում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը: 2008թ.-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում:
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2779

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: