Կոտայքի մարզում հայտնաբերվել է նոր հնագիտական համալիր
Նոր հնագիտական համալիրը հայտնաբերվել է Կոտայքի մարզում հայ-իտալական արշավախմբի կողմից, Կոտայքի հետախուզական նախագծի (KSP) շրջանակում, որը աշխատանքներ է իրականացնում Հրազդան գետի վերին հոսանքում` սկսած 2013 թ.։ Հնագիտական ուսումնասիրությունների նպատակն է կատարել ընդլայնված և մանրամասն հետազոտություն Հրազդան գետի վերին ավազանում և կազմել նշված հատվածի հնագիտական քարտեզ։
Այս տարի արշավախումբը հնագիտական հետազոտություն է իրականացրել Հրազդան, Բջնի, Քաղսի և Սոլակ համայքներին պատկանող տարածքներում և պեղումներ է իրականացնում Սոլակ համայքի տարածքում գտնվող Սոլակ – 1 նորահայտ հնավայրում։ Նախնական դիտարկումների համաձայն՝ ամրոցը կարելի է թվագրել ուրարտական ժամանակաշրջանով (Ք.ա. 9 – 7-րդ դ.), ամենայն հավանականությամբ այն ամրոցային համակարգի մաս է կազմում, որը կապում էր հարավում գտնվող ուրարտական ամրոցները (Էրեբունի, Կարմիր բլուր, Արամուս) Սևանի ավազանում գտնվող ամրոցներին։ Հայ – իտալական համագործակցության նպատակը նորահայտ ամրոցը ամբողջությամբ պեղելը, ապագայում այն վերականգնելը և թանգարայնացնելն է։
Նախագիծն իրականացվում է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Միջերկրածովյան և արևելյան երկրների ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի, Իտալիայի արտաքին գործերի նախարարության միջև համագործակցությամբ (ղեկավարներ Ա.Պետրոսյան, Ռ. Դան): Ծրագրի ընթացքում մինչ այժմ ուսումնասիրվել են 56 հնավայրեր, որոնցից մի քանիսը ընդհանրապես անհայտ էին, հստակեցվել են նախկինում հայտնի բազմաթիվ հնավայրերի թվագրությունը, հայտնաբերվել են նոր հնավայրեր։
- Created on .
- Hits: 4429