«Տարվա բեսթսելեր». մրցանակակիրներն արդեն հայտնի են

    Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է: Արդեն երկրորդ տարին է, ինչ այս օրը «Արմենպրես» լրատվական գործակալությունն ամփոփում է «Երևանյան բեսթսելեր» նախագծի տարեկան արդյունքները: Տարվա ընթացքում ամենապահանջված գրական ստեղծագործությունների հեղինակները, թարգմանիչներն ու հրատարակիչները այս անգամ նույնպես ներկայացված  էին «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությանը:
    Մտահղացման հեղինակ, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի խոսքով` նման նախագիծ իրականացնելու միտքն առաջացել է 2012թ.-ին, երբ Երևանը դարձավ գրքի համաշխարհային մայրաքաղաք: Արամ Անանյանի միտքը խրախուսել է հայրը` ՀԳՄ նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանը: Այս տարի անվանակարգերի հետ միասին տրվեց նաև Լևոն Անանյանի անվան հատուկ մրցանակ: Մրցանակին արժանացավ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը երիտասարդ գրողների ստեղծագործությունները հանրահռչակելու, մասնավորապես` «Երիտասարդ գրողների անթոլոգիան» հրատարակելու համար: Կա մտադրություն հատուկ մրցանակը ևս դարձնել ամենամյա, որպեսզի երիտասարդ գրողներին հրատարակելը ինչ-որ ձևով խրախուսվի:
erevanyan bestseller    «Երևանյան բեսթսելերի» իրականացման երկու տարիների ընթացքում նախագծի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, ընդլայնվել է նաև գրախանութների ցանկը: Նախագիծը կարևոր է նաև ընթերցասիրությանը նպաստելու առումով:
    «Մեզ համար ընթերցանությունը կարևոր ազգային բնութագրիչ պիտի լինի, եթե դեռ այդպես չէ»,- նշեց Արամ Անանյանը: «Արմենպրես»-ի տնօրենի փոխանցմամբ` հաջորդ տարի մրցանակների են արժանանալու նաև գիրքն ու գրականությունը մշտապես լուսաբանող լրագրողները:
    «Երևանյաը բեսթսելեր» նախագծի համակարգող Ռոզա Գրիգորյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպես են կազմակերպում աշխատանքը. զանգահարում են գրախանութներ, տեղեկանում են վաճառքի ցուցանիշների մասին, և ըստ դրա ամեն շաբաթ ներկայացնում բեսթսելերները:
    «Սկզբում բավականին բարդ էր բոլոր գրախանութներին զանգահարել, աշխատակիցներին բացատրել, թե ինչ է պետք անել,- նշեց Ռոզա Գրիգորյանը: Նա անկեղծանալով ասաց, որ շատ է սիրում նախագիծը,- «Երևանյան բեսթսելերը» իմ առօրյայի մի մասն է  դարձել, շաբաթվա օրերը ըստ դրա են դասավորված` երկուշաբթի նոր գրքի օրն է, չորեքշաբթի` մանկական բեսթսելերի, ուրբաթ` երևանյան բեսթսելերի»:
erevanyan-bestseller    Ռոզա Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ մանկական բեսթսելերների ցուցակը հրապարակում են ամիսը մեկ, քանի որ վերջին շրջանում ցանկում տեղ էին գտնում միևնույն գրքերը:
    Մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա ժամանակակից հայ հեղինակ» ճանաչվեց երջանկահիշատակ Լևոն Խեչոյանը` «Մհերի դռան գիրքը» վեպի համար: Մրցանակը կփոխանցվի Խեչոյանի ընտանիքին:
    Ստորև ներկայացնում ենք «Տարվա բեսթսելերի» մրցանակակիրներին, ովքեր պարգևատրվեցին դիպլոմներով, ինչպես նաև նվեր ստացան Արտեմ Հարությունյանի ստեղծագործությունների հատընտիրը: 
  • Տարվա արտասահմանյան բեսթսելեր անվանակարգում առաջատարն են «Բուկինիստ» հրատարակչության՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի լույս ընծայած ստեղծագործությունները («Նահապետի աշունը», «Սերը ժանտախտի օրերին», «Հարյուր տարվա մենությունը»):
  • Տարվա ամենապահանջված թարգմանությունը կատարել է Զավեն Բոյաջյանը: Նա թարգմանել է  Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» («Անտարես» հրատարակչություն):
  • Տարվա մանկական գիրքը՝  «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»-ը կազմել է Շավարշ Կարապետյանը («Էդիթ Պրինտ» հրատարակչություն):
  • Բեսթսելերների տարվա հրատարակիչը «Անտարես»-ն է:
  • «Մանդիլիոն» գրքի համար հատուկ մրցանակ ստացավ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը:
  • Լևոն Անանյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ «Երիտասարդ գրողների անթոլոգիա»-ի համար:
  • Նախագծի բարեկամ ճանաչվեց Ալեքսան Մոսոյանը՝ նախագծին համակողմանի օժանդակություն ցուցաբերելու համար:
Աննա Կարապետյան 
 
 
 
 
  • Created on .
  • Hits: 3190

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: