Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ

    Արևմտյան Հայաստանի դրացի տարագիր ազգերը Գերմանիայում ուխտակցում են իրենց նորօրյա պայքարում
 
    Արդեն մայիսի սկիզբն է: Հայկական աշխարհը ավարտեց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ապրիլյան միջոցառումների տարվա կարևոր փուլը: Այժմ ժամանակն է, որպեսզի թարմ տեղեկությունների և տպավորությունների ազդեցության տակ ամփոփենք աշխատանքները, կատարենք առաջին վերլուծումները, վեր հանենք 2014-ի  առանձնահատկությունները, աշխատանքներում ներառած ռազմավարական և մարտավարական նորույթները, ներկայացնենք միջոցառումների աշխարհագրությունը և առավել հարստացած փորձառությամբ ընդառաջ գնանք 2015-ին:
    Աշխարհի հինգ մայրցամաքներում գործող հարյուրավոր հայկական համայնքներ և կազմակերպություններ հերթական անգամ կազմակերպեցին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված ավանդական ծրագրեր: Կանգնեցվեցին հիշատակի խաչքարեր և հուշահամալիրներ, ինչպես օրինակ կանադական Վանկուվեր քաղաքում, Թբիլիսիում, Ջավախքի հայաշատ Նինոծմինդա վարչական կենտրոնում (նախկին անվանումը` Բոգդանովկա), ապա նաև Վրաստանի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում: Առավել ուշագրավ էր Հոլանդիայի Ալմելո քաղաքի հզոր հուշահամալիրի բացումը, չափազանց հուզիչ էր Դանիայի Գյուլինգ ավանի խաչքարի բացման խորհուրդը:
Alberd Vardanyani khakhaghutyan hushardzany Bokhumum    Իսկ որո՞նք էին 100-ամյակի նախաշեմի միջոցառումների ռազմավարական և մարտավարական այն առանձնահատկությունները, որոնք կարող են հարստացնել հայկական պայքարի նորօրյա փորձը:     
    Եվրոպայում եզակի երևույթ էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությունը և խոնհարումը Փարիզի Կոմիտասի հուշարձանի առջև: Ընդլայնված էր նաև այս տարվա ծրագրերի աշխարհագրությունը: Հիշատակի ծրագրեր անցկացվեցին «ոչ ավանդական» երկրների մայրաքաղաքներում` Հանոյում, Սեուլում, Պեկինում, Մեխիկոյում, Ամմանում, ընդլայնվեց «ավանդական» երկրներում միջոցառումների ներքին աշխարհագրությունը:
    Հայոց ցեղասկանության 99-տարելիցի ապրիլը բնորոշվեց նաև մի քանի բանաձևերով և հայտարարություններով:
  1. ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև:
  2. ԱՄՆ-ի հրեաների կոմիտեն հանդես եկավ Հայոց ցեղասպանության հիշատակի և դատապարտման ուղերձով:
  3. Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցացիայի կոչ ուղղեց իր պետության իշխանություններին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը և վերջ դնել ժղտողականությանը
  4. Դիարբեքիրում բացվեց «Աքսորի դիմանկարներ» խորագրով եզակի ցուցահանդեսը, ուր ներկայացվեց Եղեռնից մազապուրծ այն 99 դիարբեքիրցի հայերի լուսանկարները, ովքեր Դիարբեքիրից փախչելով ապաստանել էին Ֆրանսիայում:
  5. Վարչապետ Էրդողանի ցավակցական հայտարարությունը հայերին և դրա քննադատությունն ու մերժումը հայերի կողմից, համաշխարհային մամուլում և քաղաքական աշխարհում վերահաստատեց հայերի հստակ պահանջատիրության հանգամանքը:
 
     2014 թվականի հայկական ապրիլը Գերմանիայում 
mijocarman masnakicner    Հայկական ապրիլը Գերմանիայում այս տարի սկսվեց Քեսաբի բռնագրավման դեմ բողոքի հզոր ալիքով: Ապրիլի 5-ին Գերմանիայի 3 քաղաքներում կազմակերպվեցին բողոքի ցույցեր: Քյոլնում այն անցավ քաղաքի հռչակավոր Դոմի հրապարակում, Համբուրգի կենտրոնական փողոցներով ի պաշտպանություն քեսաբահայության անցան բողոքի քայլարշավի բազմաթիվ մասնակիցներ: Հայ Ակադեմիականների Միությունը աջակցություն ստանալով Եվրոպայի Հայկական Համագումարի Գերմանիայի մասնաճյուղի և Հայկական Վերածնունդ շարժման Գերմանիայի մասնաճյուղի անդամների կողմից, նույն օրը բողոքի և դատապարտման ցույց կազմակերպեց Դյուսելդորֆում գործող Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (Անի Քոչար, PressIdent.am, 7 ապրիլի 2014թ.):
    Անցյալ տարիների օրինակով հիշատակի միջոցառումներ անցկացվեցին Գերմանիայի համարյա բոլոր մեծ քաղաքներում, զուգահեռաբար աչքի ընկան նաև մի քանի նոր քաղաքներ` նոր նախաձեռնություններով: Մեծ Եղեռնի 99-ամյա տարելիցը տարաբնույթ ծրագրերով նշվեց Մայնի Ֆրանկֆուրտում (կենտրոնական ծրագիր), Բեռլինում, Համբուրգում, Քյոլնում, Շտուտգարտում, Մյունխենում, Բոխումում, Լայպցիգում, Բրեմենում, Կոնստանցում, Յենայում, Լեերում, Հոյխբերգում, Հերֆորդում և Լյուբեկում:
   Լայնածավալ ծրագրերի համատեքստում նորություն էին մի քանի հետաքրքիր նախաձեռնություններ: Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի Թուրքիա կատարելիք այցի նախաշեմին հայր և որդի Պաուլ և Էլի Գուլօղլուները նախագահական Բելեվյու ամրոց-նստավայրի դիմաց մի քանի ժամ պահանջատիրական պաստառներ պարզեցին, Ենայի քաղաքագլուխ դր. Ալբրեխտ Շրյոթերը ապրիլի 24-ին առաջին անգամ Գերմանիայում քաղաքապետարանի դիմաց ի նշան համերաշխության և որպես հարգանք հայ զոհերին, խոնհարեցրեց հայկական եռագույնը, որը, ըստ քաղաքապետի, նաև երկրի բարձրագույն իշխանություններին Գերմանիայի մեղսակցության հիշեցում էր, Կոնստանցի քաղաքային թատրոնը ի հեճուկս Կարլսռուհեում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի և բազմաթիվ թուրքերի բողոքի ցույցին, մեկ ամսից ավելի շարունակեց ցուցադրել Էդգար Հիլզենռաթի «Վերջին մտքի հեքիաթը» վեպի հիման վրա բեմադրած դրաման, որն ավարտվեց Թուրքիայի հարցերով մի քանի փորձագետների քննարկման երեկոյով: Հիշատակի յուրահատուկ միջոցառումների շարք կազմակերպվեց Երևանից հրավիրված դուդուկահարներ Գևորգ Դաբաղյանի, Կարապետ Շաբոյանի և նրանց գերմանացի գործընկերների համագործակցությամբ, որոնք անցկացվեցին Հերֆորդ, Լյուբեկ և Համբուրգ քաղաքներում: Առանձնահատուկ է նաև Բեռլինում դր. Թեսսա Հոֆմանի և դր. Ժիրայր Քոչարյանի ղեկավարությամբ գործող «Ճանաչում աշխատանքային խմբի» արդեն երկրորդ տարին կրկնվող միջոցառումը, որի ընթացքում Բեռլինի թուրքական դեսպանության դիմաց ցույցից հետո մասնակիցները պաստառներով և դրոշներով քայլում են դեպի կանցլերի նստավայր և այնտեղ հանձնում ցեղասպանության ճանաչման և այլ պահանջներ ներկայացնող փաստաթուղթը, ճանապարհին ծաղկեպսակներ դնում հոլոքաուստի ապա նաև գնչուների ցեղասպանության հուշարձաններին: 
   
    Հայ Ակադեմիականների Միության (ՀԱՄ) հիշատակի և պահանջատիրության միջոցառումը Բոխում քաղաքում 
Bokhum Վեց տարագիր ազգերի ներկայացուցչական կառույցներ ուխտակցում են և գերմանական կողմի հետ միասնաբար դատապարտում են ինչպես ոճրագործ օսմանյան պետության, այնպես էլ ոճիրն ուրացող ներկա Թուրքիայի կառավարություններին:                                 
    Այսպիսի ձևաչափով հիշատակի և պահանջատիրության միջոցառում Գերմանիայում կազմակերպվում էր առաջին անգամ: Յոթ ազգերի ներկայացուցիչներ համատեղ հարգանքի տուրք են մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
    ՀԱՄ-ի քաղաքական կոնցեպտի առանցքային հարցերից է նաև «նախ գերմանացիներին լսելի դարձնել ոչ միայն հայկական, այլև մեր դրացի ազգերի ողբերգությունները, ապա ձգտել միաբանել նրանց տարագրության փարձառությունները, հասնել տարագրյալ ազգերի պայքարի ուղեգծերի համադրմանը…»: Այսինքն ՀԱՄ-ի կողմից զանազան առիթներով հնչեցրած «հալածանքների ժամանակ անհրաժեշտ դաշնակից չդարձանք, հիմա ենք դառնալու» կարգախոսը պետք է նվիրագործել քաղաքական հստակ գործողություններով,  համատեղ ու անկեղծ դաշնադրությամբ:  
    Միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 26-ին: ՀԱՄ-ին աջակցում էր Բոխումի Լինդեն թաղամասի Ավետարանչական համայնքը, որը տրամադրել էր թաղամասի կենտրոնական Խրիստուսկիրխե եկեղեցին:
Pastor Schuldt    Պաստոր Ռոլֆ Շուլդի տպավորիչ բացման խոսքին հետևեց տողերիս հեղինակի պահանջատիրական շեշտադրությամբ ելույթը, այնուհետև հանդես եկավ «Ձախեր» կուսակցության անվանի գործիչներից Բունդեսթագի պատգամավոր Տիկին Սեվիմ Դագդելենը, ով ոչ միայն դատապարտեց կայսերական Գերմանիայի մեղսակցությունը Հայոց ցեղասպանության հարցում, այլև ներկա գերմանական իշխանություններից պահանջեց վերջ դնել ժամանակակից Թուրքիային ռազմական տեխնիկա տրամադրելու անընդունելի քաղաքականությանը: Պատգամավորի խոսքին հաջորդեց Արմին Թ. Վեգներ ընկերության նախագահ Ուլրիխ Քլանի ելույթը: Նա շեշտվեց Վեգների լուսանկարների, գրական ստեղծագործությունների և ԱՄՆ պրեզիդենտ Վուդրո Վիլսոնին 1919թ. ուղղված նամակի կարևորությունը Հայկական հարցի առնչությամբ: Գերմանացի մտավորականից հետո բեմում հնչեցին Պոնտոսի հույների միությունների Եվրոպայի կենտրոնական խորհրդի նախագահ Իլիաս Մավրիդիսի, Դերսիմի միությունների եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Իսմաիլ Յուչերի, ասորի քաղաքական գործիչ, Թուրքիայում երկար տարիների ընթատակյա քաղաքական պայքարի առաջնորդներից Իբրահիմ Սևենի, Գերմանիայի Եզդիների ակադեմիական ընկերության նախագահ Դր. Սեֆիկ Թագայի և Քոչքիրցիների եվրոպական դաշինքի կենտրոնական խորհրդի վարչության անդամ Հասան Օյզերի ելույթները, ովքեր միաբերան պահանջեցին Հայոց ցեղասպանության անհապաղ ճանաչում և դատապարտում, ինչպես նաև սեփական ժողովուրդների ողբերգությունները ներկայացնելով, խիստ անհրաժեշտ համարեցին արդի դժվարին պայքարի պայմաններում տարագիր ազգերի միասնական ուխտի ստեղծումը:
Christiane Conrad    Ծրագրի գեղարվեստական մասում հանդես եկան ջութակահարուհի Ալիսա Եփրեմյանը (Վուպերտալ), ով Կոմիտասի կռունկով կատարեց միջոցառման բացումը, ապա ֆլեյտահար Ներսես Օհանյան (Էսենի երաժշտական բարձրագույն դպրոց) հնչեցրեց բեթհովենյան մի քանի ստեղծագործություններ, ելույթներ ունեցան թավջութակահարուհի Քրիստինե Քոնրադը (Բոխումի ֆիլարմոնիկ),  Ռախել Զայֆերտ (մեներգչուհի, Բոխում), Բոխումի գրողների ընկերության խոսնակ Հայդե Ռիկը կարդաց փարիզաբնակ Գրիգոր Բլըդյանի բանաստեղծությունների ֆրանսերենից կատարած իր թարգմանությունները: Ծրագրի բոլոր մասնակիցների ելույթները տեղի ունեցան հայկական խոնարհված եռագույնի ներքո:
    Խրիստուսկիրխեի բակը 2006 թվականից զարդարում է Գյումրիից բերված քանդակագործ Ալբերտ Վարդանյանի յուրահատուկ մի ստեղծագործություն, որը Բոխումի խաղաղության հուշարձանն է: Այն Բոխումի և հարակից քաղաքների հայերի և նրանց հյուրերի համար դարձել է յուրօրինակ մշակութային ուխտավայր: Ծրագրի ավարտին պաստոր Շուլդը ներկաներին մեկնաբանեց հուշարձանի վրայի խորհրդանշական լուծումները:  Ծրագիրը Խրիստուսկիրխեում կազմակերպելը պայմանավորված էր նաև այս հրաշք հուշարձանը օտարների համար ավելի ճանաչելի դարձնելու հանգամանքով:
     Միջոցառման հայտագրերի ձևավորումը կատարել էր բրեմենաբնակ արվեստագետ Մարիետտա Արմենան, հայտագրերի տեքստերը հեղինակել էր դր. Յոխեն Մանգելսենը:
Nerses Ohanyan  Բոխումի ծրագրի առանձնահատկությունը նաև այն էր, որ գերմանական մամուլը անսովոր ակտիվությամբ անդրադարձավ միջոցառմանն ու լայնորեն մեկնաբանեց Հայոց ցեղասպանության հարցը: Միայն Westdeutsche Allgemeine Zeitung-ը (WAZ), որը Գերմանիայի ամենամեծ մարզային թերթն է, զանազան ծավալի հոդվածներով չորս անգամ անդրադարձավ ծրագրին, Ruhr Nachrichten քաղաքային կենտրոնական թերթը երկու հոդված հրատարակեց այդ մասին, քաղաքային Stadt Spiegel-ը ծանուցեծ ծրագրի հայտագիրը: Էսեն քաղաքի Prinz տպագիր հանդեսը, ապա  համացանցային Bochumer Alternative, Scharf Links և Ruhr Barone լայն տեղեկատվական կայքերը անմասն չմնացին ծրագրին աջակցելու գործից: Ապրիլի 29-ին Գերմանիայի կենտրոնական թերթերից  Junge Welt-ը մեկ ամբողջ էջ նվիրեց պագամավոր Սեվիմ Դագդելենի Բոխումում կարդացած ելույթին: Ապրիլի 26-ի Բոխումի միջոցառմանը երկու անգամ անդրադարձան հայկական համացանցային PressIdent.am և Nor Khosq.net համացանցային թերթերը, Արմենպրեսը, ինչպես նաև Գերմանիայում բավականին ընթերցվող ասորական Huyodo.Com համացանցային լրատվամիջոցը:
    Ցավոք հայ ժողովրդի անդրժելի իրավունքները դեռևս վերականգնված չեն, և մենք ստիպված ենք լինելու դեռ երկար ժամանակ սփյուռքում կազմակերպել այսպիսի ծրագրեր:
 
Ազատ Օրդուխանյան
Հայ Ակադեմիականների Միության նախագահ
4 մայիսի 2014թ., ք. Բոխում, Գերմանիա 
 
 
  • Created on .
  • Hits: 3399

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: