Յուստուս Ֆրանցը Հայաստանում է

    Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի հրավերով Հայաստանում է գերմանացի  աշխարհահռչակ դիրիժոր Յուստուս Ֆրանցը: Սա դիրիժորի առաջին այցն է Հայաստան և միաժամանակ առաջին համերգը: Ֆրանցը հանդես կգա Հայաստանի  պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և ֆրանսիացի դաշնակահար Տրիստան Պֆաֆի հետ:   
    Կայանալիք համերգի առիթով Արամ Խաչատրյան համերգասրահում հրավիրվել էր մամուլի ասուլիս: Ասուլիսին ներկա էին Յուստուս Ֆրանցը, Տրիստան Պֆաֆը, ինչպես նաև  Ֆրանցի կինը` Կսենիա Դուբրովսկայան, ով նաև դիրիժորի մենեջերն է: Ի տարբերություն Ֆրանցի` սա Կսենիա Դուբրովսկայայի երկրորդ այցն է Հայաստան: Վերջինս նախորդ տարի ընդգրկված էր «Վերածնունդ»  երաժշտական փառատոնի ժյուրիի կազմում:
    Չնայած Ֆրանցը առաջին անգամ է Հայաստանում, բայց  մեր երկրի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի: Դեռ1988-ին, տեղեկանալով Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, նա Գերմանիայում մի քանի օրվա ընթացքում կազմակերպել և իրականացրել է համերգաշար, որի ողջ հասույթը (ավելի քան 100.000 գերմանական մարկ) փոխանցվել է  Հայաստան: Ֆրանցը մեծ հումանիստ է. բարեգործական համերգներ նա շատ հաճախ է նախաձեռնում. « Մենք բոլորս ապրում ենք մեկ ընդհանուր աշխարհում և պետք է միասին պայքարենք խաղաղության համար»:
     Հայաստանի հետ ծանոթությունը աշխարհահռչակ դիրիժորը կապում է Արամ Խաչատրյանի հետ` հիշելով տարիներ առաջ Համբուրգում իրենց հանդիպումը, Խաչատրյանի համերգը, որից մեծ տպավորություններ ունի. «Շատ եմ սիրում Խաչատրյանի աշխատանքները հատկապես «Ջութակի կոնցերտը», «Դաշնամուրի կոնցերտը» և «Գայանե բալետը»»:
    Յուստուս Ֆրանցը նաև Ազգերի նվագախմբի ( Philharmonia of the Nations ) գլխավոր դիրիժորն է: Նվագախումբը դիրիժորի երազանքն է, որն իրականացել է լեգենդար Լեոնարդ Բերնսթայնի հետ  համագործակցության արդյունքում: Ազգերի նվագախմբում, ինչպես անունն է հուշում, ընդգրկված են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում` նաև հակամարտող ազգերի: Ֆրանցը նշում է, որ  տարաձայնություններ քիչ են եղել, եղածներն էլ փորձել են հարթել. «Արվեստի մարդիկ չպետք է անեն այն, ինչ անում են քաղաքական գործիչները,  երաժշտությունը հենց նրա համար է, որ կամուրջներ կառուցվեն, և երկխոսությունը ստացվի»:
    Դիրիժորը խոստովանում է, որ մինչև Երևան գալն իր ակնկալիքները մեր նվագախմբից մեծ չէին. լսել էր, որ շատ երաժիշտներ են լքել  նվագախումբը: Բայց Նվագախմբին ծանոթանալուց հետո Ֆրանցի կարծիքը կտրուկ փոխվել է. «Փորձերից հետո հիացած եմ. պիտի հպարտ լինեք, որ այսպիսի նվագախումբ ունեք. այսօր ամեն երկրում չէ, որ նման նվագախումբ կհանդիպես»:
    Դաշնակահար Տրիստան Պֆաֆը նույնպես առաջին անգամ  է Հայաստանում, բայց Փարիզում շատ հայ ընկերներ ունի, միջավայրն իրեն խորթ չէ: Համերգին Պֆաֆի մենակատարությամբ կհնչի Գրիգի «Դաշնամուրի կոնցերտը»: Դաշնակահարը մեզ հետ զրույցում ասաց, որ, չնայած շատ բեմերում է հանդես եկել որպես մենակատար, բայց Գրիգի կոնցերտը կատարելու   պատասխանատվությունը մեծ է, քանի որ գործը բարդ է: Այս առիթով Տրիստան Պֆաֆը պատմեց մի փոքր տղայի պատմություն, երբ տղայի դաշմանուրը կենդանացել է և նվագել տղայի փոխարեն: Արդյունքում տղան հայտնի դաշնակահար է դարձել «ինքնաշխատ» դաշնամուրի շնորհիվ, դահլիճներ է գրավել ու  մեծամտացել: Բայց երբ  եկել է Գրիգի կոնցերտը կատարելու ժամանակը,  դաշմանուրը լռել է: Եզրակացությունները դաշնակահարը թողնում է  ընթեցողներին:
    Պֆաֆը նշեց, որ ծանոթ է մեր երաժշտությանը. «Բազմիցս  ունկնդրել եմ Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի գործերը. հարմար առիթի դեպքում մեծ  սիրով ինքս կներկայացնեմ»:
    Հիշեցնենք, որ Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ և Տրիստան Պֆաֆի մենակատարությամբ համերգը կկայանա  ապրիլի 11-ին՝ ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգի ծրագրում ընդգրկված են  Բրամսի «Ակադեմիական նախերգանքը» և «I-ին սիմֆոնիան», Գրիգի «Դաշնամուրի կոնցերտը»:
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3277

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: