Գեղագիտությունն ու բանարվեստը Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» վեպում
Հայ գրականության մեջ առհասարակ և մասնավորապես վերջին շրջանում, երբ ամեն ինչ շատ արագ է հոսում, ու արդիական է դարձել ժամանակը խնայելու խնդիրը, առավել տարածված ու հաջողված է փոքրածավալ արձակի՝ պատմվածքի ժանրը։ Ինչպես նկատել է գրականագետ Սեյրան Գրիգորյանը, ամփոփ պատմվածք, առավել ևս վեպ գրելը դարձել է աներևակայելիորեն բարդ մի գործ[1]։
Այս առումով՝ բավականին ուշարժան ու հետաքրքիր իրողություն է վերջերս Սուսաննա Հարությունյանի հեղինակությամբ ընթերցողի դատին հանձնված «Անդրանիկի վերջին ձին» վեպը։ Առհասարակ Սուսաննա Հարությունյանի մեծածավալ ու փոքրածավալ արձակին բնորոշ է աշխարհագրական նույն միջավայրը՝ Սևանի ավազանը, որտեղ հերոսներին իրար են կապում կենցաղային նույն դժվարություններն ու հոգսերը։ Գրականագետ Ժենյա Քալանթարյանը նկատում է, որ Ս․ Հարությունյանի պատմվածքները թեև տարբեր են ֆաբուլայով ու հերոսներով, սակայն կարծես նույն վիպական տարածքի տարբեր շերտեր են բացահայտում։ «Չկորցնելով իրենց առանձին նշանակությունը՝ նրանք միասնաբար ներկայացնում են մի չտրոհված կյանքի պատկեր։ Այս իմաստով Ս․ Հարությունյանի պատմվածքների որոշ ժողովածուներ պայմանականորեն կարելի է համարել վեպ՝ պատմվածքներով[2]»։ Շարունակելով Ժ․ Քալանթարյանի միտքը՝ հավելենք, որ Ս․ Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» վեպը հեղինակի մինչ այս գրած ստեղծագործությունների համապարփակ ընդհանրացումը կարծես լինի, քաղաքակիրթ աշխարհի տեսադաշտից դուրս մնացած սերունդների անցյալի, ներկայի ու ապագայի գեղարվեստական ներկայացում, որը գաղափարական թելերով կապված է հեղինակի՝ մինչ այս ստեղծած գրական ժառանգության հետ։ Բազմաբնույթ պատմությունների միջոցով կառուցված վեպն աչքի է ընկնում հերոսների առատությամբ։ Թվում է՝ հեղինակն ուր որ է կկորցնի Զակյան բազմանդամ ընտանիքի պատմության տրամաբանական շղթան, սակայն նա պատմությունը հասցնում է մինչև մեր օրեր, մինչև համավարակի ու պատերազմի բովում հայտնված սերունդ։
Կա տեսակետ, որ կանացի (կնոջ հեղինակած) վեպը[3] գրականության ամենահայտնի ժանրերից է, քանի որ հեշտ ըմբռնելի սյուժեն և համամարդկային արժեքների (ընտանիք, սեր, ընկերություն) փոխանցումը հոգեթերապևտիկ հատկություն ունի ընթերցողների համար սոցիալ-մշակութային լարվածության, գենդերային կարծրատիպերի բացասական ազդեցության պայմանների տեսանկյունից։ Բարոյական գիտակցության հիմնական կատեգորիաների շարքում առանձնանում են բարոյական արժեքները, որոնց առկայությունը ժամանակակից կանացի վեպում առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Սուսաննա Հարությունյանի նոր վեպն այս առումով բացառություն չէ․ այն ինքնատիպ էպոպեա է, որը մի ընտանիքի և բնակավայրի ներկայացուցիչների միջոցով ներկայացնում է հայրերից որդիներին անցնող արժեքներն ու խնդիրները։ Վեպի կոմպոզիցիան աչքի է ընկնում ներժանրային անցումներով և ոճական հարուստ բազմազանությամբ․ այն ունի վեպի և էպոպեայի առանձնահատկություններ։ Վեպը համեմված է հերոսների վարքագրությամբ, պատմական-վավերաթղթային իրականություններով, երգիծական պատմություններով, ժամանակի փիլիսոփայությամբ, արժեհամակարգային, գաղափարական տեղաշարժերի հիմքերի ներկայացմամբ, պատումի յուրահատուկ ոճով, որը վկայում է հեղինակի գրի անհատականության մասին։ Հեղինակը խուսափել է վիպական արձակին բնորոշ ծավալուն նկարագրականությունից, հեղինակի «ներկայությունից» և վեպը կառուցել է հիմնականում մենախոսությունների, երկխոսությունների հիման վրա՝ դրանց միջոցով ձևավորելով դիպաշարային ընթացքն ու պատումնային ամբողջականությունը: Երկխոսությունը, իբրև հերոսների փոխհարաբերությունների և ինքնարտահայտման ձև ու միջոց, բնորոշ է հիմնականում դրամային, որտեղ գործող անձի կողմից ներկայի մեջ արտասանվող խոսքն ընկալվում է որպես կառուցվածքային միավոր: Նկարագրությունները, խոհն ու հուշը ներկայացվում են ոչ թե հեղինակային միջնորդավորմամբ, այլ հենց գործող անձի կողմից: Ունենալով բազմաշերտ սյուժե՝ վեպն առանձնահատուկ ամբողջականությամբ ընդգրկում է 1918-2020 թվականների կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների պատմական ընթացքը՝ նյութը ներկայացնելով բազմաթիվ մարդկանց ճակատագրի և պատմական մասշտաբի իրադարձությունների համատեքստում։ Նկարագրվող դրամատիկական սյուժեն ու գործողությունների որոշակի լարվածությունն արտահայտվում են ոչ միայն արտաքին իրադարձությունների, այլ նաև հերոսների ներքին ապրումների մեջ։ Այստեղ չկա թեմայի սահմանափակում։ Այն, ինչի մասին պատմում է գրողը, լսել է իր մայրիկից, իր այն հարազատներից ու ծանոթներից, որոնք ներկա են եղել պատմվող իրադարձություններին։ Զտելով լսածն ու այն անցկացնելով իր ուսումնասիրությունների մաղով՝ հեղինակը ստացել է կոմպոզիցիոն բազմազանություն ունեցող մի վեպ, որը ներկայացվում է տարբեր ոճի պատումների միջոցով՝ երբեմն արտահայտելով հեղինակի մտածողությունից տարբերվող աշխարհայեցողություն։ Երբեմն արտահայտվում են ժամանակին արդիական ու ընդունված համարվող մտքեր ու տեսակետներ, որոնք մեր օրերում ժամանակավրեպ ու անընդունելի են համարվում։
Մյուս կողմից՝ արտահայտվում են գաղափարներ ու տեսակետներ, որոնք հանդիսանում են հեղինակի գաղափարական կարևոր շեշտադրումները։ Հերոսներին ուղեկցում են մտքեր ու գաղափարներ, որոնք, ըստ էության, համահունչ ու բնորոշ են ոչ միայն հեղինակի, այլ նաև մերօրյա հասարակության մտավորականության ներկայացուցիչներից շատերի մտածողությանն ու գաղափարներին։ Ծերության շեմին 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի մայրաքաղաքում զբոսնող Մովսեսը, որը խորհրդային կարգերի շրջանում ղեկավար պաշտոն է զբաղեցրել, իրեն մեղավոր է զգում, երբ հանդիպում է անդամահատված երիտասարդ տղաների։ «Այո՛, դա նաև իր մեղքն էր, ինքը պիտի մտածեր այսօրվա մասին, երբ թուրք երգչուհուն տաքացնելու համար սովետական փողերն էր այրում Արագածի գագաթին, երբ Քոչինյանի հետ Բրեժնևին ուղեկցում էր Սևան՝ Սևանի քաղցրահամ ջրով խաշած իշխան ուտելու, ի՞նչն էր իրեն խանգարում թղթի մի կտոր դեմ տալ ստորագրելու, և նույն թեթևությամբ, որով սովետները պոկոտել ու Ադրբեջանին էին նվիրել Ղարաբաղն ու Նախիջևանը, նույն թեթևությամբ էլ գուցե ստորագրվեր դրանք վերադարձնելու որոշումը։ Հնարավո՞ր էր։ Գուցեև, իրենք այդ տարիներին հեղինակություն ունեին։ Իսկ հիմա[4]․․․»
Վեպի գլխավոր հերոսը Զակյան ընտանիքն է, որի ներկայացուցիչները ժամանակին սերնդեսերունդ ղեկավարող դիրք են ունեցել Խորհրդային Հայաստանում։ Վեպի կերպարների ձևավորումն ու զարգացումը սերտորեն կապված է և մեծապես որոշվում է ազգային նշանակության իրադարձություններով, և սյուժեն զարգանում է վեպի գործողության օրենքներով: Կերպարները հիմնականում իրական են։ Սյուժեն զարգանում է Զակյան ընտանիքի անդամների գործունեության շուրջ, գործողությունները տեղի են ունենում հիմնականում Վարդենիսում, որտեղ ծնվել է նաև հեղինակը։ Վեպի վերջին հատվածում գործողությունները տեղափոխվում են Երևան։ Վեպի առանցքային կերպար Մովսեսի խոհերի միջոցով հեղինակն այսպես է ներկայացնում Զակյան ընտանիքի ու վերջին հարյուրամյա հայոց պատմության դինամիկան․ «Իր պապն արնաշաղախ ընտանիքը փախցրել է իր իսկ հայրենիքից, հորեղբայրը սպանել է սեփական մազերի քանակից էլ շատ թուրք ու թաթար, իր հայրն աքսորել է սեփական մազերի քանակից էլ շատ իր ազգակիցներին, ինքն արտասանել է սեփական մազերի քանակից էլ շատ ճառ ու լոզունգ, բայց գրո՛ղը տանի, իրենք ոչ միայն հարցականներ են թողել, այլև այդ հարցականները քարշ են տվել սերնդեսերունդ[5]»։
Վեպը բազմաձայն ստեղծագործություն է։ Մոնտաժային տեխնիկայի շնորհիվ հեղինակը ստեղծում է տարածաժամանակային խճանկար՝ ներկայացնելով պատմություն Սովետի մասին, պատմություն Սովետում ապրող, պատերազմի ու աքսորի բովով անցնող մարդկանց մասին, պատմություն մի մասնավոր ընտանիքի սերնդի մասին, որը ժամանակին ղեկավարող դիրք է ունեցել Սովետում։
Վեպը հարուստ է խորհրդանիշներով։ Ըստ Լոտմանի՝ խորհրդանիշը նշանագիտական կուտակիչ է, միջնորդ է տեքստի համաժամանակայնության և մշակույթի հիշողության միջև։ Խորհրդանիշը գոյություն ունի մինչև տվյալ տեքստը և` անկախ նրանից: Այն գրողի հիշողության մեջ ընկնում է մշակույթի հիշողության խորքերից և կենդանություն է առնում նոր տեքստում, ինչպես նոր հերկի մեջ ընկած սերմնահատիկը: Հուշը, հղումը, մեջբերումը նոր տեքստի օրգանական մասերն են և գործառում են միայն նրա ժամանակատարածքում: Դրանք տեքստից գնում են դեպի հիշողության խորքը, իսկ խորհրդանիշը` հիշողության խորքից` տեքստ[6]:
Ս․ Հարությունյանն իր վեպում ազգային և քրիստոնեական սիմվոլներ է օգտագործում, ինչպես օրինակ՝ Անդրանիկի ձին, որով նախ Անդրանիկի և ֆիդայական ազգային-ազատագրական պայքարին է հղում կատարում, ինչպես նաև հղում է կատարում մեր ազգային էպոսին, Քուռկիկ Ջալալիին, և որը խորհրդանշում է ազատության համար պայքարը։ Վեպում հանդիպում են նաև խաչը, Ավետարանը, որ քրիստոնեական սիմվոլներ են։ Վեպում Անդրանիկի ձին, որ ներկա է գրեթե բոլոր գլուխներում ու մասերում և միևնույն ժամանակ ներկա չէ, խորհրդանշում է պայքարող ժողովրդին ոգին, ուժը։ Ս․ Հարությունյանի պատմությունը սկսվում է վեպում մեզ հանդիպող առաջին Զակյան ներկայացուցչի՝ Աթամի փրկվելու նկարագրությամբ։ Աստվածաշնչյան պատմությունից մեզ հայտնի աշխարհի առաջին տղամարդուն անվանակից Աթամը հայտնվել է «Զոդ» օպերացիայի[7] կիզակետում, զարմանալի կերպով փրկվել է՝ փոխարենը թողնելով Անդրանիկ փաշայի նվիրած վերջին ձին։ Աթամի՝ ձիուն թողնելու, լքելու պատմությունը ձգվում է վեպի սկզբից մինչև վերջ՝ հնչելով տարբեր հերոսների շուրթերից։ Պատմությունը այդպես էլ առեղծվածային է մնում։ Աթամը, ի վերջո իմանալով Անդրանիկից նվեր ստացած ձիու տեղը, գնում է, որ բերի ձիուն։ Իմանալով այդ մասին՝ նրան անհամբերությամբ ու հատուկ պատրաստություններով սպասում է ողջ գյուղը։ Երբ բացվում է ախոռի դուռը և Աթամը ճանաչում է իր ու զինակից ընկերների ձիերին, իսկ ձիերն էլ ճանաչում են Աթամին, Աթամը որոշում է ձին չտանել գյուղ։ «Վրնջոցը դեռ զիլ՝ իրենց քաջ ձիերն են, բայց ո՞նց տանի էս թրքոտ կողերով, նիհար բեռնաձին կանգնեցնի ժողովրդի առաջ, ասի՝ հետ բերեցի Անդրանիկ փաշի ձին։ Ո՞վ կհավատա։ Կասեն․ «Աթա՛մ, մեզ երեխու տեղ մի՛ դիր։ Դու քո պատիվը փրկելու համար էս ի՞նչ ես անում[8]»»։ Վերադարձի ճանապարհին պատահաբար էշի է հանդիպում ու այդ էշին է ներկայացնում որպես Անդրանիկի ձին, իսկ գյուղացիների զարմանքին ի պատասխան՝ ասում է․ «Կլինի՛, շատ լավ էլ կլինի, որ երազանքի հրեղեն ձին դառնա քոսոտ մի ավանակ․․․» (ընդգծումը մերն է՝ Հ․ Հ․)։ Այստեղ մենք գործ ունենք մետամորֆոզի՝ կերպարանափոխության հետ։ Ազատության պայքարի ոգին և ուժը խորհրդանշող ձին փաստորեն դեֆորմացիայի է ենթարկվում՝ վերածվելով հնազանդ ու տկար ավանակի։
«էսքան տարի աշխարհը ցնցվեց ու երերաց,- շարունակում է Աթամը,- էդքան բաներ կատարվեցին, մարդիկ սպանվեցին ու աքսորվեցին․․․ դաշնակը գնաց, կոմունիստն եկավ․․․ ա՛յ ժողովուրդ, էսքան տարի մեկդ չհարցրիք՝ ո՞ւր ա մեր Անդրանիկ փաշեն, ո՞ւր գնաց, ի՞նչ եղավ մեր փրկիչը, բայց կյանքս հարամեցիք էդ ձիով։ Ի՞նչ ա ձին առանց հեծվորի․ բեռնակի՛ր (ընդգծումը մերն է՝ Հ․ Հ․)։ Ու քանի դուք հեծվորին թողած երիվարին եք պաշտում, միշտ էլ ձեր երազանքի հրեղեն ձիու փոխարեն կստանաք մի քոսոտ ավանակ[9]»։ Շեշտվում է նպատակը, երազանքը, գաղափարն իրականացնողի կարևորությունը։ Առանց այդ առաջնորդի որևէ գաղափար չի կարող կյանքի կոչվել։
Ձիու առեղծվածին ու խորհրդանիշին հանդիպում ենք նաև վեպի այլ հանգուցային հատվածներում։ Ձիու մասին մտքերն ու հիշողություններն ամենուր են։ «Ձին նրա հետ քառատրոփ գալիս է մանկությունից՝ սմբակների տակ ճխլելով ամեն մի բացատրություն, ոտքի ամեն զարկի հետ կասկած վփնելով, Քնարի սուր ու լաչառ ձայնով, երբ նրանց աղջկա սպանության համար մեղադրանք էր առաջադրվել, ու եկել էին իրենց տուն՝ Զակյանից օգնություն խնդրելու, մերժվելով դուրս եկան, ու բակում սա ճչաց․ «Էդ ի՞նչ ենք արել, որ բա՛նտ․․․ (ընդգծումը մերն է՝ Հ․ Հ․)։ Կարո՞ղ ա մենք ենք Փաշի ձին տարել-տվել թուրքերին»։ Ահա այդ օրվանից ձին նրա մեջ ապրում էր իր տարատեսակ կյանքերը[10]»։ Բանտն անազատության խորհրդանիշն է։ Ազատազրկումն է հակադրում ձիուն, արդարանում է, որ թուրքին ազատությունը ինքը չի հանձնել։
Առհասարակ վեպում հանդիպող խորհրդանիշներն ու արծարծվող գաղափարները սերտ առնչություն ունեն «Սասնա ծռեր» էպոսում առկա խորհրդանիշների ու գաղափարների հետ։ Որպես էպոսի գաղափարներին առնչակից խորհրդանիշ կարելի է դիտարկել ժառանգ, արժանի ու խոստումնալից սերունդ ունենալու գաղափարը, ինչպես նաև պապերից զավակներին ու թոռներին անցած արժեքներն ու խնդիրները։ Պաշտոնավարման ընթացքում նկուղում ոսկի կուտակած Խորենը դրանց արժանի ժառանգորդ է համարում Մովսեսին, քանի որ նա իր զավակներից ամենախելացին ու համարձակն է։ Հետագայում պատասխանատվության, երիտասարդ սերնդի նկատմամբ մեղավորության զգացումը Մովսեսին թելադրում է իր հսկայական ժառանգությունը, որին այդքան սպասում էին նրա երախտամոռ զավակները, կտակել այնպիսի բարեգործական հիմնադրամի, որը զբաղվում է պատերազմի ժամանակ վիրավորված երիտասարդների վերականգնողական բուժման հարցերով։
Մեկ այլ դրվագում տեսնում ենք խաղաղ ու աշխատավոր կյանքով ապրել ուզող ծեր հերոսի, որը հանդիպում է նաև էպոսում։
«-Հայե՛ր,- ասաց մի թաթար ծերունի,- ո՞վ ա ձեր մեծավորը, ես նրան բան ունեմ ասելու։
-Ասա՛,- հրամայեց Հալաբովը։
-Ես Փոքր Մազրայից եմ, ձերոնք մեր գյուղը վերածեցին ավերակի․․․ եկել էի Զոդից օգնություն խնդրելու․․․ Խոստացեք, որ էլ չեք մտնի մեր գյուղ, չեք կոտորի մեր ընտանիքներին, և ես Մաշադի Իսայուն ու նրա ընկերներին կհանձնեմ ձեզ[11]»։
Վեպում և էպոսում հանդիպող խորհրդանիշներից է նաև խաչը։ Վեպում աշխատավոր ժողովրդի հավատն առ Աստված արտահայտված է տարբեր դրվագներում։ Մարդիկ Աստծուն, Աստծո զոհասեղանին էին նվիրաբերում իրենց ունեցած ամենաթանկը։ Մովսեսի մայրը՝ Վարդը, որդուն է տալիս Բաքվի թանկ խանութներից ծնողների գնած շալը՝ պատվիրելով այն դնել Տաշգափունում գտնվող տիրոջ դագաղի վրա։ Մովսեսն ընդդիմանում է․ «Աստված էս շալն ի՞նչ ա անում, նա թազա ծննդկան չէ, նրա ուսերը չեն մրսում, սա գցի ուսերիդ, ես Տաշգափուն փայտե խաչ կտանեմ, իմ ընկեր Հովոն սարքել գիտի[12]»։ Ամեն դեպքում մայրը պնդում է։ Հասնելով ուխտատեղի՝ Մովսեսը, նայելով քարերին, փորձում էր գուշակել, թե ինչ դեր է խաղացել խաչը մարդկանց կյանքում նախքան քրիստոներությունը՝ սովորական մահապատժի գործի՞ք, որի վրա ի ցույց աշխարհի տնկում էին արնածոր ու տառապող հանցագործներին, թե՞ ուղղակի զարդանախշ։ Այստեղ նկատում ենք կրոնական, քրիստոնեական ընկալումների տեղաշարժ։ Վեպի երիտասարդ հերոսի մտածողությունը կրոնի, քրիստոնեության դերի այլ պատկերացում և մոտեցում է թելադրում, կրոնի, քրիստոնեության դերի վերանայում է առաջարկում, կասկածի տակ է դնում խաչի՝ անմահության խորհրդանիշ լինելը․ այն կամ մահվան խորհրդանիշ է կամ զարդանախշ։
Վեպում ուշագրավ դրվագ կա ներկայացված յուղի հետ կապված։ Հոր մահվան օրը Մովսեսը հիշում է այն օրը, երբ իր քույր Քնարը, որ առաջին դասարանցի էր, դպրոցում «Լենին պապին էլ է մանուկ եղել» արտասանելիս ուշաթափվել էր սովից։ Դրանից հետո մայրն անզորությունից ու ներքին բարկությունից գիշերով տղային ստիպում է, որ նկուղում պահված յուղը տանի ու լցնի գետը, քանզի այն չի համարձակվում տալ իր երեխաներին, որ սովից չուշաթափվեն։ Տղան առաջարկում է գոնե տալ հարևաններին։ «Հիմա էլ ստեղ-ընդեղ ասեն, արի հիմա էլ մարդկանց բացատրի, թե սովի տարում քո տանն էդքան յուղ որտեղից[13]»։ Սովետի խստությունը դամոկլյան սրի պես կախված էր բոլորի գլխից՝ նույնիսկ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի ընտանիքի անդամների։
Խորհրդանիշի արժեք ունի նաև պատմությունը, որը պարբերաբար կրկնվում է։ Դա երևում է նաև հերոսների խոսույթում։
«Թուրքերն էլի հարձակվել են,- իր գործն անելուն զուգահեռ տեղեկացրեց բժիշկը։
-Ա՛հ, ամեն օր էլ հարձակվում են, ես դրանց հերն եմ անիծել։
-Բայց կգա, կգա այդ օրը, որ պատմությունը կարթնանա քնած արձի նման, թափ կտա իր կատաղի բաշը։
․․․-Ամենակատաղի զինվորը պատմությունն է, որ իր սվինն առած խոցոտում է աջ ու ձախ և հանգիստ չի տալիս ոչ ոքի»։ Պատմության և զինվորի զուգորդման գաղափարը նորություն է որպես այդպիսին և ոճական հնար է։
Պատումը երբեմն ուղեկցվում է միստիկ նկարագրություններով, որոնց մեջ նույնպես էական դեր ունեն խորհրդանիշները։ Երբ սովետական ոստիկանությունը փորձում է գյուղացիների տներից առգրավել Ավետարանը, տեղի է ունենում անբացատրելի իրողություն։ Զարոն, որ փորձում էր թաքցնել Ավետարանը, վստահաբար հորդորում է ոստիկաններին մտնել և խուզարկել տունը՝ հուսալով, որ Ավետարնն իր զորությամբ կկարողանա անառիկ մնալ։ Մինչ ոստիկանները խուզարկում էին Զարոյի տունը, Զարոյի հիշողության մեջ վերակենդանանում էր այն բոլոր հրաշապատում դրվագները, որոնք տեղի են ունեցել Ավետարանի հետ և որոնց արդյունքում Ավետարանը միշտ իր մոտ է հետ վերադարձել։ «Բայց ահա զինվորներից մեկը դուրս եկավ Ավետարանը ձեռքին, մյուսներին ձեն տվեց, թռան ձիերի վրա, որ գնան։ Ու այդ պահին ասում էին՝ ավգուրի մատն էր խառը, երկնքում ինչքան կռունկ ու ագռավ, բազե ու սարյակ կար, հարձակվեցին նրանց վրա, տառերը գրքի միջից ճվալ-ճչալով ելան, մագիլները սրած հարձակվեցին զինվորների վրա, ագռավների պես կտցեցին դեմքերը, հանեցին աչքերը, միլիցիոների ձեռ ու ոտն արյունլվիկ արեցին, իսկ արծաթե կազմը դարձավ հուր ու ջուր՝ մեկին այրեց, մյուսին խեղդեց պաղ ալիքների մեջ․․․ բայց զինվորները հասցրին մետաղյա լարով կապկպել Ավետարանը, սուրացին, ձիու պոչից կապաշ գիրքը քռքաշ, փոշու մեջ թավալելով տարան։ Եվ կետադրական նշանները ճարահատ մաղվեցին ցած ու դարձան ավազ, նստեցին ճամփեքին։ Զարոն, որ երբեք Ավետարանը այդպես խեղճացած չէր տեսել, սարսափած զարկեց ծնկներին․ «Տերդ մեռնի Սովետ, էդ ի՞նչ ահավոր բան ես, անգամ Զարոյի Ավեդրանը խեղճացավ[14]» (ընդգծումը մերն է՝ Հ․ Հ․)»։ Ինչպես տեսնում ենք, հրաշք տեղի չի ունենում, Ավետարանը, որ հավատի խորհրդանիշն էր, չի փրկվում, հին հավատը, Ավետարանի հրաշագործությունը չի գործում ներկայում։ Հեղինակն ակնհայտորեն հույս չի դնում կրոնի վրա այլևս։ Կրոնի, հավատի նկատմամբ վերաբերմունքը նահանջ է ապրում, կրոնի ուժն աստիճանաբար տեղը զիջում է աթեիզմին, իսկ վեպի վերջին հատվածում Մովսեսն արդեն աթեիստ է։ Մովսեսի՝ ժառանգությունը զավակներին չկտակելու որոշումից ապշած նոտարը ցանկանում է նրան մտափոխել, սակայն Մովսեսն այսպես է մեկնաբանում իր քայլի դրդապատճառը․
«-Հասկանու՞մ եք, ես էլ եմ ուզում ապաշխարել։ Եթե հավատացյալ լինեի, կգնայի տերտերի մոտ ու ժամերով կլացեի մեղքերս․․․ բայց գիտեք, չէ՞, դրանք մեծամասամբ այլասերված գոմիկներ են[15]»։ Այստեղ երևում է որոշակի վերաբերմունք ու անվստահություն ժամանակակից հայ հոգևորականի կերպարի նկատմամբ։
Խորհրդանիշները հեղինակի համար կերպարաստեղծման միջոց են ծառայում։ Վեպում պայքարի գաղափարը կյանքի կոչող առաջնորդի խորհրդանիշ է Անդրանիկը, որի պատկերը շուտով մարդկանց տներում փոխարինեց սրբապատկերների։ Սովետական ոստիկանը աքսորի սպառնալիքով էր մարդկանց տներից հավաքում Անդրանիկի նկարը, իսկ Զակյանը չի ներում Անդրանիկի կոտը (գլուխը) հայհոյած թուրք/ադրբեջանցի նախագահին՝ պահանջելով 2 օրվա ընթացքում դատարկել բոլոր թուրքերով բնակեցված գյուղերը։ «Եթե ինձ քրֆեր, իմ հորը կամ անգամ մորը, գուցեև հարգեի մեր կերած հացը, բայց նա ինձ Անդրանիկ ա քրֆել, ու դուք մեր հողերն ազատելու եք»,- այսպես է պատասխանում Խորենի որդի Զակյանը իրեն համոզելու եկած մեկ այլ թուրք նախագահի, որը նրան հիշեցնում էր իրենց համատեղ կերած հացը։ Նույնիսկ բռունցքաչափ սև ադամանդը և Մոսկվա բողոք գրելու ակնարկը պատճառ չեն դառնում, որ Զակյանը հրաժարվի իր մտքից։ Անդրանիկին Լենինից՝ Սովետի առաջնորդի խորհրդանշից առավել դասելու փաստի մեջ մեղադրվելու արդյունքում սկզբունքային Զակյանին այլևս լուրջ պաշտոն չեն վստահում, սակայն նա անգործ էլ չի մնում։ Այսինքն՝ Սովետի հսկողությամբ հայկական տարածաշրջանի վրա ղեկավարող հայ քաղաքական գործչի համար Անդրանիկի՝ պայքարի գաղափարը այնուամենայնիվ գերակա է։ Խորհրդանշական իմաստի տեսանկյունից հերոսի մտապատկերում Լենինն ու Անդրանիկը պատկերվում են ոչ թե միևնույն ուժին տիրապետող, այլ մեկը մյուսին ստորակարգվող կերպարներ։
Վեպում, ինչպես նաև պատմության մեջ, առանցքային տեղ է զբաղեցնում ժամանակաշրջանը։ Ժամանակաշրջանով ու տվյալ ժամանակահատվածի ղեկավարների բերած, պարտադրած գաղափարներով է ձևավորվում մարդկանց մտածողությունն ու արժեհամակարգը, իրողությունների և երևույթների նկատմամբ նրանց մտածողությունը, որը հեշտությամբ կարող է փոխվել, նույնիսկ շրջվել, եթե ղեկավարությունն է փոխվում։ Այդ հանգամանքով կարելի է մեկնաբանել փաստը, որ Զակյան ընտանիքի, առհասարակ շատ ընտանիքների զավակներից երկուսին ծնողները միտումնավոր ծանրակշիռ դերակատարում ունեցող տարբեր քաղաքական ճամբարներ են ուղղորդում, տվյալ դեպքում՝ կոմունիստական ու դաշնակցական (հիշենք «Սարոյան եղբայրները»)։ Նպատակը հստակ է․ ցանկացած քաղաքական ճամբարի գերակայության պայմաններում ընտանիքը հենարան կունենա։ Այս պարագայում դրսևորվելը պահանջում է լարախաղացի նրբանկատություն ու ճկունություն։ Հատկանշական է նաև ակնարկը, որ հայրենիքի ու պետության գաղափարը գերակա շահ չեն ճանաչվում, մարդիկ առաջնորդվում են իրենց նեղ ընտանեկան շահերով, որի արդյունքում փաստի առաջ են կանգնում սերունդները, իսկ ծերության շեմին հայտնված ավագ սերնդի ներկայացուցչին այլ բան չի մնում, քան իր կուտակած նյութական միջոցները ուղղել որևէ հայրենանպաստ գաղափարի իրականացմանը՝ սերունդների առաջ ունեցած մեղքի զգացումը փոքր-ինչ փարատելու համար։ Մովսեսը չի լսում նոտարի առաջարկը հսկայական կարողության գոնե կեսը որևէ հարազատի կտակելու առաջարկը։ Նա ափսոսում է այն կտակել նույնիսկ իր ամենասիրելի զարմիկին, քանի որ նա Ավստրալիայում է ապրում, կինը գերմանուհի է, երեխաները՝ խառնածին, իսկ խառնածինների վրա դրված չէ ազգի հարատևությունն ապահովելու գործը։ Ապաշխարելու մղումը պատերազմից հետո Մովսեսի համար առաջնային է դառնում։ Հայրենիքի գաղափարի մասին նա այսպիսի բանաձևում է տալիս․ «Ամենամեծ բռնակալը հայրենքին է, նա այնպիսի բեռ է դնում ուսերիդ, որ ․․․ քո գիտակցության մեջ դու միշտ պարտք ես՝ պիտի զոհաբերես կյանքդ, ժամանակդ, սերերդ, հաճույքներդ, զավակներդ․․․ նա դաժան ճորտատիրոջ պես է՝ թույլ չի տալիս ապրել ուզածիդ նման․․․ բայց, գրողը տանի, առանց դրա, առանց այդ ծանր բռնության դու լիարժեք չես[16]»։ Հարկ է նկատել, որ եթե խորհրդային շրջանում գերիշխող էր հայրենիքի ու հայրենասիրական գաղափարների պաթետիկ դրսևորումները, որի կրողն է ժամանակին եղել նաև Մովսեսը, ապա խորհրդային կարգերի փլուզումից հետո պաթոսն աստիճանաբար զիջում է սառը դատողությանը։
Ժամանակաշրջանով ու կենսապայմաններով է պայմանավորված նաև մարդկանց վարքի և մտածողության դրսևորումը, որոնք երբեմն ծայրահեղ իրողությունների են վերածվում՝ հեղինակի գրչի ներքո դառնալով զվարճալի պատումներ։
Մինչ աղջիկները քննարկում էին հորը՝ Խորենին, ցինկե դագաղով թաղելու միտքը, քանի որ նրա դեմքին նայողը չէր լացի, Մովսեսը ժամանակային հետընդգրկմամբ հիշում է, թե ինչպես է հոր հետ գնացել Լենինի ու Խրիմյան Հայրիկի մահվան դիմակը հանող Մերկուրովի մոտ, որպեսզի նա հանի նաև հոր դիմակը։ Չնայած Խորենը, ի տարբերություն Լենինի ու Խրիմյան Հայրիկի, ողջ էր, սակայն նա համառորեն գնում է Մերկուրովի մոտ, քանի որ վերջինս ծեր էր ու գուցե մինչ իր մեռնելը մահանար՝ չհասցնելով իր լեգենդար ձեռքերով ստեղծել Խորենի մահվան դիմակը։ Օրեր ու շաբաթներ շարունակ չչորացող գիպսն ի վերջո հիստերիայի մեջ է գցում Խորենին՝ պատճառ դառնալով, որ նա հրաժարվի իր նվիրական երազանքից՝ փոխարենը դեմքը վերականգնելու համար դիմելով փորձառու վիրաբույժի։ Նրան այդպես էլ չի հաջողվում վերականգնել նախկին տեսքը, անճանաչելիորեն փոխվում է, իսկ մահը նրան առավել զազրելի տեսք է հաղորդում։ Հեղինակի հմուտ գրչի ներքո այս գրոտեսքային պատմությունը բավականին երգիծական բնույթ է ստանում։
Վեպի հերոսները, ինչպես նաև Սովետում ապրող սովորական աշխատավոր մարդիկ, ապրում են ծանր աշխատանքային առօրյայով, Սովետի թելադրած կենցաղային հոգսերով․ հերոսներն ունակ չեն վեհ ապրումների և զգացմունքների, նրանք անտեսում են սեփական դժբախտությունը, ստորացումը, կենսունակ է ինքնապահպանության բնազդը, գոյատևելու համառ պայքարը։ Անկախության շրջանում նկատելի է որոշակի տեղաշարժ մարդկանց արժեհամակարգի, մտածողության ու վարքի դրսևորումների մեջ։ Մի կողմից տեսնում ենք հանուն հայրենիքի անդամահատված, սայլակի կամ անթացուպի հետ հավերժ ընկերացած, բայց հպարտ ուսերով ու ժպտուն դեմքով երիտասարդների, մյուս կողմից կարդում ենք Մովսեսի բնորոշումն իր ժառանգների մասին, որ ապրում են անկախ Հայաստանում, բայց եսասեր են, շահամոլ, անհամբեր սպասում են հիվանդ հոր վախճանին ու կտակին։ «Իր որդիները երբեք չեն խրվի ռիսկ պարունակող գորխի մեջ, երբեք չեն նվիրվի որևէ գաղափարի․․․ նրանք մեդուզա են՝ կլանում են ու արտաթորում, կլանում են ու արտաթորում․ տիպիկ 21-րդ դարի մարդ՝ միայն սպառող»։ Ապա հեղինակը ավագ որդու մասին Մովսեսի մտքերի միջոցով փորձում է ցույց տալ ժամանակակից սերնդի մտածողության վրա ազդած հանգամանքների շղթան։ «Մեծը ժամանակին ուղեղով երեխա էր, դպրոցից գալիս էր, ասում․
-Մեր պատմության ուսուցչուհին ստախոս ա։
-Ինչի՞,- հարցնում էր ինքը։
-Ամեն դասին հազար հերոսի անուն ա տալիս, բայց մեր երկիրն օր-օրի փոքրանում ա․․․ հերոսի երկիրը եթե չի մեծանում, գոնե չպիտի փոքրանա էլ։
Բայց ինչ-որ բան փոխվեց, իր կարծիքով, նրա մոր հարամ արյունը զոռբայություն արեց։ Հիշեց մեծ տղայի ընդունելության քննությունը համալսարանում, դասախոսները համարյա նույնն էին, ինչ իր սովորելու տարիներին, իսկ նորերը նրան ավելի ակնածանքով էին նայում, որպես մեծ գործչի։ Հարցերի պատասխանները գրել-տվել էին։ Մնում էր միայն արտագրել քննաթերթիկի վրա։ Բայդ կտրվեց․․․ Առաջին էջն արտագրել էր, խելքը չէր հերիքել՝ էջը շրջի ստուգելու համար՝ ուր է տանում տողադարձի գծիկը, ինչ եղավ բառի կեսը։ Եվ այդ կենդանին (նա չէր ուզում անգամ հիշել, որ դա իր արյունն է), այդ կենդանին արհամարհում է իրեն՝ իր հարազատ հորը։ Ի՜նչ ափսոս էր իր արյունը, ահա և քեզ Աստծո պատիժ ասվածը[17]»։ Ժառանգների հոգին Մովսեսը համեմատում է իր պապ մոլլայի՝ գոմում պահած մանուկ կնքելու ավազանի հետ, որի մեջ այնքան էր ներծծվել կեղտը, որ այն անճանաչելի էր դարձել։
Ժամանակային անցումները, հատկապես հետընդգրկումները՝ անալեպսիսները, վեպի կառուցման հիմնական միջոցներից են։ Վեպում անալեպսիսները հանդես են գալիս հիմնականում հիշողությունների ձևով և բաց են․ այն ընդգրկում է գրեթե ողջ տեքստը, և հետընթացը տեղի է ունենում պարբերաբար։ Համավարակի պայմաններում մեկուսացած Մովսեսը հաճախ է ներկան համադրում անցյալի հետ՝ համեմատելով իրավիճակները, հանգամանքներն ու իրողությունները։ «Թոքերից ելնող խզխզոցի և ընդհատ-ընդհատ շնչառության արանքում նա լսում էր խոհանոցից եկող ձայները․ դրանք այնքան բարձր ու հստակ էին, որ․․․ Ինչո՞ւ են ամեն օր գալիս, ինչո՞ւ են նստում խոհանոցում, թող մնան իրենց տներում, վերջում իրենց տեղյակ կպահեն։ Կյանքը միշտ էլ ստահակների օգտին է․ վիրուսը պատճառ է դրանց ներս չգալու։ Գալիս, իրար են հսկում․ դրանցից ամեն մեկը վախենում է, որ իր բացակայությամբ մյուսը հորը կհամոզի, ժառանգությունը քթի տակից կթռցնի․․․ Մովսեսն աչքերը լցրեց։ Նույնիսկ իր հոր վերջին կինը, որի հետ հայրն ընդամենը 10 տարի ապրեց, չոքած էր ամուսնու մահճի մոտ, երբ կասկած կար, որ նա կարող է մեռնել։ Էլ չասած մոր մասին․ տարիներ շարունակ ինքն ամեն օր գործի գնալիս և տուն վերադառնալիս, ինչքան էլ հոգնած ու ծանրաբեռնված է եղել, մտել է մոր մոտ, իսկ վերջին օրերին առհասարակ, քույրերի հետ նրա ննջարանում էր լուսացնում․․․ Էջմիածնի Մայր տաճարի միջոցով մոր բուժման բոլոր դեղերը Ամերիկայից էր բերել տալիս՝ փողը չխնայելով, ինչն էլ դարձավ իրեն շրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնից ազատելու երկրորդ պատճառը։ Իսկ սրա՞նք․․․ իրենց ապերախտ մորն են քաշել[18]»։ Հեղինակի այս նկարագրությունը ցույց է տալիս, որ ժամանակի ընթացքում փոխվել են մարդկանց հարաբերությունների և փոխըմբռնման սկզբունքները, սակայն հարկ է նկատել, որ Մովսեսի խոհերը զավակների ու կնոջ շահախնդիր վարքի մասին որքան արդարացված, այնքան էլ սուբյեկտիվ են, քանի որ վեպի ընթերցման ընթացքում տեսնում ենք, թե ինչպես են մոր ննջարանում օրերով արթուն մնացող քույրերը սառնասրտորեն քննարկում հորը ցինկե դագաղով թաղելու տարբերակը, մեկ այլ դրվագում աղջիկները հոր մահից հետո հորաքրոջ հետ քննարկում են նրա անբարեխիղճ վերաբերմունքն իրենցից յուրաքանչյուրի նկատմամբ։ Հավելենք նաև, որ նոր սերնդի ներկայացուցիչների՝ Մովսեսի ժառանգների հոգեբանության ու մտածողության մասին որոշակի պատկերացում ենք կազմում միայն Մովսեսի խոսքերից․ տպավորություն է, որ հեղինակն ինքն էլ խուսափում է մտնել իր համար գուցե դեռևս ոչ լիարժեք բացահայտված ու հասկանալի մի դաշտ՝ բավարարվելով դրա մասին խոսել միայն ավագ սերնդի ունեցած վերաբերմունքի տեսանկյունից։ Ընդ որում, ավագ ու կրտսեր սերունդների՝ հայրերի ու որդիների փոխհարաբերություններում քննադատական ու կոնֆլիկտային դրսևորումները մշտապես արդիական են։
Վեպում որոշակի դիրքորոշում է արտահայտվում նաև անհատի փառքի ու մեծության գաղափարը նյութականացնելու դեմ։ Զակյան ընտանիքի «վերջին մոհիկանը»՝ Մովսեսը, ոչ մի կերպ չի հաշտվում, որ պատմության հզոր ներկայացուցիչների՝ Նիկոլայի կամ Նապոլեոնի պատկերները դաջված են ոսկյա կուլոնների վրա։ Մովսեսը գիշերը կնոջ պարանոցից թաքուն հանում է ոսկյա կուլոնը, որի վրա դաջված էր Նապոլեոնի գլուխը՝ այն նոտարին հանձնելով հետևյալ խոսքերով․
«-Նապոլեոնը զինվոր է եղել, պետք չէ նրան նվաստացնել՝ կախ տալով ուր պատահի[19]»։
Հատկանշական է, որ Մովսեսն այս «արարողությանն» ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ էր պատրաստվում։ «Մովսեսը հենվեց բազմոցին և ժպտալով փակեց աչքերը, իր ապրած կյանքի մշուշի միջից զննեց ինքն իրեն, ինչպես մեգի մեջ լեռան գագաթը կնայեր սեփական ստորոտին․ ամեն ինչ ցանկալի ավարտին հասցնելու համար մնում էր ընդամենը մի բան, մի փոքրիկ շտրիխ, մի կարևորագույն վրեժ։ Նա փորձեց քնել՝ սպասելով գիշերվան։ Պետք էր քնել, պետք էր գիշերվա համար ուժ հավաքել[20]»։
Մովսեսն իր ժառանգությունը ընտանիքին՝ ժառանգորդին, չի փոխանցում․ նա ո՛չ կնոջը, ո՛չ էլ ժառանգներին չի վստահում․ «Նրանք ո՛չ խելք ունեն, ո՛չ մեղք, նրանց ոչինչ չի սպառնում։ Ավելին, նրանք 2 ոտք ունեն, նրանց մի ոտքն ականի պես խրված չէ իմ ու թշնամու արանքում[21]»։ Մովսեսն իր ունեցվածը նոտարի միջոցով փոխանցում է հաշմանդամ զինվորների ինչ-որ հիմնադրամի։
Մովսեսի միջոցով անցյալի ու ներկայի մտածողությունն ու արժեհամակարգը երկխոսության մեջ դնելով՝ հեղինակը փորձում է ցույց տալ վարքային ու մտածական այն տեղաշարժերը, որոնք տեղի են ունեցել վերջին հարյուր տարիների ընթացքում՝ պատմաքաղաքական հանգամանքներով պայմանավորված։ Անցյալի ու ներկայի զուգորդություններով ու հակադրություններով հեղինակը ստեղծում է բազմապատումային գործ, միջոց է դառնում ներկա բարդ իրողությունների քննարկման, ընկալման և գալիքի նշմարման համար։
Հերոսների կերպարաստեղծումը հեղինակը հիմնականում երկխոսությունների և մենախոսությունների միջոցով է իրականացնում։ Երբեմն մենախոսությունները պատումի ընթացքում ներժանրային անցմամբ էսսեի բնույթ են ստանում։ Էսսեն տալիս է մտքի ազատության ավելի լայն հնարավորություն։ «․․․Եվս մի զինվոր՝ առանց ձախ ոտքի։ Ինչ էլ գեղեցիկ է, իր նման կապույտ աչքերով, բայց սրա մազերը սև են, հորեղբայր Աթամի պես բարձրահասակ է, քայլում է հենակը թևի տակ անշարժացրած։ Հայացքը փախցնելով՝ Մովսեսը քայլեց։ Ի՞նչ էր, Տեր Աստվախ, ի՞նչ էր այդ մարդու անունը, հիշողությունն էր փորփրում։ Հաստատ գիտեր՝ ֆրանսիացի է։ Տե՛ր Աստված, ի՞նչ էր անունը․․․ Ինչ սարսափելի կլիներ կյանքը, եթե մեծերը չգային օգնության, հիմա կհիշի, անունը․․․ ֆրանսիացու․․․ ահա կյանքի սրիկայությունը՝ մարդիկ նույնիսկ մեծերի անունն են մոռանում․․․ անունը․․․ անունը, նա, որ ասել է․ «Պետք էր կտրել այն ձեռքը, որն առաջինը սահման գծեց և ասաց՝ սա իմն է»։ Հետ չէր նայում, նրան թվում էր, թե միոտանի երիտասարդը գալիս է իր հետևից՝ ասֆալտին դաժանորեն դոփելով իր միակ ոտքով։ Մտածեց, որ պատերազմներն էլ մարդկանց պես կենսագրություն ունեն, կյանքի տևողություն, նրանց վերջն ու սկիզբն էլ գրվում են փակագծերում, ինչպես շիրմաքարերին են գրվում մարդկանց ծննդյան ու մահվան թվերը, բայց եթե մարդու դեպքում երկարակեցությունն է գերադասելի, պատերազմները պետք է խեղդել դեռ չծնված, որովհետև, եթե դրանք խեղդամահ չեն արվում մանուկ հասակում, տարիքի հետ դառնում են նենգ ու ծալապակաս, ինչպես զառամյալ ծերերը[22]»։ Ինչպես նկատելի է, Ս․ Հարությունյանը պատումը կառուցում է ոչ միայն ներժանրային խաղարկումների, այլ նաև համեմատությունների և հակադրությունների հիմքով։
Հեղինակը հաճախ տուրք է տալիս հերոսների երևակայությանը՝ այդպիսով ամբողջացնելով կերպարակառուցման իր զինանոցը։ «Մի պահ թվաց՝ հիմա կմեռնի։ Ի՜նչ սարսափելի կլինի փողոցում մեռնելը, երբ հավաքվում են պատահական անցորդները և իրար հարցնում՝ որևէ մեկը ճանաչո՞ւմ է, ո՞վ է, ընկա՞վ, թե՞ խփեցին․․․ և մինչև ոստիկանության գալն ամեն մեկը մահվան իր վարկածն է առաջ քաշում։ Իսկ դու փլված ես գետնին՝ անտարբեր, և, ով գիտի, հոգիդ վերևից զարմացած զննում է աշխարհը[23]»։ Երևակայությունը սերտորեն կապված է անգիտակցականի և ենթագիտակցականի հետ։ Երևակայական գործունեության ֆունկցիան հույզի արտահայտումն է[24]։ Երևակայությամբ պատկերացնելով սեփական մահը՝ հերոսը մատնում է իր վախերն ու հույզերը։
Հատկանշական է, որ, գրելով Սևանի տարածաշրջանի մարդկանց մասին, հեղինակը տուրք չի տվել տարածաշրջանին բնորոշ բարբառային կիրառություններին։ Ինչպես նկատում ենք, հեղինակը հերոսների խոսքը ևս կառուցում է հիմնականում գրական խոսույթի տրամաբանությամբ՝ դրանք երբեմն համեմելով ժողովրդախոսակցական շերտին բնորոշ բառերով ու արտահայտություններով և յուրովի հմտությամբ ստանդարտացնելով պատումի լեզուն։ Որքան էլ տիրապետող լինի գրական լեզուն, հեղինակի շարադրանքում հաճախ նկատելի է լեզվական նորմերի թուլացում, դրանց փոփոխականություն, լեզվական փոփոխությունների ինտենսիվացում։ Ընդ որում, խոսակցական տարրեր հանդիպում են ոչ միայն հերոսների խոսքում՝ որպես նրանց խոսքի առանձնահատկություններ, այլև հեղինակի խոսքում։
«-Մարդն ահագին ծախս ա արել,- նվերները կրողին նայելով՝ եզրակացրեց մոլլան,- հալա՛լ ա։
-Բա հե՞շտ ա հեր դառնալը,- պառավն էդպես էլ սպասում էր,- բայց աչքով ղոչ տղեն տալիս ենք․․․,- նա շրջվեց սեպի սարը, որ մոլլան արցունքները չտեսնի։
Դա էն սարն էր, որի գագաթին շաբաթը մեկ անգամ կանգնում էր Հայկն ու ամբողջ ուժոբ ճչում՝ պոռնի՜կ, և ձորերն արձագանքելով այդ լուրն աշխարհով մեկ ցփնում էին[25]»։
Ոճական նպատակներով հեղինակը երբեմն դիմում է օտարաբանությունների, որոնք խոսքին արտահայտչական երանգ են տալիս։
«-Հավանաբար մերոնց գործերը վատ են,- տեղեկացրեց,- ինտերնետն անջատված է։ Ճիշտ էլ անում են։ Մի երկու ծանոթ կին ունեմ, սոցցանցերում դրանց գրած մեկնաբանություններն ինձ ավելի են զայրացնում, քան պատերազմը։ Մարդիկ կան՝ մինչև անգամ դժբախտությունն էլ օգտագործում են իրենց ցուցադրելու համար․ պատկերացնո՞ւմ ես, մեկն օրը 3 անգամ գրում է․ «Եկե՛ք աղոթենք մեր զինվորների համար»։ Տխմա՛ր, ախր աղոթքն այնքան նեղանձնական, ես կասեի՝ ինտիմ բան է․․․ ի՜նչ անտանելի էքսգիբիցիոնալիզմ[26]»։
Այսպիսով՝ Սուսաննա Հարությունյանի վեպը հարուստ է պատումի թեմատիկ, ներժանրային ու ոճական բազմազանությամբ, ազգային մտածողության հետ սերտորեն առնչվող խորհրդանիշների առատությամբ, կենդանի իրականության և կենդանի հերոսների պատկերներով, արդիական գաղափարական շեշտադրումներով։ Հեղինակը վեպում համադրել ու սինթեզել է ժամանակակից բանարվեստի գեղաձևումների միջոցներն ու հնարները և ժողովրդական գիտակցությունը, որով էլ պայմանավորված է վեպի արդիականությունը։ Ակնհայտ է, որ վերջին հարյուրամյա պատմությունը շարադրելու, հայտնի պատմական անցքերի մասին վերստին գրելու հեղինակի նպատակն այն է, որ դա ավելի խոր ձևով լույս սփռի այն ամենի վրա, ինչը մեր օրերում է տեղի ունենում։
Հասմիկ Հակոբյան
[1] Ս. Գրիգորյան, Բանասիրություն և բանավեճ (հոդվածների ժողովածու), Ե., «Զանգակ-97», 2002։
[2] Քալանթարյան Ժ․, Մի քանի դիտարկումներ արդի հայ պատմվածքի ներժանրային բազմազանության վերաբերյալ, Գրական թերթ, 14․ 02․ 2015/ https://www.grakantert.am/archives/6531
[3] Տե՛ս Головина, Е. В. Особенности женского романа как жанра литературы [Электронный ресурс] / Головина Е. В. // Молодой ученый,2017. - № 2 (136). - С. 732-734․
[4] Հարությունյան Սուսաննա, Անդրանիկի վերջին ձին, Եր․, Newmag, 2023, 292 էջ, էջ 281։
[5] Նույն տեղում, էջ 285։
[6] Տե՛ս Ю.М. Лотман. «Символ в системе культуры», Избранные статьи. Т. 1. – Таллинн, 1992. – С. 191–199․
[7] «Զոդ» օպերացիայի մասին մանրամասն այստեղ՝ https://newmag.am/book/operation-zod
[8] Հարությունյան Սուսաննա, Անդրանիկի վերջին ձին, Եր․, Newmag, 2023, 292 էջ, էջ 56։
[9] Նույն տեղում, էջ 57։
[10] Նույն տեղում, էջ 205։
[11] Նույն տեղում, էջ 46։
[12] Նույն տեղում, էջ 152։
[13] Նույն տեղում, էջ 231։
[14] Նույն տեղում, էջ 100։
[15] Նույն տեղում, էջ 287։
[16] Նույն տեղում, էջ 286։
[17] Նույն տեղում, էջ 268։
[18] Նույն տեղում, էջ 220։
[19] Նույն տեղում, էջ 289։
[20] Նույն տեղում, էջ 287։
[21] Նույն տեղում, էջ 286։
[22] Նույն տեղում, էջ 284։
[23] Նույն տեղում։
[24] Քոլլինգվուդ Ռ. Ջ., Արվեստի հիմունքները, Եր., 2007, էջ 280:
[25] Նույն տեղում, էջ 70։
[26] Նույն տեղում, էջ 262։
- Created on .
- Hits: 2095