«ՄԵԾԱՄՈՐ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՆՇՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 45-ԱՄՅԱԿԸ

    Այս տարի լրանում է «Մեծամոր»հնավայրի պեղումների կազմակերպման 50-ամյակը, ինչպես նաև «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հիմնա-դըրման 45-ամյակը:
   «Մեծամորը սկսած մ.թ.ա 5-րդ հազարամյակից մինչև 18-րդ դարի վերջը՝ ուշ միջնադար, պարբերաբար բնակեցված տարածք է եղել և պատմամշակութային կարևոր դեր է ունեցել»,-պատմում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ տնօրենի՝ գիտական աշխատանքերի գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը:
    Metsamor 041Արգելոց-թանգարանում պահվում է 28.000 հազար ցուցանմուշ, որից 10.000-ը ներկայացված է ցուցասրահներում: Ամեն տարի թանգարանի նյութերն ավելանում են:    Փիլիպոսյանի խոսքով թանգարանը իր տեսակի մեջ եզակի է. «Քիչ թանգարաններ ունենք, որոնք կառուցված են հենց պատմամշակութային հուշարձանի տարածքում: Ցանկացած հնագիտական, ճարտարապետական և մշակութային արժեք կրկնակի արժեքավոր է, եթե ցուցադրվում է իր տարածքում, իր տեղում, իր պատմամշակութային միջավայրում: Այս առումով «Մեծամորն» իսկապես եզակի հուշարձան է, այնպես, ինչպես Զվարթնոցը»:
  
DSC05834 Վերջին ցուցադրությունը թանգա-րանում բացվել է 1982 թվականին և մինչ օրս այն  չի փոփոխվել:
 Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր աշխատանքային այցի ժամանակ, բացի  շենքային պայման-ների խնդրից, որը կքննարկվի սոցիալական ներդրումների հիմնադրամի հետ, կարևորեց նաև ցուցադրության արդիականության խնդիրը:  Նախարարն առաջարկեց կազմել թանգարանը Հնագիտության ազգային ծրագրում ընդգրկելու նախագիծ և նոր ցուցադրության հայեցակարգ:
DSC05816  «Թանգարանի հարուստ նյութը ցուցադրության առումով դեռ կատարելագործվելու կարիք ունի, իսկ հնավայրը՝ մշտական ուսումնա-սիրության խնդիր. այդտեղ զետեղված են գրեթե բոլոր պատմական շրջանները: Հայ քաղաքակրթության պատմությունը կարող ենք տեսնել, դիտարկել մի հնավայրի կտրվածքով»,-նշեց մշակույթի նախարարը:
 Հոբելյանական տարվա կապակ-ցությամբ սեպտեմբեր ամսին թանգարանում կկազմակերպվի գիտաժողով, որին կմասնակցեն հնագետներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Իտալիայից և այլ երկրներից:
  «Գիտաժողովը կամփոփի այն աշխատանքը, որն իրականացվել է կեսդարյա պեղումների արդյունքում և կնախանշի նոր ուղիներ հետագա աշխատանքների համար»,- տեղեկացնում է Աշոտ Փիլիպոսյանը:

    «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է 1968թ.: Ներկայումս այն գործում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում: Այստեղ հավաքվել և ցուցադրվել են հուշարձանից պեղված 27 000-ից ավելի առարկաներ:
   Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, ուր ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ:
   
                                                                                             Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 5228

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: