Դ. Խաչատրյան. Ագռավաքարի  առասպելը  Լ. Խեչոյանի գեղագիտական համակարգում

Յուրաքանչյուր գրող ունի ստեղծագործական իր համակարգը, դիմագիծը և դավանանքը: Լևոն Խեչոյանի դեպքում գրողական դիմագծի արտահայտիչը շատ առումներով կարող ենք համարել «Մհերի դռան գիրքը» վեպը: Յուրաքանչյուր անդրադարձը Խեչոյան ստեղծագործողին՝ չգրված պարտադրանք է դնում այդ անվան կողքին դիտարկել նաև Փոքր Մհեր երևույթը: 

«Մհերի դուռը» Լևոն Խեչոյանի կյանքի գիրն է, գիրք, որի վրա արձակագիրն աշխատել է բավականին երկար, և հերոս, որի ուրվականը թափառում է գրողի ստեղծագործական ողջ հետագծով: Այս հանգամանքը պայմանավորված է այն յուրատեսակ մոտեցմամբ, որը ցուցաբերել է հեղինակը մեր ազգային էպոսի ընկալումների շուրջ: Ազգային էպոսի խորհուրդը Խեչոյանի համար շատ ավելին է, քան հնարավոր է առաջին հայացքից պատկերացնել:  Այս գործը արարվել է ավելի քան 13 տարի. «Շատ վիճելի, կասկածելի , տանջալի սպասումով պիտի սպասեմ իմ ներսի խաղաղվելուն, երբ խաղաղվեցի, այդ ժամանակ էլ կզգամ, որ գիրքը ստացվել է ….Ժողովրդի  3000-ամյա պատմությունն է, իսկ ես ահա 13 տարում պատմեցի ու վերջ… արդյո՞ք ե՞ս էի նա, ով պիտի նորովի պատմեր էպոսը, արդյո՞ք ե՞ս էի… ահա , թե որտեղ է թաղված կասկածի աղբյուրը»,- տագնապում է հեղինակը:[1]

Սասնա ազգային էպոսը հեղինակը գաղափարագծում է մեկ այլ հարթության վրա՝ համարելով այն մեր ժողովրդի Սուրբ Գիրքը,  կոդավորված համակարգ՝ ուղղված ազգին դարերի խորքից: Նա «Սասնա ծռերը» համարում է կանոնների մի ամբողջական համակարգ, որին հետևելով՝ պիտի ապրի հայ ազգը՝ փորձելով գտնել իր ճակատագրի առեղծվածը դրա էջերի տողատակերում կամ բուն հիմքում: «Մհերի դռան գիրքը» վեպը հեղինակը որպես պատգամ է թողել իր երկրի ապագա սերունդներին՝ նախանշելով այն ուղին, որով նրանք պիտի կարողանան կերտել իրենց նոր հայրենիքը՝ երբեք չմոռանալով Ագռավաքարում նստած մեր ազգի հարատևությունը և անմահությունը, մեր տեսակի եզակիությունը մարմնավորող Մհերի գոյության փաստը, որովհետև նա «Ագռավաքարում համազգային հիշողության հոգևոր բովանդակությունն է»:[2]

Մհերի կերպարը և Ագռավաքարի առասպելը սևեռուն գաղափարի պես մշտական ներկայություն են Խեչոյանի ստեղծագործական համակարգում: Հետադարձ հայացք նետելով նրա գործերին՝ մենք կարող ենք տեսնել վերը նշված առասպելական հերոսի ներկայությունը: Հեղինակն առաջին գործի՝ «Խնկի ծառերի» առիթով մի անգամ նշել է, որ վեպում «մի հերոս կա, որ բոլոր սերունդների հետ ապրում, ո՜չ մեռնում է,  ո՜չ էլ ծերանում՝ ինչպես ժամանակը: Որ դիտենք, էպոսի Մհերը կերևա, թե արևամուտի մեջ ինչպես է մենամարտում Աստծո հրեշտակի հետ»:[3] Մհերը հիշատակվում է նաև «Սև գիրք, ծանր բզեզում», թեև հպանցիկ, բայց այնուամենայնիվ հենց Մհերի ուրվականն է, որ շարունակ անցնում է ջոկատի  զինվորների միջով: Ագռավաքարի խորհրդաբանությունը՝ արդեն բացված չակերտներով, մենք գտնում ենք «Եվրոպայի երկաթե ճանապարհին» խոհագրության մեջ, որտեղ մասնավորապես ասվում է. «Երկրագնդի վրա մարդու համար ամենամեծ պատիժներից և խոշոր դժբախտություններից մեկն ակնթարթը հավերժություն դարձնելն է՝ մարդուն պոկել, դուրս հանել իր ապրած ժամանակի միջից և իր շարժման մեջ, որ ընթանում էր, արգելակել՝ ահա քարայրը մութ:  Սա այն կախարդական քարանձավն է, որտեղից չենք կարողանում դուրս գալ: Տարիներ շարունակ մեր մշտական պտույտն է Ագռավաքարի ներսում: Անցյալի հիշատակներն անընդհատ կանչում են այնտեղից, իսկ մենք, միստիկ հավատով կանգ ենք առել դարերի առաջ, սպասում ենք, թե երբ պիտի աշխարհում ցորենը լինի ալոճի, գարին՝ մասուրի չափ: Ամբողջ իմ գիտակցական կյանքի ընթացքում սպասել եմ կարմրածուփ նշանը ճակատին ԿԱՆՉՎԱԾԻՆ, որ համազգային ծրագիր կբերեր»[4] Գրողը, շարունակելով մտորումների անվերջանալի տարափը, մտավախություն է արտահայտում, որ «ժամանակը դարձյալ այս լաբիրինթոսում պիտի կորսնեցնի մեզ, տանի ու բերի, կանգնեցնի դեմ ու դեմ, տեսցնի իրար»[5]:

Փոքր Մհերի գաղափարաբանությունը ներկայացնող պատկերային համակարգը կուռ կառույց է նաև Լևոն Խեչոյանի պատմվածաշարային տիրույթում: Այս շարքում կարող ենք զետեղել «Շաբաթ, կիրակի»,  «Ճանապարհորդը» , «Լրագրողը», պատմվածքները:  Խորհրդանշական պատկեր-պատառիկների օրինակները, նույնպես քիչ չեն առանձին պատմվածքներում. «Թեև լեռներից իջնող վարար ջրերը համարյա շուրջբոլորակի կալել են մեզ, հողը երերուն է դարձել…», կամ «Խոտը գետինը ծեծված՝ ծանոթ արահետով անցնելով հանկարծ ոտքերիս տակ հողը փուլ եկավ, ինձ վերցրեց անատամ, փափուկ լնդերի մեջ, ծծում էր»[6]:Հողի փխրունության գաղափարը  առկա է նաև «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպում, մասնավորապես այն հատվածներում, որտեղ հայրենի հողը այլևս իր վրա չի պահում Մերուժանին:

 «Մհերի դուռը» ընթերցողին ոչ միայն ստիպում է գործ ունենալ ազգային էպոսի ընկալման նոր ձևի հետ, այլև թակարդը կարող է նետել ժանրային մոտեցման մակարդակում, քանի որ այս հարցը նույնպես վեպի խնդրահարույց կողմերից մեկն է: Չնայած որ վեպն իր ներքին փիլիսոփայությամբ բարդ է,  գաղափարական առումով էլ բավական գրավիչ առեղծվածներ է պարունակում, բայց և այնպես,  որևէ անդրադարձ այս գրքին պարունակում է մտորումներ ժանրային կառույցի վերաբերյալ: Գրականագետները, ժանրային բնութագրականի մակարդակում հարցը քննելով, հիմնականում այսպիսի տեսակետներ են արտահայտում. «Սա վեպի նոր ագոյացություն չէ, այլ մի պահ կանգ առած ու չշարունակված փնտրտուք»[7],   «…այս գիրքը դժվար է տեղավորել վեպի ժանրային շրջանակներում, թեև վեպն ամենալայն հնարավորությունների ժանրն է և սահմանափակում չի ենթադրում իր դրսևորումների մեջ:  Սակայն այս գիրքը, եթե կարելի է ասել, զուտ խեչոյանական վեպ է … »[8],  «Դժվար է ասել՝ այս ստեղծագործությունը վե՞պ է,  դասախոսություն-հետազոտությու՞ն,  ինչպես հեղինակն է ներկայացնում, մեր օրերի իրողություններով  համեմված էպոսի վերաշարադրա՞նք,  խոհագրություն, հասարակագիտական ուսումնասիրություն»[9],  «Գրողը ստեղծել է պարականոն վեպի մի տարբերակ, որպիսին անօրինակ է թե՛ ժանրային ձևով և թե՛ պատկերային համակարգով»[10]:

Վեպը կառուցված է դասախոսությունների ձևով, ստեղծագործության այս կառուցատիպը ընդհանրություններ ունի «Սև գրքի» հետ:  «Սև գիրք, ծանր բզեզում» առկա պատերազմական նկարագրությունները, օրագրային գրառումները, նամակները համադրված են մեկ ստեղծագործական տարածքում:  Նմանատիպ համադրությունն առկա է նաև «Մհերի դռան գրքում», որտեղ առկա են դասախոսի անձնական կյանքի զուգահեռները վեպի տրամաբանական դատողությունների հետ:  Մի դեպքում գործ ունենք օրագրություն-ներկա, մյուս դեպքում՝դասախոսություն-ներկա կառուցվածքային ձևի հետ: Աղերսներն առավել պարզ են դառնում, երբ անդրադարձ ենք կատարում «Դասախոսի ներկա օրագիր» հատվածին, որտեղ որպես լրացում առկա է «Լրագրողը» պատմվածքը:

Ինչո՞ւ Լևոն Խեչոյանը փոխեց էպոսի մեկնակետը և մեկնաբանման շեշտադրությունը՝ ազատագրական պայքարի խորհրդանիշ Դավթից ուղղեց դեպի Փոքր Մհերը՝ նրա մեջ փնտրելով ազգային գոյի հիմքերը: Խեչոյանի համար «ազգային վեպը չանձնավորված ուժ է, որ մեր աշխարհին կարգ, ներդաշնակություն է բերում, իր երկար ճանապարհին ազգային մտածողություն, հոգեբանություն, անգամ վարքագիծ է ձևավորել»[11]: Իսկ հարցին այս դիտանկյունից մոտենալը երևան է հանում այն հիմնական գաղափարագծերից մեկը, համաձայն որի՝ էպոսը գրողի համար չի համարվում վերջացրած պատմություն, այլ հավերժական խորհուրդ պարունակող երևույթ, իսկ հավերժականի խուրհուրդը կարող է ամրակայել միմիայն Փոքր Մհերի միֆը: Գրողի մտորումների համաձայն՝ մհերյան ոգին ազգին երբեք չի լքել, և այդ պատճառով նույն ժողովուրդը նրան օժտել է անմահության և երկրորդ վերադարձի խորհրդով:  Մհերի առասպելին անդրադառնալով՝ Հովսեփ Օրբելին ժամանակին բոլորովին այլ մեկնաբանություն է տվել:  Ըստ նրա՝ էպոսի գերբնական հերոսներն աստիճանաբար փոխարինվել են առավել մարդկային հերոսներով, և նրանց իրական հմայքը չկորցնելու համար.  «Մհերը պետք է մնար անմահ, կամ էլ էպոսը նրա համար ստեղծեր անհամար հետևորդներ»[12]: Խեչոյանն այս հարցին հակադիր մոտեցում է ցուցաբերում՝ գտնելով, որ Ագռավաքարում ամփոփված է մեր համազգային հիշողության հոգևոր բովանդակությունը: Նա բոլորովին նոր՝ տիեզերական ոլորտի վրա է դնում մեր ազգային էպոսը, նրա պատկերած ժամանակը և տարածությունը:

Խեչոյանի Մհերը գաղափարական ընդհանրություններ ունի Հրանտ Մաթևոսյանի պատկերացրած Փոքր Մհերի հետ. «Ինձ միշտ թվացել է, և այդպես է, թե Դավթի գործը Մհերի կռվից հեշտ է. անճոռնի, ահռելի, բայց նյութական ու իրական Մելիքի փոխարեն թշնամին Մհերի առջև նոր կերպարանք է առել՝ որ աննյութ ու անորսալի է, որ խփում է, բայց չի խփվում, հալածում է, բայց չի հալածվում»[13]: Արձակագիրը հենց այս աննյութ թշնամու դեմ պայքարի ոգի և ազգային մտածողություն կերտելու հիմքերից էլ մոտենում է խնդրի լուծմանը:

Տարաբնույթ գաղափարական հոսանքները իրենց առատությամբ և հզորությամբ քաջատեղյակ դասախոսի մտորումների միջոցով դուրս են հորդում հարյուր հիսուն տարբերակների համադրության անծայրածիր ոլորտներից և ողողում ստեղծագործության էջերը:

Խեչոյանը Մհերի առեղծվածի բացահայտմանն ուղղված որոնումները ներկայացնում  է ոչ միայն ազգային, այլ նաև՝ տիեզերական ոլորտներում:

«Մհերի դուռը» ունի ևս մի յուրահատկություն, որը բնորոշ չէ վիպական ժանրին, դա օգտագործված գրականության նշումն է վեպի ծանոթագրություններում: Առաջին ծանոթագրությունը, որը տալիս է հեղինակը, վերաբերում է 15-րդ դարի մատենագիր,  աստվածաբան, փիլիսոփա Գրիգոր Տաթևացուն: Հաջորդ ծանոթագրությունը կապված է Ս. Պետրոսյանի «Դասերը և եռադասության դրսևորումները հին Հայաստանում» գրքի հետ:  Հեղինակը վեպում բազմիցս անդրադառնում է հասարակության սոցիալական կառուցվածքի խնդրին, Մեծ տան ավագանու,  հոգևոր դասի և ժողովրդի հիերարխիկ ընդհանրություններին:

Հաջորդ ծանոթագրությունը, որի գաղափարային արձագանքներն ակնհայտ են «Մհերի դռան գրքում», Սթիվեն Հոկինգի և Լեոնարդ Մշադինովի «Ժամանակի համառոտ պատմությունը» աշխատանքն է: Այս հետազոտության մեջ ներկայացվում է,  որ Աստված ստեղծել է տիեզերքը մեծ պայթյունի պահին:  Աշխարհաստեղծման Մեծ պայթյունը Խեչոյանն իր վեպում կապել է մեր ժամանակներում ատոմային ռումբի կոճակը սեղմելու հետ: Առաջադրելով տիեզերքի քանդում-վերակառուցում պարբերական անցումները՝  գրողը գտնում է, որ նոր տրոհումը կնմանվի արդեն մի անգամ պատահած Մեծ պայթյունին, քանզի «տիեզերքը չի կարող իր չափերի մեջ անփոփոխ մնալ,  անընդհատ աճել-ծավալվելուց հետո, մեծ պայթյունով տրոհվելուց,  մի ակնթարթում հանգչելուց հետո»[14] կդրվի նոր փուլի սկիզբը:  Այդ նոր փուլն է, որ դուրս կհանի Մհերին Ագռավաքարից՝ դնելով նոր դարաշրջանի Հայաստանի սկիզբը: 

Խեչոյանն անդրադարձել է նաև Արթուր Արմինի հետազոտությանը՝ նվիրված ազգային էպոսին:  Արթուր Արմինը «Սասնա ծռերը» համարում է բոլոր էպոսների նախաէպոսը՝ «Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ»:  Այն թաքնագիտական հղումներից մեկը,  որը ներկայացնում է Արմինն ու իր վեպում օգտագործում է Խեչոյանը՝ Մհերին որպես վերջին աստվածություն և  տիեզերական լոգոս ընդունելով.  «Մեզանից  6000  տարի առաջ արևը տիեզերական առաջընթացության հետևանքով անցել էր Հող տարերքի՝ Ցուլ և Կարիճ համաստեղություններ:  Գարնանային գիշերահավասարի ժամանակ այն ելնում էր Ցուլ համաստեղության զրո աստիճանին,  իսկ աշնանային գիշերահավասարի ժամանակ՝ Կարիճ զրո աստիճանին:  Արև-Մհերը  (Հուր տարերք) խրվել էր Հող տարերքի մեջ և նայում էր իր առջև դրված ժամանակի ճախարակին, որ իր ժամը գա, և նա նորից ելնի:  Մհերը սպասում էր երկնային արդարության ծննդին և գալստյանը, որը կփոխի աշխարհի հիմքերը: Եվ իսկապես Մհերը սպասում էր փրկչի գալստյանը,  երբ արևը գարնանային և աշնանային գիշերահավասարի ժամերին մտներ Ձուկ և Կույս համաստեղություններ ու սկսվեր նոր աշխարհի սկիզբը՝ փրկչի ծնունդով»[15]:

  «Մհերի դռան գիրքը» վեպի հավելվածում նշված գրականության ցանկի հիմնական դրույթների ընդհանուր բովանդակությունը իմացաբանական բանալիներ են՝ ճիշտ հասկանալու համար «Մհերի դռան» գիտափիլիսոփայական կողմերը: Լևոն Խեչոյանը ընդգծում է մեր ազգային առանձնահատկությունները, մեր տեղը և դերը համաշխարհային քաղաքակրթության խառնարանում: Տեսակի ինքնության փիլիսոփայությունը վեպում ցուցադրվում է փոքրիկ առվի պատկերով, որը կտրում է հորդահոս գետը. «Լեռնային գետակը, միախառնվելով համաշխարհային քաղաքակրթությունը խորհրդանշող Տիգրիսին, մեր տեսակի զորությունն է ներդնում մարդկության առաջընթացին»[16]Սա խորհրդանիշ է, որը ազգային բնավորության տեսակն է մատնանշում և հաստատվում է հետևյալ փաստարկով. «Առեղծվածայնությունը, ժայռերը դղրդացնելն ու քրտնեցնելը, տարօրինակ Քաղրիթ անունը, որ Արու այծ է նշանակում, միջավայրին հակադրվելը, կարծես մեր ազգային բնավորության դրսևորումը լիներ՝ հակառակություն, անհամաձայնություն, բախում, վերանորոգում»[17]: Նետելով հետադարձ հայացք մեր ազգի անցած ճանապարհին՝ կնկատենք մհերյան կնիքի դրոշմը. մեր երկիրն էլ պարբերաբար անցել է կյանքի նորոգության փուլերը՝ շարունակաբար կայացել ու փլուզվել, կրկին նորոգվել ու խորտակվել:

 «Մհերի դռան գիրքը» վեպի կառուցվածքային համակարգում մի ամբողջ շերտ է կազմում Մհերի և հեղինակի փոխակերպումը. «Մի խոսքով, բարեկամներ, ամենացավագին հակասական զգացմունքներով Մհերն իմ ներսում է»: Այս տողով ավարտվում է «Առաջին դասախոսությունը»:  Ստեղծագործության մեջ առկա է առաքելության իմաստի մատնանշումը, որով բացատրվում է այս փոխաձևության գաղափարը. «Պարտավոր ես հնազանդ լինել,-ասում էր,-ինչպես մշակն է հողին ու ցորենին հասկանում,  դու էլ պարտավոր ես ազգային վեպը հասկանալ:  Ամենաբարի նախախնամությունը վեպի նկատմամբ այնքան զարմանալի ձևով է քո միջոցով իրագործելու, նվիրված շուն, ստրուկ, արհամարհված, զարկված պիտի լինես, բայց ՆՐԱ ոգու կողմից վաստակած այնքան ճշմարիտ հարգանքն ես վայելելու»[18]:

Վեպի սյուժետային զարգացումը հակադիր բևեռում է գտնվում էպոսի սյուժետային գործողությունների և կերպարների տրամաբանական հերթագայության շղթայում: Եթե էպոսում գործում է Ծովինարից Փոքր Մհեր ժամանակագրական շղթան, ապա գրքում՝ Փոքր Մհերից Դավիթ և հաջորդաբար Ծովինար հետընթաց հաջորդականությունն է, որը շարունակվում է նորից Փոքր Մհերով, արդեն դեպի Ագռավաքար սյուժետային զարգացմամբ:  Փոքր Մհերը, հյուլեի նման ընկած լինելով աշխարհարարման նախաստեղծ մայր արգանդի մեջ,  «անժամանակ ժամանակի» իմաստն է ամփոփում.  «Բացակա տարածության, ժամանակի միջից,  որտեղ մի ակնթարթը երկրի մի տարվան է հավասար,  ոչ խավար, ոչ լույս է հարյուրավոր տարիների միջով պորտալարի նման ձգված Ագռավաքարը,  Մհերին է հասցնում տիեզերքի շշուկները,  թե ինչպես են հանգչող մի պաղ աստղին մյուս տաքերը փոխարինում,  տերությունները երերալով գետնին թափվում,  մշակույթները մշակույթների փոխար են բարձրանում…»[19] Վեպի բնաբանը. «Որտեղ էլ լինենք՝ դռան հակառակ կողմում ենք:  Ներսիններն այն ելքի, դրսինները մուտքի դուռ են անվանում»` թաքնագիտական հղում է պարունակում, հղում, որը վերաբերում է Համահավաք և առասպելապատմական առեղծված երևույթների ներքին զուգադրմանը: Լևոն Խեչոյանը Փոքր Մհերին դնում է աշխարհաստեղծ աստվածության ժամանակի մեջ:

Խեչոյանը Փոքր Մհեր կերպարի վերլուծությունը դիտում է Ագռավաքար հասկացությունից անբաժան: Նա Ագռավաքարը ցեղի ողնաշարին է նմանեցնում,  քանի որ այն իր մեջ դարերով պահել է Մհերին՝ որպես «սպերմազոիդի մեջ ապրող հոգևոր հիշողություն»:  Ագռավաքարի պատկերը գրքում ներկայացված է քարանձավի միֆոլոգիայի նմանությամբ: Այն համարվում է սրբազան ապաստարան և թաքստոց,  որտեղ աշխարհից թաքնվում են մենակյացները, հալածականները: Քարանձավի խորհրդանիշը որոշ ազգերի մեջ համադրում է կյանքը-մահը-պտղաբերությունը, որպես համաժամանակյա իրողություն՝ ծնունդ և մահ, սկիզբ և վախճան:  Այն համարվում է հողի ընդերքը,  արգանդը,  պտղաբերումի և գերեզմանի տեղը միաժամանակ:  Սրան հավելվում է Խեչոյանի մեկնությունը. «Ագռավաքարը ոչ զնդան,  ոչ էլ քարե դամբարան կոչելն է ճիշտ, ինչպես ազգագրագետներից ու բանասերներից ոմանք են անում:  Կարծում եմ՝ բնության արգանդին է նման՝ նյութական անգոյություն ծնող: Կարելի է ժողովրդի ողնաշար, քրոմոսոմ, հոգևոր բովանդակություն էլ անվանել կամ էլ հավերժական արժեքների, նպատակների և երազանքների խորհրդաբանություն, որտեղ ազգը, միլիոնավոր տարիների ընթացքում մեղվի նման աշխատելով, հոգևոր հարստություն էր կուտակել»[20]: Ագռավաքարի կամ քարանձավի գաղափարից վեպում ածանցվում է ևս մի խորհուրդ՝ լեռանը, որը պարունակում է ցեղի արյան ներքին հոսքը,  գեներից ու շիրիմներից հոսող էներգիան. «Իմ նախնիների հավատամքը սովորեցնում է՝ լեռը երբևէ չի էլ բացատրելու՝ ինչու է ինքը կանգնել այդտեղ և ոչ ուրիշ տեղ: Գտնվելով այդտեղ՝ լեռն աշխարհի ապրելն է մեկնում, ցույց է տալիս սահմանի անսահմանությունը…  Ժողովրդին օգնելու նպատակով լեռը  ժամանակից ժամանակ խորքից ջրերի հետ՝ կնոջը ճշմարտության զավակի հյուլեն է ուղարկում, որպեսզի որդին գա մեր աշխարհը՝ լույսի ու խավարի հավասարակշռությունը պահպանելու»[21]:

Գրողը շարունակ փնտրում է այն սահմանը, որն առկա է մհերյան ոգու և Ագռավաքարի նախաստեղծ տիեզերական խավարի միջև: Մհերի առեղծվածային  ճակատագրի մեջ է ամփոփված մեր տեսակի գոյատևման ներուժը:

Խեչոյանն այս վեպով կյանքի ընկալման իր բանաձևը թողեց, այն է՝ փակել մարմնի աչքը և բացել հոգունը, որովհետև ճշմարիտ և իրական լույսը տեսանելի է միայն հոգու ամենատես աչքով: Նրա կերտած Մհերը «անսահմանի տարածքներ էր դուրս եկել, որտեղից ներքին մարդու ճամփան է սկսվում»: Գուցե տխուր, բայց, այնուամենայնիվ, անժխտելի փաստ է, որ մարդն իրականում պայքարում է մարդու և ինքն իր դեմ և ոչ տիեզերքի: «Ինձ արևն է կարգել, որ  Ագռավաքար մտնեմ, ընթացքը տեսնեմ…»:

 

[1]Սրբավայրերը միշտ էլ ընդերքից բխող կաթնաղբյուրների վրա են լինում, հարցազրույց:

[2]Խեչոյան Լ., Մհերի դռան գիրքը, Երևան, 2014թ., էջ 383:

[3]Զանգուլակներով կույրանցորդը, հարցազրույց:

[4]Խեչոյան Լ., Ձայներ և տեսիլքներ, Երևան, 2006թ., էջ 180:

[5]Նույն տեղում, էջ 185:

[6]Նույն տեղում, էջ 16:

[7] «Գրական թերթ», 2014 թ., թիվ 43:

[8] «Գրական թերթ», 2014 թ., թիվ 13:

[9]Խեչոյան Լ., Մհերի դռան գիրքը, էջ 4:

[10]Սարինյան Ս., Մհերի առասպելը ըստ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի:

[11]Խեչոյան Լ., Մհերի դռան գիրքը, Երևան, 2014թ., էջ 211:

[12]Սասունցի Դավիթ, հայկական ժողովրդական էպոս, 2-րդ հրատ., Եր., 1961, էջ 35:

[13]Մաթևոսյան Հ., Հատընտիր, Ե., 2005թ., էջ 408:

[14]Խեչոյան Լ., Մհերի դռան գիրքը, Երևան, 2014թ., էջ 276:

[15]Արմին Ա., Փոքր Մհեր, Երևան-Լոս Անջելես, 1996թ., Վերջաբան:

[17]Նույն տեղում, էջ 189:

[18]Նույն տեղում, էջ 29:

[19]Նույնտեղում, էջ 102:

[20]Նույն տեղում, էջ 95-96:

[21]Նույն տեղում, էջ 115:

  • Created on .
  • Hits: 2878

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: