Մի քանի նախադասություն Ֆիլյանի արձակի մասին

    Ընդհանրապես Ֆիլյանի արձակի բնույթներից մեկը՝ սակավախոսությունն է: Սա նաև նկատելի է «Քո երկրի դեսպանը» վեպում: Թվում է ծավալվելու տեղ շատ կա, բայց Ֆիլյանն ուսումնասիրում է էականը, առանց նրա շուրջ պտտվելու և նրան մոտենալու պրոզայիկ լայնամասշտաբ մեթոդների:
    Պատմվածքից քիչ ծավալով արձակ ստեղծագործությանը մենք մանրապատում ենք անվանում: Անգլո-սաքսոնական գրականության մեջ գործածում են short fiction /կարճ արձակ/ տերմինը, իսկ ահա երկուհազարականներից սկսած նրանց գրականագիտությունը շրջանառության մեջ է դրել flash fiction տերմինը՝ մի քանի բառից, մինչև երկու հարյուր, հինգ հարյուր բառ ունեցող բնագրեր: Ճապոնական գրականության մեջ այն անվանում են ափաչափ պատմվածքներ: Պատմություն, որ տեղավորվում է ձեռքի ափի մեջ: Այս ժանրի մեծ վարպետներից մեկը՝ Յասունարի Կավաբատան էր, աշխարհին հայտնի՝ «Ափաչափ պատմվածքներ» շարքով:
    Ֆիլյանի ափաչափ արձակը: Այս անվանումը կարծում եմ ավելի բնորոշ ու համահունչ է նրա կարճ ստեղծագործությանը, քան մանրապատումը:
    Մանրապատումը որպես այդպիսի չունի ամբողջական սյուժե և հանգամանորեն բնութագրվող կերպարներ, այստեղ որպես կենտրոն կարող է հանդես գալ, միտքը, ապրումը, մթնոլորտ ստանալն ու նրան լքելը: Շատ ժամանակ մանրապատումը, որ գլխավոր հերոսներ կարող են նաև կենդանիները լինել, շփոթում են առակի հետ, որ կազմված է սյուժեից և բարոյախոսությունից:
    Ֆիլյանի մանրապատումները չեն բարոյախոսում, տեղ-տեղ նրանք ավարտվում են անսպասելի՝ պատմության շարունակությունը թողնելով ընթերցողական կռահումին:
    Երբ արձակը կարճ է, տպավորություն է լինում, որ այն ավելի հեշտությամբ է տրվում, առանց երկար ու ձիգ մտածումների: Բայց Ֆիլյանը իր ափաչափ պատումներից շատերի տակ ստորագրել է ստեղծման տարեթիվը: Եվ ես կարծում եմ, որ նրանց մեջ եղել են գործեր, որոնք իրոք միանգամից են տրվել և գործեր, որոնք տարիներով են գրվել: Ֆիլյանի համար այս գործերում կարևոր է յուրաքանչյուր բառ, ռիթմ, կետադրական նշան, դադար, մեղեդայնություն:
    Հետաքրքիր է, որ նոր տեխնոլոգիաների աշխարհում այս ժանրի ձևաչափը միանգամից գտավ իրեն և հիմա մեծ զարգացում է ապրում: Այժմ համացանցում flash  fiction-ի բազմաթիվ կայքեր կան, որտեղ կարելի է ուշագրավ գործեր գտնել: Եվ այս պարագայում ևս կարելի է ասել, որ Ֆիլյանի ափաչափ արձակը իր ոճային առանձնահատկությունով խիստ արդիական է, որովհետև հրաշալիորեն ճկվում է և տեղավորվում նոր տեխնոլոգիաների առաջարկած գուցե սահմանափակ ֆորմաների մեջ, օրինակ Ֆեյսբուքում ու հատկապես Թվիթերում, որն ի տարբերություն Ֆեյսբուքի, սահմանափակում է բառերի քանակը:
    Ինչպես վեպը, ափաչափ արձակը, այնպես էլ հեքիաթ-պատմվածքները նրա գրականությունը հասկանալու լավագույն բանալիներից են: Ստեղծագործություններ են, որոնք տեղավորվում են ոչ միայն Ֆիլյանի կողմից ուղղակի դիտավորությամբ արարված հեքիաթային իրականության մեջ, այլև դրանից դուրս, ինչ-որ ուրիշ տարածությունում: Ընթերցանության ընթացքում հանկարծ մոռանում ես, որ հեքիաթի մեջ ես և դանդաղորեն դուրս մղվում օղակից: Եվ հակառակը. հանկարծ մարդկային կեցության պարզ նկարագիրը քեզ հեքիաթային է թվում և այսպես շարունակ»: 
Արամ Պաչյան 
  • Created on .
  • Hits: 3458

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: