Шаблоны Joomla 3 тут

«ՄՏԱՑԱԾԻՆԻ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԽԱՂԸ ԴԱՆԻԵԼ ՔԵԼՄԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Ստեղծվել է՝ Ուրբաթ, 31 Մարտ 2017 Հեղինակ՝ cultural
Աստղիկ Սարիբեկյան

Սույն հոդվածով մենք կփորձենք վերհանել Դանիել Քելմանի ստեղծագործությանը բնորոշ ընդհանուր առանձնահատկությունները` մասնավորապես նրա բոլոր երկերում վառ արտահայտված, զարմանալի վարպետությամբ կիրառված և նրա գրական ստեղծագործության անբաժանելի մասը դարձած մտացածինի և իրականության միջև խաղը: «Ես ինձ չեմ համարում ավանդական պատմող: Իմ յուրաքանչյուր վեպում ես փորձել եմ ստեղծել մի նոր բան, ինչը համարում եմ էքսպերիմենտ: Ինչպես, օրինակ, իմ առաջին՝ «Բերհոլմի երևակայությունը» (“Beerholms Vorstellung”) վեպում առկա է առաջին դեմքով պատմողը («ես-պատմողը»), որը վերջում մահանում է, իսկ «Ես և Կամինսկին» (“Ich und Kaminski”) վեպում` ոչ համակրելի առաջին դեմքով պատմողը, որը բացառում է ցանկացած նույնականացում հեղինակի հետ»[1]: Անհրաժեշտ է նշել, որ Քելմանի հաջորդ ստեղծագործություններում արդեն բացակայում է առաջին դեմքով պատմողը, քանի որ հեղինակի պնդմամբ՝ իդեալական պատմել հնարավոր է միայն առանց «ես»-ի[2]: Այստեղ ակնհայտ երևում է Քելմանի ստեղծագործության մեջ «ես-պատմողի» աստիճանական զարգացումը, մասնավորապես այն, թե ինչպես է «ես»-ը կառուցում իր սեփական անցյալը և նա դա անում է Քելմանի այն վեպերում, որոնք, որպես կանոն, սկսվում են ավանդական ձևով, ապա սահուն կերպով վերածվում են նույնականացման մոլորեցնող խաբկանքի, երբ մեկտեղվում են իրականությունը և իրականությունից անդին գտնվող իրավիճակները:

Դանիել Քելմանի ստեղծագործություններում ակնհայտ է լատինամերիկյան գրողների ազդեցությունը, հատկապես այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Բորխեսը, Մարկեսը, Կորտասարը և Վարգաս Լյոսան: Հատկանշական է նաև, որ նշյալ ազդեցությունը նկատելի է նաև Քելմանի որոշ ստեղծագործությունների հերոսների, ընդ որում, ոչ գլխավոր, անվանումներից: Այսպես, օրինակ, իր ամենահայտնի «Աշխարհի չափագրումը» (“Die Vermessung der Welt”) վեպում Ալեքսանդր Հումբոլդտի թիավարների անուններն են` Կառլոս (ֆուենտես), Գաբրիել (Գարսիա Մարկես), Մարիո (Վարգաս Լյոսա) և Խուլիո (Կորտասար): Այս հնարամիտ խաղի միջոցով Քելմանը մատնանշում է գրականության մեջ իր սիրելի հեղինակներին՝ միաժամանակ ցույց տալով, թե որ տիպի գրականությանն են հարում իր ստեղծագործությունները:

Քելմանի առաջին վեպի («Բերհոլմի երևակայությունը») և, առհասարակ, նրա ողջ ստեղծագործության համար clavis interpretandi[3] կարող է համարվել արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսի բանաստեղծություններից մեկը: Խոսքը Բորխեսի «Շախմատ» (“Ajedrez”)[4] բանաստեղծության մասին է, որը, իրավամբ, մեծ ազդեցություն է թողել Քելմանի ստեղծագործության վրա և առանձնանում է իր հիերարխիկ կառուցվածքով, որտեղ ոչ ոք չի կարող վստահաբար նշել՝ արդյոք հերոսը խաղացողն է, թե գլխավոր կերպարը, գուցե և երկուսը միասին: Բորխեսը նշում է. «Խաղացողը նույնպես գերի է»[5]: Ահա այս մոտեցումն է բնորոշ Քելմանի կողմից մինչ այժմ գրված բոլոր ստեղծագործություններին, որոնց ուսումնասիրության ընթացքում անմիջապես առաջանում է այն հարցը, թե ով է խաղացողը, հերոսը կամ գլխավոր կերպարը: Հատկապես ընթերցողի համար բավական դժվար է որոշել, թե ինչ խաղ է իրականացվում հենց իր` ընթերցողի հետ: Հենց այստեղ է, մեր կարծիքով, վեր հառնում Քելմանի ստեղծագործության ողջ հմայքը:

Քելմանի ստեղծագործությանը բնորոշ են խաղը թվացյալի և իրականի, մտացածինի, երազի և իրականության միջև, ինչպես նաև ընթերցողին իր կարդացածի հանդեպ անվստահություն ներշնչելը, կասկածների ենթարկելը: Քելմանի հերոսները դառնում են իրականության զոհը, դառնում են իրենք իրենց համար անիրական: Ավստրիացի գրաքննադատ Հելմութ Գոլները նշում է, որ Քելմանը հետևողականորեն մշակում և զարգացնում է բանականության վրա հիմնված պատմելաձևը, որն ընթերցողին դարձնում է իր զոհը: Ընթերցողն ակնհայտորեն մոլորվում է հատկապես «Ամենահեռավոր վայրը» (“Der fernste Ort”) վեպում, որը ծավալով փոքր է, սակայն պատմողական տեխնիկայի առումով արտասովոր մի պատմություն է, որի գլխավոր հերոսը` Յուլիանը, ըստ երևույթին, խեղդվում է ջրում, և դրանից հետո փորձում է, իբրև արդեն մահացած մարդ, անհետանալ իր և այլոց կյանքից: Այստեղ անհավատալի վարպետությամբ Քելմանն այնպես է մոլորեցնում ընթերցողին, որ վերջինս այլևս չի կարողանում կողմնորոշվել և հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իրականում, «նա հայտնվում է խավար և անտեսանելի մի ճանապարհի վրա, որը վտանգավոր է, բայց միևնույն ժամանակ գրավիչ»[6]: Կրկին հայտնվում ենք իրականի և անիրականի միջև առկա լարվածության դաշտում՝ այդպես էլ չհասկանալով, թե իրականում ինչ է տեղի ունեցել գլխավոր հերոսի հետ:

Այս վեպը գրաքննադատության մեջ սկզբում կատարելապես սխալ ընկալվեց, քանի որ այն բնորոշվեց իբրև լիովին ռեալիստական վեպ: Սակայն Քելմանն այս ստեղծագործությունը գրել է գիտակցաբար` մեզ միտումնավոր դարձնելով իր գրքի գերին, քանի որ, մյուս կողմից, «իրականությունը մինչև վերջ չի դադարում գոյություն ունենալ»[7]: Քելմանը հնարամտորեն է աշխատում լեյտմոտիվային սիմվոլների հետ` հայելիներ, ակնոցներ, գնացքներ, ժամանակ առ ժամանակ հայտնվում են նաև ուրվականներ, անորոշ դեժավյուներ և այլն: Այստեղ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Քելմանի գրեթե բոլոր երկերում առկա հայելու սիմվոլին, որը գերմանական գրականության մեջ ամենատարածված սիմվոլն է` հատկապես ռոմանտիկների մոտ: Ըստ գրականագետ Յոախիմ Ռիկեսի` նաև եվրոպական և հարավամերիկյան պոստմոդեռնիստական գրականությունն է ինտենսիվորեն օգտագործում այս սիմվոլը[8]: Սակայն Քելմանի դեպքում հայելիների մոտիվը դարձյալ մատնանշում է նրա նախապատվությունը լատինամերիկյան գրականության հանդեպ, քանի որ վերջինիս մեջ հայելին, լաբիրինթոսը խորհրդանշելուց զատ, ամենակարևոր կրկնվող էլեմենտներից է: «Ամենահեռավոր վայրը» վեպում հայելու մեջ իր սեփական պատկերից անհատի վախը պարադիգմատիկ ձևով արտահայտված է նաև Բորխեսի «Հայելիներ» (“Los Espejos”[9]) բանաստեղծության մեջ: Քելմանի մյուս գործերում` «Մալերի ժամանակը» (“Mahlers Zeit”), «Ես և Կամինսկին», «Աշխարհի չափագրումը», նույնպես տեսանելի են իրականի և անիրականի բախումը, նաև սիմվոլներ, ինչպիսիք են հրեշներ, ոգիներ, թռչող ափսեներ և այլն: Այս գործերում մեծապես կարևորվում է երազայինը և մղջավանջը, երբ ամեն մի ստեղծվող իրավիճակ ունի անսահմանափակ քանակությամբ այլընտրանքներ: Այս յուրահատուկ խաղը, իրականության ու պատրանքի այս գեղեցիկ սիմբիոզը ստեղծում է իր ուրույն ռիթմը և ներդաշնակությունը, բացում է անհայտ դռներ՝ միաժամանակ դնելով ավելի շատ հարցականներ:

Այժմ անդրադառնանք Քելմանի «Փառք» (“Ruhm”) վեպին, որն առանձնանում է իր կառուցվածքով և ավստրիացի գրող Լեո Փերութցի «Գիշերը քարե կամրջի տակ» (1953թ.) վեպից հետո գերմանալեզու գրականության մեջ միակ գիրքն է նմանատիպ կառուցվածքով: Գիրքը բաղկացած է ինը, առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեցող պատմություններից, որոնցում չկա գլխավոր հերոս, չկա մեկ ամբողջական գործողություն: Յուրաքանչյուր պատմություն, բացի վերջին պատմությունից, բաղկացած է առանձին գործողություններից, և միմյանց հետ դրանք կապվում են միայն առանձին կերպարների միջոցով, որոնք էլ, իրենց հերթին, տարբեր գլուխներում հանդես են գալիս որպես գլխավոր կամ երկրորդական կերպարներ, կամ որոնց անունները պարզապես հպանցիկ նշվում են: Հետաքրքրական է նաև այն, որ նախորդ պատմության գլխավոր հերոսները հաջորդ պատմության մեջ դառնում են երկրորդական կերպարներ: Այստեղ նույնպես տեսնում ենք այսպես կոչված «կոտրված ռեալիզմը» (“der gebrochene Realismus”)[10]: Երկու աշխարհների միջև սահմանը դառնում է թափանցիկ, և այլևս անհնար է դառնում հասկանալ, թե ինչն է իրական, ինչը` երազ: Այսինքն` կարող ենք ասել, որ Քելմանը պատմում է` մեզ` ընթերցողներիս, անընդհատ անվստահության մեջ պահելով (գերմանալեզու գրականագիտական վերլուծության մեջ այս երևույթն ստացել է ''unzuverlässiges Erzählen''` «անվստահելի պատում» անվանումը): Այսպես, օրինակ, վերոնշյալ «Ամենահեռավոր վայրը» վեպում հերոսը` Յուլիանը, չի խոստովանում, որ այն ամենն, ինչ պատմվում է իր կողմից, իրականում հերոսի մահանալու պահին նրա հալյուցինացիոն պատկերացումներն են: Ամեն ինչ կատարվում է իրական միջավայրում, բայց այդպիսի կերպարը խախտում է իրական աշխարհի կանոնները: «Գրականությունն ամենագրավիչն ինձ համար միշտ եղել է այն ժամանակ, երբ այն խախտել է ոչ թե շարադասության կանոնները, այլ՝ իրականության: Հենց դա էլ ես մշտապես փորձել եմ անել»[11]:

Պետք է նշել, որ գրաքննադատությունը ոչ միշտ է ճիշտ ընկալում այսպես կոչված «ընթերցողին անվստահության մեջ գցող պատումը»: Քելմանը նշում է.

«Իմ վեպերում մշտապես առկա է խաղը իրականության հետ, դրանցում խոսքը իրականությունը կոտրելու մասին է: Եվ ես բաց տեքստով ասում եմ, որ ինձ` որպես գրողի, շատ է վշտացնում այն փաստը, որ Գերմանիայում այս երևույթը պարզապես չեն հասկանում»[12]:

Քելմանի կարծիքով` պատմողը, գրողը վիրահատում է իրականությունը` ձգտելով ուղղել իր պատկերացմամբ արդեն գոյություն ունեցող իրականությունը և ստեղծում է երկրորդը` իր սեփականը: Քելմանը հորինում է իր հերոսներին և նրանց պատմությունը և ընթերցողին ստիպում է հայտնվել նրանց փոխարեն: Որպես կանոն՝ նրա հերոսները ծայրահեղ կերպարներ են` կամ ծայրաստիճան մակերեսային և ունայն, ինչպես «Ես և Կամինսկին» վեպում, կամ չափազանց խելացի, հարուստ ներաշխարհով և վեհ արժեքների ձգտող, ինչպես «Մալերի ժամանակը» վեպում: Քելմանի հերոսներն ապրում են մի իրականության մեջ, որը մեզ ծանոթ է թվում, սակայն նրանք միաժամանակ բախվում են այդ իրականության սահմաններին: Այսպես, օրինակ, «Բերհոլմի երևակայությունը» վեպում հերոսին միանգամից թվում է, թե ինքն ունակ է կախարդելու, մոգական հնարքներ անելու, «Մալերի ժամանակում» երիտասարդ գիտնականը համոզված է, որ հայտնաբերել է մի բանաձև, որի միջոցով հնարավոր է կանգնեցնել ժամանակը, իսկ «Փառք» վեպում Քելմանը շատ է սրում իրականությունը` ամբողջովին միախառնելով մտացածինը և մտացածինի արդյունքում ծնվածը:

Վլադիմիր Նաբոկովի նման Քելմանը նույնպես «փնտրում է այն սարսուռը, որի հետևանքով ցցվում են ծոծրակի մազերը, և որը թիակների միջով անցնում է ողնաշարի վրայով»[13]: Նաբոկովը Քելմանին սովորեցնում է, որ գրականության պատմությունն այն ունակության էվոլյուցիան է, որը թույլ է տալիս տեսնել այն, ինչն այդ կերպ դեռ ոչ ոք չի տեսել: Սա ևս առանձնացնում է Քելմանին իր սերնդակից գրողներից:

Ժամանակակից գերմանալեզու գրականության ամենահաջողակ գրողներից մեկը մտացածինի և իրականության, պատրանքաստեղծ ուժի և պատմելու արվեստի միջև խաղն ակնհայտորեն դարձրել է իր ստեղծագործության հիմնական առանձնահատկություններից մեկը, ինչը նրա երկերը դարձնում է մետաֆիկցիոնալ պատումի վերլուծության արժանի նյութ:

--------------------------
[1] Frankfurter Allgemeine Zeitung: ''Ich wollte schreiben wie ein verrückt gewordener Historiker'', 09.02.2006.
[2] Gollner, Helmut: “Die Wahrheit lügen. Die Renaissance des Erzählens in der jungen österreichischen Literatur”.    „Erzählen ist im Idealfall Ich-los“, Studien Verlag, Innsbruck, Wien, Bozen, 2005,  էջ 33:
[3] Rickes, Joachim: „Daniel Kehlmann und die lateinamerikanische Literatur“, Königshausen und Neumann Verlag, Würzburg, 2012. էջ 27:
[4] Jorge Luis Borges: „El hacedor“. Alianza editorial, Buenos Aires, 1960, էջ23:
[5] Ebd. էջ24:
[6] Gollner, Helmut: “Die Wahrheit lügen. Die Renaissance des Erzählens in der jungen österreichischen Literatur”, Studien Verlag, Innsbruck, Wien, Bozen, 2005, էջ 36:
[7] Gollner, Helmut: “Das Leben ein Traum. Daniel Kehlmann macht in seinem neuen Roman “Der fernste Ort” Ernst mit der Außerkraftsetzung der Wirklichkeit”. Innsbruck, 2006, էջ 2:
[8] Rickes, Joachim: „Daniel Kehlmann und die lateinamerikanische Literatur“, Königshausen und Neumann Verlag, Würzburg, 2012, էջ 51:
[9]Jorge Luis Borges:„El hacedor“.Alianza editorial, Buenos Aires,1960, էջ24:
[10] Bareis, Alexander, Frank, Thomas: “Metafiktion. Analysen zur deutschsprachigen Gegenwartsliteratur“. Kulturverlag Kadmos, Berlin, 2010, էջ 250:
[11] Kehlmann, Daniel: “Diese sehr ernsten Scherze. Poetikvorlesungen”. Wallstein Verlag, Göttingen, 2007, էջ 15:
[12] Ebd., էջ 16:
[13] Gasser, Markus: “Das Königreich im Meer, Daniel Kehlmanns Geheimnis”. Rowohlt Taschenbuch Verlag, Reinbek bei Hamburg. 2010, էջ 21:
Դիտումներ: 1845