Հայաստանի և սփյուռքի լրագրողները՝ Հայոց ցեղասպանության հիմնահարցերի վերաբերյալ ամառային դպրոցում
Հուլիսի 11-12-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կազմակերպվել էր երկօրյա ամառային դպրոց լրագրողների համար: Դպրոցը կրում էր «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը» խորագիրը: Ամառային դպրոցի դասախոսներն էին թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արդիականության ազգաբանության բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը:
Դասախոսները և մասնակից լրագրողները քննարկեցին Հայոց ցեղասպանության թեմայի լուսաբանման հետ կապված խնդիրները, առկա բացթողումները, թեմայի լուսաբանման առանձնահատկությունները: Համեմատականներ տարվեցին Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև: Կայացավ նաև «Հոգիների աճուրդ» ֆիլմի պահպանված հատվածի դիտում-քննարկում:
«Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը» դպրոցին մասնակցում էին լրագրողներ Հայաստանից և սփյուռքից:
Դալար Շահնազարյանը 21 տարեկան է: Արդեն մեկ տարի է, ինչ աշխատում է «Ալիք» օրաթերթի երիտասարդական բաժնում` ինտերնետային «Հայելի» կայքէջում: Մանկուց ստեղծագործել է, հետո սկսել է հետաքրքրվել նաև լրագրությամբ: Այժմ Դալարը և՛ սովորում է, և՛ աշխատում: Թեհրանի Ազատ համալսարանի «Արդյունաբերության ճարտարագիտություն» բաժնի ուսանողուհի է: Լուսաբանում է հիմնականում Թեհրանի իրանահայ համայնքի խնդիրները, համայնքի հայ երիտասարդների մշակութային, մարզական և այլ հաջողությունները. «Մեր համայնքում էլ ունենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների հանձնախումբ, որը համակարգում է տարելիցի ծրագրերը: Հանձնախմբի հետ ունեցել ենք հանդիպումներ, բացատրել են իրենց հետագա ծրագրերը, մենք էլ դրանք ռեպորտաժների տեսքով ներկայացրել ենք համայնքին»:
Ցեղասպանության թեման Դալարին ավելի հոգեհարազատ է դարձել անցյալ տարի Արևմտյան Հայաստան կատարած այցելությունից հետո. «Տեսա, որ հայեր կան, որ դեռ ապրում են այնտեղ, շփվեցի համշենահայության հետ, հայեր, որ տարիներ ի վեր ապրել են, չնայած իրենց կրոնն է փոխվել, հետաքրքիր էր, որ նրանք ընդունում են, որ իրենք հայեր են: Շատ ազդվեցի: Չեմ կարողանա պատմել այն, ինչ զգացել եմ»:
Հայաստանում Դալարը հաճախ է լինում, գրեթե ամեն տարի: Այստեղ բարեկամներ ունի: Ինքն էլ ապագայում մտադիր է գալ և ապրել հայրենիքում: Այս տարի Հայաստան է եկել Նարե Սահակյանի հետ, ով նույնպես աշխատում է «Ալիք»-ի երիտասարդական բաժնում:
Cultural.am-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը տեղեկացրեց, որ նախատեսում են նմանատիպ դասընթացներ անել տարբեր խմբերի հետ. «Հաջորդը, որ պլանավորված է հուլիսի վերջին, լինելու է դասընթաց ուսուցիչների համար` «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման»: Կփորձենք բացատրել` ինչ մեթոդիկայով, ինչ նյութերի հիման վրա կարելի է դա անել ավելի հեշտ, ավելի գրավիչ և աշակերտի համար ավելի օգտակար»:
Դասընթացի ժամանակ առաջարկ եղավ, որ նման դպրոց կազմակերպվի նաև մշակույթի ներկայացուցիչների համար: Փոխտնօրենը վստահեցրեց, որ իրենք կմտածեն նաև այդ ուղղությամբ:
Սուրեն Մանուկյանի խոսքերով՝ դասընթացը գործընթաց է լինելու, ոչ թե մի անգամվա իրադարձություն. «Պարբերաբար, գոնե տարին մեկ անգամ կկազմակերպենք, կարծում եմ` կա և՛ փոխադարձ շփման, և՛ փոխհարստացման կարիք»:
Իսկ մեր այն հարցին, թե ինչու առաջին թիրախը հենց լրագրողներն ու ուսուցիչներն են, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Ժամանակակից տեղեկատվական աշխարհում ամենամեծ ազդեցությունը հասարակության վրա ունեն լրագրողները, ինչպես նաև ուսուցիչները: Այս երկու խմբերն են, որ ձևավորում են հանրային կարծիք, դրա համար ճիշտ գտանք սկսել հենց իրենցից»:
Հիշեցնենք, որ «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը» ամառային դպրոցը կազմակերպվել էր «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և ՀՑԹԻ-ի կողմից Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակում:
Աննա Կարապետյան
- Created on .
- Hits: 3211