ՄՈԳԱԿԱՆ ՌԵԱԼԻԶՄԻ ՏԱՐՐԵՐԸ ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՏՈՒՆԸ, ՈՐՈՒՄ…» ՎԵՊՈՒՄ

 2010 թվականին Մարիամ Պետրոսյանի «Տունը, որում…» վեպն արժանացել է «Ուսանողական Բուկեր» («Студенческий Букер») մրցանակի «ժանրերի հմուտ միահյուսման, ոճի պարզության և գեղարվեստական միջոցների անսովորության» համար: Հմտորեն միահյուսելով ֆանտաստիկ տարրերն ու առօրյա դրվագները՝ հեղինակը կարողացել է ստեղծել մի ստեղծագործություն, որի ժանրային պատկանելության հարցը դեռևս առկախ է:

 Խուսափելով վեպին ժանրային հստակ բնորոշում տալուց՝ մենք ստեղծագործությունից դուրս ենք հանել մոգական ռեալիզմին բնորոշ տարրերը՝ ցույց տալու նրա մասամբ պատկանելությունը նաև մոգական ռեալիզմի ավանդույթներին:

 Մոգական ռեալիզմին առաջնահերթ բնորոշ է տարածության և ժամանակի խեղվածությունը՝ ինքնամփոփ տարածություն, մեկուսացվածություն, ցիկլային կամ ընդհատված ժամանակ, կրկնության և միօրինակության զգացում: Հատկանշական է, որ «Տունը, որում…» վեպի հերոսների պատկերացումները ժամանակի մասին շատ յուրահատուկ են: Տաբակին և Սֆինքսն այսպես են ձևակերպում ժամանակի իրենց ընկալումը. «Ժամանակը գետի պես չի հոսում…Այն ջրի վրա տարածվող շրջանների է նման: Ամեն շրջանում կրկնվում են հին պատմությունները՝ քիչ փոփոխված, բայց ոչ ոք դա չի նկատում: Ոչ ոք դրանք չի ճանաչում: Ընդունված է կարծել, որ քո ժամանակը նոփ-նոր է, նոր կարված: Իսկ բնության մեջ միշտ կրկնվում է միևնույն նախշը: Շատ չեն,այդ նախշերը» (էջ 771): Նրանց պատկերացմամբ՝ մարդիկ, իրադարձություններն ու երևույթները կրկնվում են, ամեն ինչ շրջանների մեջ է: Անցնելով շրջանը մինչև վերջ կամ ընդհատելով այն՝ հնարավոր է կանգնել այն կետում, որտեղից ամեն ինչ սկսվել է: Տան պատերի ներսում ժամանակը կրում է ցիկլային բնույթ: «Ժամանակը Տանն այնպես չի հոսում, ինչպես Արտաքսում: Դա չեն բարձրաձայնում, բայց ոմանք հասցնում են երկու կյանք ապրել և ծերանալ, մինչդեռ մյուսի համար մի խղճուկ ամիս է անցնում» (էջ 801):

 Ժամանակի ամենաակնհայտ խախտումը տեսնում ենք «Ամենաերկար գիշերը» կոչվող գլխում: Գիշերն իրավամբ ամենաերկարն էր: «Ժամանակին ինչ-որ բան է պատահել» (էջ 581), - ասում է Ռալֆը: Նա նկատում է, որ իր ձեռքի և պատի ժամացույցների սլաքները դանդաղ են շարժվում: Նա հստակ հիշում է՝ որտեղ և որքան է գտնվել. մինչ իրադարձությունների կատարվելը ժամը 1:45 էր, իսկ մի շարք դեպքերից հետո՝ ընդամենը 1:59, ինչն ուղղակի անհնար է: Ժամանակը ճեղք է տվել: Այդ գիշերվա սարսափելի դեպքերից հետո բոլորն անհամբեր սպասում են լուսանալուն: «Ժամով արդեն առավոտ է, բայց Տունը չգիտի այդ մասին կամ չի ցանկանում իմանալ» (էջ 585): Ժամանակի ընթացքը վերականգնվում է Սևի բղավոցով, երբ նա ուղղակի անկարող է այլևս դիմանալ: Այսինքն՝ ժամանակն անհայտ մոգությամբ կանգ է առնում, ապա նորից շարունակում ընթացքը:

 Տունն ունի նաև Ժամանակի Տիրակալ: Եվ դա Տաբակին է, ով չի մեծանում արտաքնապես, միշտ 14-ամյա պատանին է, սակայն այդ փոքրամարմին պատանու ներսում ապրում է դարավոր մի ծերուկ, երբեմն գլուխ բարձրացնում և տարածաժամանակային տեղաշարժեր կատարում՝ տղայի ընկերներին տեղափոխելով անցյալ և իրականացնելով նրանց ամենանվիրական երազանքը: Այդպիսի տեղաշարժ են ապրում մի քանի հերոսներ: Գիշակերը ավարտից հետո նորից արթնանում է երեխա և երջանիկ՝ վերադառնալով Տուն, երբ եղբայրը դեռ ողջ է: Վեպի ամբողջ ընթացքում մենք տեսնում են սգավոր Գիշակերին, որ միշտ զգում է մահացած երկվորյակի ներկայությունը, և ահա կատարվում է երազանքը:

 Շրջան է կատարում Տաբակին՝ դառնալով Գարշահոտ ու դիմավորելով Տուն նոր եկած Մորեխին: Տաբակին գոյություն չունի Տնից դուրս: Ուստի ավարտից հետո նրա ժամանակային շրջանը վերջանում է, և նա հայտնվում է ամենասկզբում:

 Սֆինքսը ընդհատում է Կույրի շղթան՝ դուրս քաշելով ժամանակի հոսքից և կանխելով Տանը հայտնվելը:

 Վերը թվարկված երևույթները ցույց են տալիս, որ ստեղծագործության ժամանակային հոսքը ընթանում է խախտումներով, ընդհատումներով, ինչը բնորոշ է մոգական ռեալիզմին:

 Ժամանակից բացի՝ կա նաև տարածության հարց: Ինչպես նշվել է՝ Տունը մեկուսացված է, և արտաքին աշխարհի հետ կապը հասցված է նվազագույնի: Այս երկու բևեռների՝ Տան և Արտաքսի արանքում գոյություն ունի նաև միջանկյալ 2 տարածություն: Առաջինն Անտառն է: Այն մոգական է, համարվում է Տան մի մասը, բայց հայտնվում ու բացվում է միայն ընտրյալների համար: Շատերի երազանքն ու նպատակն է այնտեղ հայտնվելը: Մյուս միջանկյալ տարածությունն անվանում են «այն կողմ», «մյուս կողմ»: Այն բացվում է միայն Թռչող/Ցատկողներին: Մյուսները դրա մասին պատկերացում չունեն: «Այն կողմը» մի տարօրինակ վայր է, որտեղ կույրերը կարող են տեսնել, հաշմանդամները՝ զգալ երբևէ չունեցած անդամը: Այս հրաշքի հետ մեկտեղ «այն կողմը» վտանգավոր է, այնտեղ հայտնվողները կարող են դաժանաբար մահանալ: Այն ավելի շատ այլընտրանքային իրականություն է:

 Տունն, Անտառն ու Այն կողմը ստեղծում են մոգական ու մեկուսացված մի տարածություն, որը միաժամանակ և՛ կա, և՛ չկա մեր իրականության մեջ:

 Ուշագրավ են վեպում հանդիպող բանահյուսական տարրերը: Վեպում հիշատակվում են «սև անտառի վասիլիսկները» (էջ 119) և մի գեղեցիկ ձու, որը պետք է սրտի մոտ պահել, մինչև «նրա» ծնվելը (էջ 927): Ինչպես գիտենք՝ վասիլիսկն ընկալվում է որպես միֆական թունավոր օձ, որ ծնվում է իբիս թռչնի ձվից: Հենց այս միֆական օձերն էլ, որպես բանահյուսական, հետևաբար՝ նաև մոգական ռեալիզմին բնորոշ տարր, ընդլայնում են վեպի գեղարվեստականությունը: Նույն գործառույթն է կատարում նաև Կույրի ընկեր Արախնա սարդը, որի համար նա շվի է նվագում տանիքում: Իսկ Արախնան հին հունական միֆերից մեզ հայտնի է որպես Աթենաս-Պալլասի դեմ ըմբոստացած և դրա համար անիծված ու սարդի վերածված մի կին-դերձակ: Բանահյուսական մյուս տարրը կապում ենք Առնետի կերպարի հետ: Անտառում նա հանդես է գալիս որպես Սաարա և ապրում է ճահճում (էջ 567): Այստեղ նրա անունը համահունչ է աստվածաշնչյան Սարրային՝ Աբրահամի կնոջը, հրեա ժողովրդի 4 նախամայրերից առաջինին: Պետք է նկատել, որ Արտաքսում Առնետը ընտանիքների է հանձնում Անգիտակիցներին, որոնք արդեն կերպափոխվել էին մինչև 3 տարեկան երեխաների (էջ 941-945): Նախամոր կերպարի յուրահատուկ զուգահեռներ: Բանահյուսական այս տարրերը մեզ հուշում են մոգական ռեալիզմի ավանդույթների առկայությունը:

 Մոգական ռեալիզմին բնորոշ է նաև պատկեր-խորհրդանիշների առկայությունը: Դա ենք տեսնում այն դրվագում, երբ Ռալֆը տեղեկություններ է որոնում Տան միջանցքի պատերին: Վեպում պատկեր-խորհրդանիշները երեքն են՝ կատու – Սֆինքս, եռանկյուն – Սև, աչքով պարույր – Կույր: Այս խորհրդանիշները հայտնի են Տան բոլոր անդամներին և փոխարինում են բառերը:

 Մակեդոնացուն վերաբերող բաց վերջաբանը ևս մոգական ռեալիզմի լավագույն բնորոշումներից է: Անհայտ է, թե ինչ է լինում նրա հետ:

 Ընթեցողի ուշադրությունը շեղելուն և մոգական մթնոլորտ ստեղծելուն են ուղղված պատմողի շեղումները՝ առաջին դեմքից անցնելով երրորդին և հակառակը: Սրանք առկա են Սֆինքսի գլուխներից մեկում: Այն սկսվում է երրորդ դեմքով՝ «Սֆինքսը երազներ է տեսնում, որտեղ Տունը ճաքում է» (էջ 845), և երկու էջ հետո՝ «Նայում եմ լապտերներին, որ առաստաղից է կախել Կուզիկը» (էջ 847):

 Հատկանշական է, որ սաների անկառավարելի վախն ավարտից հենց պատճառա-հետևանքային կապի խախտում է՝ որպես հետևանք նրանց հոգեվիճակն է, իսկ պատճառն ավարտն է, որ դեռ տեղի չի ունեցել: Սա մոգական ռեալիզմին բնորոշ հնարքներից է:

 Պետք է նկատի ունենալ, որ վեպում շատ դրվագներ անիրական են, ինչպես նաև չեն բացատրվում, մեկնաբանվում, և դա ընդունվում է որպես հասարակ երևույթ՝ զարմանք ու տրամաբանության որոնում չառաջացնելով: Այդպես է Ցատկող/Թռչող հերոսների դեպքում: Թվում է՝ նրանք հայտնվում են այլընտրանքային իրականությունում, սակայն նրանց ֆիզիկական անհայտացումը ոչ ոքի զարմանալի ու անհավանական չի թվում: Այդուհանդերձ, հեղինակը, ինչպես բնորոշ է մոգական ռեալիզմին, կարողացել է վերացնել իրական-անիրականի սահմանը: Ահա Դարձորյակ Կույրը, որ անհասկանալի է՝ իրոք կերպափոխվել է, թե այդպես է իրեն զգում: «Նա չէր զգում ոտքերը, դրանք կարծես ուրիշինը լինեին և տարբեր կողմեր էին ծալվում, կարծես ռետինե լինեին:…Դրանք կարծես երկուսից ավելի էին» (էջ 143): Մոգական ու անբացատրելի են նաև Կույր-Դարձորյակի և Սաարայի հանդիպումները, երբ Կույրն իր արյունն է տալիս, միայն թե լսի երաժշտությունը: Անհավանական է Կույրի նվագից Արախնա սարդի՝ իր չափսերը փոխելը:

 Մեկ այլ տեղ վերանում է իրականության և մոգականի սահմանը, երբ Ռալֆը զրուցում է Շների հետ, և զգում, որ պատերը շարժվում են՝ «ցանցով հավաքված մարզասրահի լամպերի դեղին լույս, հատակի շրջանաձև քսված կանաչ ներկը, բղավոց… Մութ մարմինը շարժվում է հատակին՝ արյուն շաղ տալով» (էջ 300): Այս տեսիլքի միջոցով նա կռահում է կատարվածը: Բայց ինպե՞ս է նա դա տեսնում, երբ Շները լռում են, չեն պատմում ոչինչ:

 Ահա տեսնում ենք, թե ինչպես է գետի ափին հայտնվում մեծ փիղ՝ գծավոր գիշերազգեստով, որ փախել է տերերից, և անհնար է հասկանալ՝ դա Թռչունների խմբի անգիտակից Փիղն է, թե իսկական կենդանին: Տաբակին վերածվում է չզարգացած բորենու՝ ծաղկաթերթիկ-թևիկներով, Մակեդոնացին՝ վերքերով պատված և շղթայված հրեշտակի: Եվ այս ամենը իրական, առօրյա դրվագներում: Կույրը դաստիարակներից մեկին տեղափոխում է երազ, որտեղ նա դառնում է փոքրիկ աղջնակ, և դա ներկայացվում ու ընկալվում է այնպիսի հանգստությամբ, կարծես ոչ մի արտառոց բան չկա:

 Մեզ համար անտրամաբանական են Մակեդոնացու՝ վիշապ դառնալն ու պատուհանից դուրս թռչելը, Սֆինքսի ու Կույրի հայտնվելը «այն կողմում», որտեղ առաջինը ձեռքեր ունի, իսկ երկրորդը տեսնում է: Հերոսների պատմած հեքիաթ-վերապրումները սահմանային են՝ ո՛չ հեքիաթային են, ո՛չ իրական:

 Անբացատրելի է, թե ինչպես են մտավոր խնդիրներ ունեցող սաները ավարտից հետո դառնում մինչև 3 տարեկան երեխաներ: Ավերակ Տուն այցելելիս Սֆինքսը տեսնում է մի կանգուն պատ, որի վրա են բոլոր կարևոր նկարները, սակայն գիտի՝ դրանք տարբեր տեղերում են գտնվել:

 Այս անիրական ու չբացատրվող, տրամաբանությունից դուրս գտնվող դրվագներով վեպը մոտենում է մոգական ռեալիզմի ավանդույթներին:

Մարի Ռաֆյան
——————————

Петросян М., «Дом, в котором…», Гаятри/Livebook հրատ., 2017 թ., 968 էջ
Шаршун С. Магический реализм, 1932
  • Created on .
  • Hits: 2509

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: