Թեկուզ փոքր քայլերով, բայց փոփոխությունները զգալի են

Varduhi Xachatryan
    Աշխարհահռչակ մեցցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանը Հայաստանում է:Նա մասնակցում է մայիսի 7-ից հունիսի 3-ը կայանալիք «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնին: Փառատոնի առաջին համերգը և բացման պատասխանատու գործը հենց նրան էր վստահված: Հնչեցին Հենդելի, Վիվալդիի, Մոցարտի, Ռոսսինիի ստեղծագործությունները:

  Ձեզ ենք ներկայացնում Cultural-ի բացառիկ հարցազրույցը մեր հայրենակցուհի, շվեյցարաբնակ Վարդուհի Խաչատրյանի հետ.

    - Վարդուհի, Ձեզ ավելի բնորոշ են օպերային կատարումները: Ինչո՞վ է պայմանավորված նման երգացանկի ընտրությունը:
  - Փորձել եմ կատարումներս համահունչ դարձնել փառատոնի ֆորմատին: Ընտրել եմ կատարումներ, որոնք ներդաշնակ են պատկերասրահի մթնոլորտի հետ. բարոկկո երաժշտություն`Հենդել և Վիվալդի և դասական երաժշտություն` Մոցարտ, Ռոսինի: Շատ գեղեցիկ ծրագիր է, բարդ, կոկորդային տեխնիկա պահանջող ստեղծագործություններ են, գործեր՝ գրված կամերային օրկեստրի համար:

    - Արդեն քսան տարի է, ինչ բնակվում եք Շվեյցարիայում: Ի՞նչ գործունեություն եք այնտեղ ծավալում:
  - Մենահամերգներով, ներկայացումներով եմ հանդես գալիս, բացի իմ արտիստիկ գործունեությունից նաև հասարակական գործունեությամբ եմ զբաղվում: 2011 թ-ին իմ երկու ընկերների ` դիզայներ Արամ Մելիքյանի և լիտվացի Ալեքսանդրա Ռուեփի հետ հիմնադրեցի հայ-շվեյցարական «Ավետիս» մշակութային կազմակերպությունը:

    - Ո՞րն էր «Ավետիսի» առաքելությունը Շվեյցարիայում:
    - Կազմակերպության միջոցով ներկայացնում ենք  հայ երաժիշտներին Շվեյցարիայում, ինչպես նաև շվեյցարական երաժշտությունը` Հայաստանում: «Գյուրջիև» անսամբլը ելույթներ է ունեցել Շվեյցարիայում (Ժնև, Նոր Շատել), Հայկ Մելիքյանի մենահամերգներն  ենք կազմակերպել: 2012 թ–ին Հայաստանում շվեյցարական ժամանակակից կոմպոզիտորների երաժշտության երեկո ենք կազմակերպել ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան հետ  համատեղ:
 
    - «Ավետիսը» մշակութայի՞ն, թե զուտ երաժշտական կազմակերպություն է:
    - Միայն երաժշտություն չէ: Մենք մշակույթի լայն ճյուղեր ենք ընդգրկում: Հիմա պլանավորում ենք 2015-2016  թվականներին կազմակերպել նկարչուհի Մոկոյի աշխատանքների ցուցահանդեսը:

 - Եթե հետադարձ հայացք նետեք տարիներ առաջ և  այսօր,  Հայաստանի մշակութային կյանքում ի՞նչն է փոխվել:
 - Երբ ես մեկնեցի ճգնաժամ էր և° արվեստի, և° մյուս բոլոր բնագավառներում, իսկ հիմա իսկապես կարելի է ասել` ծաղկունք է, կոնկրետ երաժշտության մասով եմ սա ասում: Ես տեսնում եմ երաժշտության ծաղկունքը, թեկուզ փոքր, դանդաղ քայլերով, բայց փոփոխությունները զգալի են:
    Երեկ Օպերայի մոտով քայլում էի, աչքս ընկավ աֆիշաներից մեկին, որում նշված էր, որ Դանիել Բարենբոիմը իր օրկեստրով Հայաստան է գալու: Շատ մեծ բան է, որ այսօր Հայաստանը կարող է հյուրընկալել այդպիսի մեծությունների իրենց  օրկեստրով:

    - Ելութներ եք ունեցել այնպիսի հռչակավոր կատարողների հետ, ինչպիսիք են Մոնսերատ Կաբալյեն, Խոսե Կարերասը, Խոսե Կուռան, Անգելո Ջորջուն և այլք. կպատմե՞ք այդ հանդիպումներից որեւէ դիպված:
    - Մոնսերատ Կաբալյեն համերգից  հետո  ինձ առաջարկեց մասնակցել իրեն նվիրված մեկ այլ  համերգի` «Կաբալյեն և  իր ընկերները»: Պիտի հանդես գայի որպես ընկեր և երգեի այդ համերգին:  Մտածեցի`քանի որ նա իսպանացի է, շատ հարմար կլինի, եթե սարսուելայով հանդես գամ: Ընտրեցի կաստանետներով սարսուելա ստեղծագործություն և կատարեցի: Համերգի ավարտին ինձ ասացին, որ Կաբալյեի ամենաչսիրած ժանրը սարսուելան է (ժպտում է):
                                                                                                     Աննա Կարապետյան