ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԲԵՐՆԱՐ ՎԵՐԲԵՐԸ

   «Առավոտ շուտ գնում եմ սրճարան և մի քանի ժամ գրում եմ: Փորձում եմ զարգացնել մի ինքնատիպ գաղափար. երևակայությունը նման է մկանի, ինչքան շատ ես օգտագործում, այնքան ավելի հեշտ է աշխատում: Կեսօրին ճաշում եմ գիտնական ընկերներիցս մեկի հետ, հետո զբոսնում եմ անտառով, մարզվում եմ և դիտում ոչ բրազիլական սերիալներ և հետո նորից մի պատմվածք եմ գրում: Գրում եմ ամեն օր: Այսօր էլ եմ գրել: Եթե չգրեմ, իմ  օրվա մեջ մի բան պակաս կլինի»,- այսօր ԼՈՖԹ-ում ընթերցողների հետ հանդիպման ժամանակ պատմեց  ֆրանսիացի հայտնի արձակագիր Բերնար Վերբերը:
 125Վերբերն առաջին անգամ է Հայաստանում: Մեր երկիր է եկել մասնակցելու «Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնին: Մինչ գալը Հայաստանի մասին շատ բան չի իմացել. «Գիտեի միայն այն, ինչ կարդացել էի գրքերում ու տեսել ֆիլմերում: Ունեմ շատ հայ ընկերներ Փարիզում, ովքեր ինձ հաճախ են պատմում  Հայաստանի մասին»:

 Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային՝ Վերբերը նշեց, որ ցեղասպանության մասին տեղեկացել է դեռ դպրոցում, պատմություն առարկայի շրջանակներում: Ասում է՝ Ֆրանսիայում կա ճշմարտության իրավունք նաև դպրոցներում, և իրենք ամեն բան գիտեն Հայոց ցեղասպանության մասին:
 «Կարևոր է, որ մտավորականները գան Հայաստան և պաշտպան կանգնեն  հայ դատին, որն արդարության  և ճշմարտության դատ է: Ես ձեր դատի զորակիցն եմ: Հայ ժողովուրդը ոչ միայն պետք է հիշի իր անցյալը, այլև պետք է նայի  դեպի ապագա, պետք է կերտի իր  ապագայի տեսլականը»,-ասաց Վերբերը:
 Անցյալ տարի հայերենով, Արուս Բոյաջյանի թարգմանությամբ առաջին անգամ լույս են տեսել Վերբերի ստեղծագործությունները: «Պատմվածքներ» վերնագրով գրքում զետեղված են հեղինակի՝ տարբեր գրքերից հավաքագրված քսաներկու պատմվածք: Գիրքը տպագրվել է  ՀՀ  մշակույթի նախարարության աջակցությամբ:
DSC05588ԼՈՖԹ-ում ընթերցողների հետ Բերնար Վերբերի հանդիպումն անցավ մեծ ոգևորությամբ: «Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնի երիտասարդ կամավորները արձակագրի համար անակնկալ էին պատրաստել: Հանդիպման վայրում հեղինակին սպասում էր մրջյունների կայսրության գրաֆիտին, որն արվել էր Վերբերի առաջին՝ «Մրջյունները» վեպի մոտիվներով:
  «Հայ ժողովուրդը յուրահատուկ կապ ունի գրի և գրականության հետ: Հայաստանը կարելի է համարել արևելյան մշակույթի ակունք»,-նշեց Վերբերը: Ի դեպ, թեև հեղինակը երեկ է Հայաստան ժամանել, բայց արդեն հասցրել է լինել Մատենադարանում:
  Արձակագիրը սիրում է Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները, իսկ թե իր գրքերից հատկապես որն է հավանում, դժվարանում է  պատասխանել:  Ասում է՝ միշտ թվում է, թե վերջին գրքի վրա ամենաշատը և ամենալավն է աշխատել:
   DSC05660Ըստ Վերբերի՝ յուրաքանչյուր հասարակության մեջ պետք է լինի գիտաֆանտաստիկ գրող. «Երբեմն-երբեմն  պետք է բարձրանալ սարը և նայել հեռուն: Եթե մենք տեսնենք միայն այն, ինչ մեզ մոտիկ է և՛ ժամանակի, և՛ տարածության մեջ, կլինենք սահմանափակված: Իմ կարծիքով՝  գիտաֆանտաստիկ գրողը նման է այն նավաստուն, ով փորձում է ինչքան հնարավոր է հեռուն տեսնել: Նրա  խնդիրն է  տեսնել  ցամաք կա, թե ոչ»:
 
 Վերբերն արտասովոր և յուօրինակ ձեռագրով գրող է։ Աստված, հրեշտակներ, մրջյուններ. նրա ստեղծագործությունների առանցքային թեմաներն են։ Նրա գրքերը բեսթսելեր են ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում։ Թարգմանվել են 30 լեզուներով և վաճառվել ավելի քան 20 միլիոն տպաքանակով։ Վերբերի ստեղծագործություններում վերլուծվում է մարդկային հոգու էվոլյուցիան։ 
Դեռևս 1991-ին գրած նրա առաջին վեպը՝ «Մրջյունները», Ֆրանսիայում և աշխարհի մի շարք երկրներում ունեցել է ակնթարթային հաջողություն։ Հատկապես մեծ են եղել արձագանքները Կորեայում և Ռուսաստանում։ Վերբերը բացի գրական-գեղարվեստական ստեղծագործություններից, գրում է նաև վերլուծական հոդվածներ։ «Կոտ դի Վուարի մագնանյան ահասարսուռ մրջյունները» վերնագրով  հոդվածը «Նյուզ ֆաունդեյշնի» կողմից արժանացել է «Լավագույն երիտասարդ լրագրող» մրցանակին։  
                                                                                                                Աննա Կարապետյան



  • Created on .
  • Hits: 3042

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: