Տապանի նավարկությունը

    «Գրական տապան» միջազգային գրական փառատոնին այս տարի մասնակցում էր շուրջ 16 օտարերկրացի գրող: Այն տևեց 7 օր՝ հոկտեմբերի 23-30-ը: Փառատոնի ընթացքում տեղի ունեցան տարբեր թոք-շոուներ, վարպետության դասեր, հանդիպումներ տարբեր բուհերում ու գրադարաններում: Բացի այդ՝ հյուրերը հնարավորություն ունեցան նաև շրջել Հայաստանում և ծանոթանալ նրա պատմությանն ու մշակույթին:
    Հոկտեմբերի 26-ի առավոտյան «Գրական տապանի» մասնակիցները այցելեցին Ծիծեռնակաբերդ և Ցեղասպանության թանգարան, ապա ուղևորվեցին Օշական՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Նույն օրը, շարունակելով երթուղին, «Գրական տապանը» հասավ Գյումրի, որտեղ կանգ առավ երեք օր: Նույն օրը հյուրերը շրջայց կատարեցին քաղաքի հրապարակում և հին թաղամասերում:
grakan tapan-2013    Հոկտեմբերի 27-ին Գյումրիում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Սպիտակ թղթի առջև» թեմայով, որի ընթացքում մասնակիցները զրուցեցին գրողի ու գրականության դերի մասին: Ապա տեղի ունեցավ հայոց լեզվի նախնական ծանոթացում: Դավիթ Մաթևոսյանը հյուրերին ներկայացրեց հայոց գրերի ստեղծման պատմությունը և դրա կարևորությունը հայ ազգի համար: Այնուհետև հայ գրողների օգնությամբ հյուրերը որոշ բառեր ու արտահայտություններ սովորեցին հայերեն:
    Խումբը ուղևորվեց Ջաջուռ՝ Մինասի արվեստանոց, որտեղ Դավիթ Մուրադյանը հյուրերին ներկայացրեց նկարչի միստիկ ու ողբերգական կյանքը: Ջաջուռում` գետի ափին, եղան գրական ընթերցումներ: Հայ և օտարազգի գրողները իրենց մայրենի լեզուներով կարդացին իրենց բանաստեղծությունները:
    Հաջորդը Ձիթողցյանների թանգարանն էր, որտեղ հյուրերը ծանոթացան Գյումրի քաղաքի և Ձիթողցյանների ընտանիքի պատմությանը: Իսկ երեկոյան նրանք ծանոթացան հայ ազգային նվագարաններին՝ դուդուկ, դհոլ, լսեցին ազգային մեղեդիներ և գրական ընթերցումներ կազմակերպեցին նրանց նվագակցությամբ:
grakan tapan    Հոկտեմբերի 28-ին Տապանը շարժվեց Մարմաշեն: Հինգ կիլոմետր ոտքով հաղթահարելը հյուրերին ձանձրալի չթվաց: Մարմաշենում, գետի ափին ցրված, հյուրերը երկար հիանում էին տեղի բնությամբ, խորը լռությամբ ու խաղաղությամբ: Մարմաշենից գրողները ուղևորվեցին Տեղերի վանք: Տապանը 28-ի երեկոյան վերադարձավ Երևան:
    29-ին Տապանն ուղևորվեց Խոր վիրապ: Եվս մի միստիկ վայր, որի պատմությունը տպավորեց հյուրերին: «Երբեք չեմ եղել այսպիսի հին ու սուրբ վայրում»,- ասաց իսպանուհի հյուրերից մեկը:
    Երթուղին շարունակվեց դեպի Նորավանք: Ապա Զանգակատուն՝ Պարույր Սևակի տուն-թանգարան: Սևակի գերեզմանի մոտ ընթերցեցին նրա բանաստեղծությունները և ռուսերեն թարգմանությունները:
Երևան վերադարձին հյուրերը օգտվեցին բնության ընձեռած հնարավորությունից և լուսանկարեցին Արարատը ու լուսանկարվեցին նրա ֆոնին:
    Հոկտեմբերի 30-ը տապանի վերջին օրն էր, և տապանն իր ուղևորությունն ավարտեց Սևան, Գառնի, Գեղարդ այցելությամբ:
grakan-tapan    Հայաստանի պատմամշակութային վայրերը, նրանց պատմությունը, ճանապարհին ունեցած գրական ու ոչ գրական զրույցները, Երևանում և Գյումրիում կազմակերպված գրական քննարկումներն ու հանդիպումները հավանաբար հարստացրին գրական տապանի հայ ու առավել ևս օտարազգի մասնակիցներին, և վերջիններս իրենց հետ այսօր մի մաս կտանեն Հայաստանից, ու գուցե նրանցից շատերը հնարավորության ու առիթների դեպքում նորից ու նորից կվերադառնան: Սլովակիայից ժամանած Զուզաննա Կեպլովան ճանապարհին ասաց. «Դուք հրաշալի մշակույթ ունեք, այստեղ այնքան բան կա տեսնելու… Ես վստահ եմ, որ մի քանի տարի հետո Հայաստանը լցված է լինելու զբոսաշրջիկներով»:
 
 
 
  • Created on .
  • Hits: 2769

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: