ԱՎՍՏՐԱԼԱՑԻ ԳՐՈՂԸ ԹՂԹԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԻՐ ՀԱՅ ՄՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

  «Եվ քանի դեռ սպասում էինք, ճշմարտությունը գողացան և ստի վերածեցին: Վերաշարադրեցին թատերախաղը, վերակահավորեցին բեմը և բոլոր ստերը ճշմարտություն դարձան»:
  Այս հատվածը վերցված է ավստրալացի գրող Մարսելա Փոլեյնի «Աշխարհի եզրը» վեպից: Մարսելա Փոլեյնի մայրը հայ է եղել, տատի պատմածները նա լսել է մորից, հետագայում դրանք վերապատմել իր եղբորն ու քրոջը: Գիրքը Հայոց ցեղասպանության թեմայով է, թեմա, որի մասին Մարսելայի մայրը երկար է լռել:
  «Երբ փոքր էի, հաճախ էի մորս հարցնում նրա մանկության տարիներից, ինչպես շատերը: Մորս արձագանքը վախեցնող էր. սառում էր և չէր կարողանում որևէ բառ արտասանել: Ես դադարեցի հարցեր տալ, իսկ ընկերներս  շարունակում էին հարցնել՝ որտեղից եմ, բայց նախնիներիս մասին ոչինչ չգիտեի, որ կարողանայի ասել: Քսան տարեկանում, երբ նույն հարցերը տվեցի մորս, նա ինձ պատմեց իր պատմությունը:
  DSC05688Հենց առաջին խոսակցությունից, հասկացա, որ պետք է գիրք գրեմ այդ մասին, բայց չէի պատկերացնում, որ վեպ կգրեմ, քանի որ բանաստեղծ էի, այդ ժամանակ էլ գրում էի  կինոյի և թատրոնի սցենարներ»,- այսօր «Բյուրոկրատ» գրախանութում  ըն-թերցողների հետ հանդիպման ժամանակ պատմեց  Մարսելա Փոլեյնը:
  Վեպի սցենարը հեղինակը  գրել է դեռ քսաներկու տարեկանում, բայց վեպը պիտի գրվեր դրանից տասնյոթ տարի անց միայն:
 «Սիդնեյում կինոյի դպրոցում էի սովորում: Մի օր ֆիլմի սցենար գրելու փոխարեն գրատախտակին գրեցի վեպիս սցենարը: Մենակ էի սենյակում, երբ ղեկավարս ներս մտավ, հարցրեց, թե որտեղ է ֆիլմի սցենարը: Ասացի՝ ցավում եմ, այն չկա, բայց տեսեք ինչ սցենարական պլան  եմ  գրել վեպիս  համար: Մի քանի վայրկյան ղեկավարս նայեց գրատախատակին և  ինձ հարցրեց՝ արյդո՞ք երբևէ գրել եմ վեպ, ասացի՝ ոչ:  Էլի մի քանի վայրկյան լռեց ու ասաց՝ սա պիտի որ քո երրորդ աշխատանքը լինի»:
  «Աշխարհի եզրը» հեղինակի առաջին վեպն է, բայց երրորդ գիրքն է պոեզիայի ժողովածուներից հետո:
  «Գրքի միջոցով փորձել եմ կապ հաստատել ոչ միայն Ավստրալիայի հայ համայնքի, այլև ավստրալացիների հետ: Վերջիններիս հետ մի փոքր բարդ է, քանի որ կան  հատուկ  հարաբերություններ Ավստրալիայի և Թուրքիայի միջև»,-նշում է Փոլեյնը:
  Հայրենիքում Մարսելա Փոլեյնն առաջին անգամ չի լինում: Հայաստան է եկել դեռ տարիներ առաջ պոեզիայի միջազգային փառատոնի մասնակցելու համար:
  «Սիրեցի Հայաստանը: Գեղեցիկ երկիր է: Հատկապես հավանում եմ ճարտարապետությունը և այն կիրքը, որն ունեն այստեղի մարդիկ արվեստի և կրթության նկատմամբ: Իմ սիրելի զբաղմունքն է միայնակ քայլել փողոցներով: Մարդիկ այստեղ ընկերասեր են և օգնող, անհրաժեշտության դեպքում կարող եմ նրանց դիմել: Սիրում եմ նաև լուսանկարել: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շատ լուսանկարներ ունեմ: Լուսանկարում եմ նաև այստեղի տեսարժան վայրերն ու քաղաքի մարդկանց»,- նշեց հեղինակը::
 DSC05690Հենց պոեզիայի միջազգային փառատոնի ժամանակ է Փոլեյնի հետ ծանոթացել նաև արձակագիր, թարգմանիչ Արամ Արսենյանը, ով անգլերենից հայերեն է թարգմանել «Աշխարհի եզրը»  գիրքը:
  «Ծանոթությունից հետո ազդված էի Փոլեյնի պոեզիայից: Նոր տեսակի բանաստեղծության հետևորդ է: Իսկ նրա վեպին ծանոթացել եմ ՀԳՄ նախկին նախագահ, երջանկա-հիշատակ Լևոն Անանյանի միջոցով, ով խորհուրդ տվեց թարգմանել այս գիրքը: Կարդացի վեպն ու հասկացա, որ հայ ընթերցողը պետք է այս գրքին ծանոթանա: Երբ գիրքն արդեն պատրաստ էր տպագրության, Լ. Անանյանը մահացավ, և  Փոլեյնի հետ որոշեցինք գիրքը նվիրել նրա հիշատակին»,-պատմում է Արամ Արսենյանը;
  «Աշխարհի եզրը» գրքի հայերեն թարգմանությունը լույս տեսավ անցյալ տարվա երկրորդ կեսին: Իսկ այս տարի Հայաստանի գրողների միությունը (ՀԳՄ) Մարսելա Փոլեյնին շնորհել է ՀԳՄ մեդալ  «Գրական վաստակի համար»:
  «Աշխարհի եզրը» (The Edge of the World) վեպը հրատարակվել է 2007 թվականին։ Այն ներկայացնում է թուրքահայ մի ընտանիքի պատմություն՝ սկսած 1900-ականներից մինչև 2000-ական թվականները։

  Մարսելա Փոլեյնը ծնվել է Սինգապուրում, ուսանել է գրականություն, մանկավարժություն և թատերգություն։ Մարսելան բանաստեղծական 3 ժողովածուի և մեկ վեպի հեղինակ է։ Հիմնադրել է բանաստեղծական մի քանի հանդեսներ, գրել նաև բազմաթիվ էսսեներ, գրականագիտական մեթոդական հոդվածներ, արժանացել մի շարք գրական մրցանակների։
 Մարսելա Փոլեյնի հետ հանդիպումը կայացավ «Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնի (ապրիլի 20-29) շրջանակներում, որն անց է կացնում Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպութունը: Այն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում: Աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 2903

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: