«Երաժշտական արշավանք դեպի ուղեղ». Տատյանա Չեռնիգովսկայայի մոտեցումը

        «Երաժշտությունը նոտաների մեջ չէ, այլ նրանց միջև եղած լռության մեջ է».
                                                                                                                                 Վ.Ա. Մոցարտ

Հույն փիլիսոփա Պյութագորասն ասում էր, որ երաժշտությունը կարող է օգտագործվել մտքի, հոգու և մարմնի ներդաշնակությունը վերականգնելու համար:
Ժամանակակից հետազոտությունները հաստատում են հույն փիլիսոփայի փաստարկը։ Երբ մարդը երաժշտություն է լսում, ակտիվանում են ուղեղի գրեթե բոլոր հատվածները, օրինակ՝ լսողական կեղևը, հույզերի, շարժման և հիշողության համար պատասխանատու հատվածները։ Դա օգնում է պահպանել ուղեղը առողջ և ամրապնդում է մի շարք նեյրոնային ցանցեր, որոնք ներգրավված են ուսուցման, ճանաչողական գործունեության և դրական հույզերի մշակման մեջ:
Ժամանակակից հետազոտողները բազմաթիվ փորձեր են կատարում մարդու ուղեղի, հույզերի, էմոցիոնալ ընկալման վրա երաժշտության դերի և ազդեցության մասին։ Եթե նախկինում հիմնահարցը հետաքրքրում էր միայն երաժշտագետներին, արվեստի պատմաբաններին ու նաև հոգեբաններին, ապա 20-րդ դարի կեսից հատվում են նաև երաժտության ու լեզվաբանության, նյարդաբանության սահմանները։ Մեր օրերում այսպիսի հետազոտություններ է անցկացնում նյարդաբանության ոլորտում ռուս գիտնական, կենսաբանական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Տատյանա Չերնիգովսկայան։ Չեռնիգովսկայան ուսումնասիրում է նեյրոնների և նրանց կապերի փոխկապակցվածությունը, որը հետազոտողներին մոտեցնում է ուղեղի աշխատանքի սկզբունքների ըմբռնմանը։

«Երաժշտությունը, ընդհանուր առմամբ, դեղամիջոց է, որը դեռևս քիչ է գնահատվում և անբավարար է ուսումնասիրված։ Ես կարծում եմ, որ բոլոր երեխաներին, առանց բացառության, պետք է երաժշտական ​​գրագիտություն սովորեցնել։ Մեղեդին անհավանական բաներ է անում նեյրոնային ցանցի հետ. այն վարժեցնում է ուղեղին՝ տարբերելու շատ նուրբ բաները միմյանցից։ Այն թույլ է տալիս երեխաներին սովորեցնել ուշադրություն դարձնել նրբություններին, մանրուքներին։ Այս ձայնը նույնը չէ, ինչ այն մեկը, սա ավելի բարձր է, այն ավելի ցածր է, սա ավելի կարճ է, այն ավելի երկար է: Սա շատ լավ հարմարեցում է, որը կգործի, երբ երեխան սկսի, օրինակ, կարդալ և գրել»,-Տ.Չ.։

Ըստ Չեռնիգովսկայայի՝ հնչյունների բարդ աշխարհում առանձին առարկաներ կամ ձայնային աղբյուրներ նույնականացնելու ունակությունը ներառում է ոչ միայն ուղեղի լսողական համակարգերը, այլև շարժիչ և տեսողական ազդանշանները: Դրանք կարևոր են մեզ հետաքրքրող ձայնը ֆոնային աղմուկից տարբերելու համար: Երաժիշտները դա ավելի լավ են կատարում: Նրանց լսողական համակարգը ավելի լավ է մարզված և ավելի նուրբ է, բացի այդ, նրանց համար ավելի հեշտ է կենտրոնանալ առանձին ձայների վրա և զտել ավելորդ աղմուկը:
Սակայն միաժամանակ նման աշխատանքը մեծ ջանք է պահանջում։ Բացի այդ, ապացուցված է, որ երաժիշտները տարիքի հետ չեն կորցնում աղմկոտ միջավայրում առանձին ձայներ լսելու իրենց զարմանալի ունակությունը:
Երաժշտությունը նաև մարդուն պատրաստում է հետագա ծանր ճանաչողական աշխատանքին հասուն տարիքում։ Ինչպես պրոֆեսորն է նշում՝ դա ներդրում է ձեր իսկ ծերության մեջ։

Մի շարք հետազոտություններ վկայում են, որ երաժշտություն ուսումնասիրող մարդիկ ավելի ունակ են սովորել օտար լեզուներ, քան նրանք, ովքեր երաժշտությամբ չեն հետաքրքրվում։ Լեզուն և երաժշտությունը շատ ընդհանրություններ ունեն և շատ առումներով լրացնում են միմյանց: Կարևոր չէ՝ մենք լսում ենք խոսք, թե երաժշտություն, ուղեղը նույն կերպ է մշակում ձայնային ազդանշանները. և՛ երաժշտությունը, և՛ խոսքը մշակվում են ուղեղի նույն հատվածի կողմից՝ ձախ ճակատային բլթի վրա:

Չեռնիգովսկայան փաստում է, որ և՛ լեզուն, և՛ երաժշտությունը մեղեդի ունեն։ Գոյություն ունի խոսքի մեղեդի հասկացությունը և երբեմն այն կարող է ավելին ասել, քան բառերն ու նախադասությունները։ Խոսքի մեղեդին լրիվ այլ բան է ցույց տալիս։ Իսկ երաժիշտները հիմնականում ունեն ավելի լավ բանավոր ունակություններ, ավելի լայն բառապաշար և ավելի լավ զարգացած ինտելեկտ և խոսքային հիշողություն:

«Երաժշտությունը պարզապես ալիքներ են, որոնք հարվածում են թմբկաթաղանթին, այսինքն՝ զուտ ֆիզիկական գործողություն է։ Հետո այս բոլոր ալիքները գալիս են ուղեղ ու դառնում երաժշտություն»,-Տ.Չ.։

Մարդկանց մոտ, ովքեր ջութակ են նվագում, ուղեղի այն հատվածը, որը կառավարում է ձեռքի շարժիչ հմտությունները, երկու անգամ ավելի մեծ է։ Այսինքն՝ սա երաժշտության ֆիզիկական ազդեցությունն է ուղեղի վրա։ Նա վերակառուցում է։
Երաժտությունն ունակ է նաև ազդեցություն գործել ուղեղի բարդ աշխատանքի վրա։
Երաժշտությունն առաջացնում է ուղեղի ակտիվություն, որը փոխում է գորշ նյութը, որով մենք մտածում ենք։ Դա բարդ ճանաչողական գործունեություն է, բարդ աշխատանք:
«Մարդն ունի մի քանի լեզու, և ես նկատի չունեմ ազգային լեզուներ, որոնցից մոտ վեց հազարը կա մեր մոլորակի վրա, այլ նշանային համակարգեր։ Սա մեր խոսքային լեզուն է, սա, իհարկե, երաժշտությունն է, սա մաթեմատիկան է, սա մարմնի լեզուն է, այսինքն՝ դեմքի արտահայտությունները, ժեստերը, կեցվածքը և այլն: Նույնիսկ տեսակետ կա, որ այն լեզուն, որով խոսում ենք, առաջացել է երաժշտությունից։
Մենք ունենք բնական երաժշտական ​​գործիք՝ ձայնալարերը։ Երգելն ավելի վաղ է առաջացել, քան բանավոր լեզուն, և մնում է պարզել, թե որն է ավելի մեծ ազդեցություն թողնում: Հիմա նույնիսկ գիտության մի ճյուղ կա, որը կոչվում է ճանաչողական երաժշտագիտություն։ Հարվարդում շատ հզոր գիտնականներ են աշխատում այս խնդրի վրա՝ ֆիզիկոսներ, ֆիզիոլոգներ, հոգեբաններ և երաժիշտներ»,-Տ.Չ.։

Երաժշտության մեծ սիրահար է եղել խոշորագույն գիտնական Ալբերտ Էյնշտեյնը։ Ինչպես գիտենք, Ալբերտ Էյնշտեյնը ջութակ էր նվագում։
«Եթե ես ֆիզիկոս չլինեի, հավանաբար երաժիշտ կլինեի, հաճախ եմ մտածում երաժշտության մասին»,-ասում էր ֆիզիկոսը։ Սա նրա համար զուտ հոբբի չէր։ Նա ապրում էր այս երաժշտության մեջ, այն կարծես մի մոլորակ լիներ, որի մեջ նա ապրում էր: Դա նրա մտավոր և հոգևոր տարածության էական աշխարհն էր, առանց որի նա պարզապես չէր կարող մտածել։ Էյնշտեյնը Յ. Ս. Բախի և  Վ. Ա. Մոցարտի մոլի սիրահարն էր։

«Բախի ստեղծագործություններում կա իդեալական ալգորիթմ։ Նա գրառումներ ունի, որոնք անսպասելի են ֆիզիկոսի համար։ Մեկ անգամ չէ, որ նա նշել է, որ առանց երաժշտության չի կարող մտածել, որ իր համար դա բյուրեղյա մաքուր «մտածողության» լարման միջոց է»,-Տ.Չ.։

                                     «Ինտուիցիան սուրբ պարգև է, բանականության խոնարհ ծառան».

                                                                                                                           Ալբերտ Էյնշտեյն

Չեռնիգովսկայան կարծում է, որ հասկացել է, թե ինչու էր ջութակը միշտ գիտնականի հետ։ Այս կերպ նա երաժշտություն է օգտագործել՝ ուղեղն այլ ռեգիստրի փոխելու համար: Իսկ սա աշխատանքի այլ եղանակ է: Այն հնարավորություն է տալիս մտածողության նոր ուղիներ և դաշտեր գտնել։

Ինչպե՞ս ուղեղին պատրաստել նման բարդ պրոցեսին ընդառաջ։ Որպեսզի ձայնային ալիքը դառնա երաժշտություն, ուղեղը պետք է պատրաստ լինի։
Ի՞նչ է իրականում տեղի ունենում մարդու ուղեղում. Ուղեղը բարդ, մղձավանջային չափերի նեյրոնային ցանց է: Աղետալի դժբախտության պահերին ուղեղը սովորում է ամեն րոպե, ամեն վայրկյան։ Որպեսզի «լավ» լինի, նա պետք է անընդհատ նոր տեղեկություններ ստանա։ Եթե ​​ուղեղը մարզված չլինի, նույն բանը կկատարվի, ինչ կպատահի մարդու հետ, եթե նա վեց ամիս պառկի բազմոցին. հետո նա չի կարողանա վեր կենալ։ Հետևաբար, երբ մարդը բարդ երաժշտություն է լսում, և «բարդությունը» դասական երաժշտության բնորոշ հատկանիշն է, նա մարզում է նեյրոնային ցանցը: Երաժշտությունը, այսպես ասած, կարող է լինել բյուրեղային, զարմանալի, ականջի համար թափանցիկ։ Գխավորն այն է, թե ինչպես է դա ազդում ներքին մակարդակի վրա։ Դա ճիշտ այնպես է, ինչպես Բախի երաժշտությունն է՝ կատարյալ ալգորիթմ, բայց հիմքում այլ բան է, անհայտ խորություն:

«Եվ այո, կրկնում եմ, շատ նպատակահարմար է բոլոր երեխաներին երաժշտություն սովորեցնել, և պետք է սկսել որքան հնարավոր է շուտ։ Սա մեծացնում է ուղեղի պլաստիկությունը: Պլաստիկությունը սովորելու կարողությունը նեյրոնային ցանցում նոր կապեր ստեղծելու ունակությունն է։ Երաժշտությունը դա անում է, քանի որ այն ենթադրում է շատ նուրբ վերլուծություն։ Այս հատվածը հաճախականությամբ տարբերվում է մեկ միլիմետրով։ Երեխաները, որոնք վաղ են սկսում երաժշտություն սովորել, շատ ավելի հեշտ են սովորում նոր գիտելիքներ, և երբ նրանք դառնում են մեծահասակներ, մի քանի տարով հետաձգում են Ալցհեյմերի հիվանդությունը»,-Տ.Չ.։
Չեռնիգովսկայան չի մոռանում նաև «Մոցարտի էֆեկտի» մասին։ Կա այսպիսի տերմին և կան ստեղծագործություններ, որոնք ապացուցում են, որ Մոցարտի ստեղծագործությունները լսող երեխաներն ավելի խելացի են։ Նրանք նույնիսկ ավելի բարձր IQ ունեն։ Ինչու՞ հենց Մոցարտի երաժտությունը։ Չեռնիգովսկայան համակարծիք է մի շարք հետազոտողների հետ, որ այդտեղ մեծ կապ ունեն և՛ տոնային համակարգը, և՛ կառուցվածքի կատարելությունը։

«Ես չեմ խոսում գեղագիտության և զգացմունքների մասին, այլ կոնկրետ այն մասին, թե ինչպես են կառուցվում երաժշտական ​​ստեղծագործությունները։ Երաժշտություն... լավ չէ ասված, դա աստվածներն են գրել, մարդն ընդունակ չէ, դա լրիվ ուրիշ աշխարհներից մի բան է։ Որպես գիտնական՝ իհարկե, ես չպետք է ասեմ սա, բայց մենք չգիտենք. գուցե երաժշտությունը Տիեզերքն է: Ես հասկանում եմ, որ սա անլուրջ է հնչում, բայց ես լուրջ եմ ասում»,-Տ.Չ.։

Երաժշտության և ժամանակի մասին

«Միգուցե սա իսկապես ուղեղի լեզուն է: Եվ հետո ինչ է տեղի ունենում ժամանակի ընթացքում: Ես մի քանի լուրջ երաժիշտների հարցրի, թե ինչպես են նրանք վերաբերվում ժամանակին բեմին։ Նրանցից մի քանիսից լսեցի, որ մինչ նրանք դեպի դաշնամուր էին քայլում, հասցրել են ամբողջ ստեղծագործությունը նվագել իրենց գլխում։ Իսկ ես ասում եմ՝ այդպես չի կարող լինել, և արդյոք դա իսկապես միշտ այդպե՞ս է։ Նրանք պատասխանում են՝ ոչ միշտ, բայց եթե այդպես չլինի, ուրեմն համերգն անհաջող է լինելու։ Նրանք հատուկ հարաբերություններ ունեն ժամանակի հետ, երաժիշտներից մեկը մի անգամ շատ սառնասրտորեն ասաց․
«Մենք կարող ենք այն քամել, և այն կարող է հանկարծակի պայթել և լիարժեք ձևավորվել»»,-Տ. Չ.։

Իսկ ի՞նչ կապ ունեն մաթեմատիկան և երաժշտությունը: 

Պրոֆեսորը շեշտում է՝ մաթեմատիկան և երաժշտությունը շատ նման են։ Նրանց համար, ովքեր կարողանում են հասկանալ բանաձևերը, դրանք անսովոր գեղեցիկ են և առաջացնում են նույն գեղագիտական ​​ոգևորությունը, ինչ երաժշտական ​​ստեղծագործությունն առաջացնում է այլոց մոտ: Մի շարք փորձեր են կատարվել ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով։ Արդյունքները ցույց են տվել, որ մաթեմատիկոսի ուղեղը ցույց է տվել նմանատիպ ակտիվություն՝ մտածելով գեղեցիկ նկարների և թեորեմների մասին: Արդյունքում կարելի է ենթադրել, որ ուղեղն ունի գեղեցկությանը արձագանքելու ընդհանուր մեխանիզմներ։

                                              «Երաժշտությունը հոգուց մաքրում է առօրյա կյանքի փոշին».        

                                                                                                                       Բերթոլդ Աուերբախ

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 2228

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: