Ամոս Գիտայ. Կինոն հիշողության պահպանման ձև է
Հայաստանում է մեծանուն հրեա ռեժիսոր Ամոս Գիտայը: Գիտայը Հայաստան է ժամանել «Ոսկե ծիրանի» շրջանակում իր ֆիլմերից չորսի` «Անա Արաբիա» (2013թ.), «Սահմանազատում» (2007 թ.), «Ազատ գոտի» (2005թ.), «Ավետյաց երկիր» (2004 թ.), հետահայաց ցուցադրությունների առիթով: Մեր երկրում կինոռեժիսորն առաջին անգամ է, բայց, ինչպես ինքն է խոստովանում, երկար տարիներ Երևան գալու մտադրություն է ունեցել. «Միշտ Հայաստանի հանդեպ համակրանք, նաև կարեկցանք եմ ունեցել: Այստեղ կա ժողովուրդ, որն անցել է տառապանքի միջով և դրա ճանաչմանը հասնելու խնդիր ունի»:
Կինոյի ասպարեզում էլ Գիտայը հայ ընկերներ ունի, օրինակ` Ատոմ Էգոյանը, ով ռեժիսորին շատ է պատմել Հայաստանի մասին. «Իհարկե, ես տեղյակ չեմ Միջին Արևելքից այնպես, ինչպես դուք, բայց հայերի և հրեաների պատմությունների միջև կարող եմ զուգահեռներ տանել: Երկուսն էլ տեսել են ջարդեր, ունեցել են սեփական տարածքը չունենալու և ինքնությունը պահպանելու խնդիր: Կինոն հիշողության պահպանման հրաշալի ձև է, և քանի որ կա այդ պատմական ընդհանրությունը, պետք է կարողանանք ստեղծել նաև մշակութային երկխոսություն»:
Աշխարհահռչակ ռեժիսորը ճարտարապետի կրթություն է ստացել, և հենց դրանով էլ կինոն նրա համար ավելի հետաքրքիր է: Իր առջև խնդիր է դրել գիտելիքները փոխադրել մի ոլորտից մյուսը:
Գիտայի խոսքով` կինոն միայն լրագրողական, ինֆորմացիոն խնդիր չէ, որ լուծում է: Այն պետք է ներկայացնի ոչ միայն այն, ինչ կատարվում է, այլև ներքին գաղափարական հարցադրումներ պիտի անի. «Երբ ընտրում ես որևէ թեմա ֆիլմի համար, դրանում եղած հակասությունն է կարևոր, քանի որ ֆիլմ նկարահանելը միայն սովորեցնել չէ, այլ նաև սովորել. դու «դատապարտում» ես ինքդ քեզ և ֆիլմի աշխատակազմին թեման մինչև վերջ ուսումնասիրելու»:
Կինոռեժիսորը կարևորում է բաց հասարակության առկայությունը, քանի որ միայն այդ դեպքում արվեստագետը կկարողանա ազատ հարաբերվել իրականության հետ: Իսկ հաջողության հասնելու համար պետք է աշխատել և համբերել. «Պետք է դանդաղ գնաս դեպի հաղթանակ»:
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3013